ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

Կայացավ «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը։ Արդեն 29-րդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության շնորհիվ Միությունը գնահատում և խրախուսման է արժանացնում մշակույթի և գիտության տարբեր բնագավառների լավագույններին։

Այս տարի մրցանակ հանձնվեց 4 անվանակարգում՝ Գրականություն, Հայագիտություն, Կերպարվեստ և Դեկորատիվ-կիրառական արվեստ։ Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել շուրջ 55 մասնակից. հանձնաժողովն ընտրել է դրանցից լավագույններին: Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնեց մրցութային հանձնաժողովների նախագահներին՝ անաչառ ընտրության համար: Ռուբեն Միրզախանյանն իր խոսքում նշեց, որ հատկապես այս օրերին պետք է մշակույթն արժևորել, ստեղծագործել, պահպանել ազգայինը, ազգային կրթությունն ու դպրոցը հենց այդ ձգտումներին է միտված «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունը։

«Առաջին անգամ «Գրականություն» անվանակարգը կոչվեց անվանի գրականագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Երվանդ Ազատյանի անունով։ Խորհրդանշական է Երվանդ Ազատյանի անմիջական ջանքերով է կայացել «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունը և դարձել ամենամյա»,-նշեց Ռուբեն Միրզախանյանն ու շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ի և Կանադայի Թեքեյան միությանը. «Շաքե Ղազարյան-Թեքեյան» հիմնադրամն ապահովում է մրցանակաբաշխության նաև նյութական կողմը։

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր անվանակարգում հաղթողն ստանում է 1500 դոլարին համարժեք դրամ։

«Գրականություն» անվանակարգում մրցանակը շնորհվեց Նորայր Ադալյանին՝ «Էմբրիոն» վիպակների ժողովածուի և Հուսիկ Արային՝ «Կորած սերունդ» բանաստեղծությունների ժողովածուի համար։

«Հայագիտություն» անվանակարգում «Վահան Թեքեյան» մրցանակը շնորհվեց Ամատունի Վիրաբյանին և Սոնյա Միրզոյանին՝ «Հայ սպաները Առաջին աշխարհամարտում և Առաջին Հանրապետության բանակի սպաները» պատմակենսագրական բառարանի համար և Արամ Հովհաննիսյանին «Մլեհ Ռուբինյան իշխանապետ Կիլիկիո հայոց» աշխատության համար։ «Կերպարվեստ» անվանակարգում մրցանակը շնորհվեց երկու հեղինակի՝ գեղանկարիչ Մելքոն Հովհաննիսյանին՝ «Մոռացված մեղեդի» շարքի համար և Աշոտ Գևորգյանին «Ջրի հիշողություն» ստեղծագործությունների շարքի համար։ «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությանն այս տարի առաջին անգամ մրցանական տրվեց նաև «Դեկորատիվ-կիրառական արվեստ» անվանակարգում մրցանակը շնորհվեց նկարիչ-խեղեցգոր Էլմիրա Չոփիկյանին։ Մրցանակները հանձնեցին մրցութային հանձնաժողովների նախագահները, որոնք իրենց ոլորտներում անվանի ու ճանանչված գործիչներ են։ Մրցանակակիրները շնորհակալություն հայտնեցին իրենց գործունեությունը բարձր գնահատականի արժանացնելու համար, քանի որ «Վահան Թեքեյան» մրցանակը պատվաբեր և պարտավորեցնող մրցանակ է։

Մրցանակաբաշխությանը կատարումներով հանդես եկավ Կոմիտասի անվան քառյակը։

Հայաստանի Թեքեյան մշակութային միության լրատվական կենտրոն