ԻՆՉՈ՞Ւ 2020Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՇՈՒՇԻՆ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՊՈՒՏԻՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ

Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիան կասեցնելու և Շուշին ու Հադրութը հայկական ԶՈՒ վերահսկողության ներքո պահելու ՌԴ նախագահի փորձից լրացած երրորդ տարին ՀՀ քաղաքացիները կդիմավորեն ռուսատյաց հիստերիայի գագաթնակետին։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՐՁՐ ԱՄԲԻՈՆԻՑ ՌԴ-Ի ՎՐԱ ԲԱՐԴԵՑ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-20-ԻՆ ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՂՔԸ: Հակառակ հավաքական Արևմուտքի սպասումներին՝ հայ բնակչության բռնի տեղահանումը չհանգեցրեց ռուս խաղաղապահների անհապաղ դուրսբերման։ Արդեն շրջանառվում է իրենց տներում մնացած մի քանի տասնյակ հայերի անվտանգության հարցը, 24-ժամյա պատերազմից հետո թողած մեծաքանակ սպառազինության գույքագրման անհրաժեշտությունը, իսկ բացի այդ, դեռևս շրջում է Ալիևի զառանցալից վարկածը՝ Արցախի անտառներում իբր հաստատված հայ պարտիզանների մասին (նրանց արդեն անվանում են «անտառահայեր»)։

Ալիևը չի շտապում փչացնել հարաբերությունները Մոսկվայի հետ և միևնույն ժամանակ ցանկանում է համոզել արևմտյան երկրներին, թե սեպտեմբերի 19-20-ի իրադարձությունները ցեղասպանություն չէին, թե ադրբեջանական կողմը վարում է ինտեգրման քաղաքականություն և նույնիսկ հատուկ հանձնաժողով է ձևավորել այդ նպատակով։ Չի բացառվում, որ այս փուլում ՌԴ զորակազմի ներկայությունը կապակցվի ինտեգրման տեսական գործընթացի հետ, իբր՝ «ինտեգրվել ցանկացող հայերի հանգստության համար», սակայն վերադառնանք 2020 թվականի հոկտեմբեր։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ժամանակին տեղեկություններ հնչեցրեց այն մասին, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու Պուտինի փորձը առաջինը չէր։ Նման փորձեր, նրա հավաստմամբ, ձեռնարկվել են հոկտեմբերի 7-ից։ Նույնպիսի հայտարարությամբ հանդես եկավ նաև Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Պուտինը հրապարակավ տարակուսանք հայտնեց Շուշին ու Հադրութը հայկական ԶՈՒ վերահսկողության տակ պահելուց Փաշինյանի հրաժարման առնչությամբ։ Բնավ պատահական չէր, որ ՌԴ նախագահը հրապարակավ մերկացրեց ռեժիմի պարագլուխին. ինքը՝ Փաշինյանը 3 տարվա ընթացքում ոչ մի անգամ հստակ չի պատասխանել այն հարցին, թե ինչու է հրաժարվել Պուտինի առաջարկից։

Ռուսաստանի առաջնորդին զարմացրել էր Փաշինյանի մերժումը, որը վերջինս պատճառաբանել էր փախստականների վերադարձի մասին Ալիևի պայմանով։ Պուտինի առաջարկից (առաջարկներից) հրաժարվելու իրական պատճառները 3 տարի անց ակնհայտ են. պատերազմը դադարեցնել Փաշինյանին թույլ չտվեցին իր արևմտյան տերերը, որոնք շահագրգռված էին, որ Արցախի Հանրապետությունը 100 տոկոսով հայտնվի ադրբեջանցիների վերահսկողության տակ, ինչը կհանգեցներ Հարավային Կովկասում ռուսական ազդեցության թուլացմանը։

44-օրյա պատերազմից հետո Փաշինյանը պարբերաբար ամենաբարձր ամբիոններից ուրացել է Շուշին։ «Դժգույն ու դժբախտ քաղաքի» մասին հայտնի խոսքերից հետո նա խորհրդարանական ամբիոնից հայտարարեց, որ նախքան Արցախյան առաջին ազատամարտը բերդաքաղաքի բնակչության 90%-ը ադրբեջանցիներ էին, մոռանալով նշել, որ նման ժողովրդագրական իրավիճակ էր ստեղծվել հայկական հայտնի ջարդերից հետո։

3 տարի առաջ Շուշիից հրաժարումը նա Պուտինին բացատրել էր փախստականների վերադարձի մասին Ալիևի պահանջին հղումով, թեև ակնհայտ է, որ հայկական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող քաղաք ադրբեջանցի փախստականները չէին վերադառնա։ Այսօր նա փորձում է ՌԴ-ի վրա բարդել Արցախում հայերի ցեղասպանության մեղքը։ 2020 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 19-ը ռեժիմի պարագլուխը չդադարեցրեց պատերազմը՝ մերժելով Շուշին ու Հադրութը պահպանելու Պուտինի առաջարկները։ Արևմտյան տերերը Փաշինյանին ստիպեցին շարունակել մարտական գործողությունները հոկտեմբերի 19-ից հետո՝ առաջնորդվելով հետևյալ սկզբունքով. չկան հայեր, չկա ռուսական ներկայություն, բայց Պուտինը գուշակեց այդ հնարքը և խաղաղապահներ ուղարկեց՝ խաթարելով Արևմուտքի ծրագրերը։

2020 թվականի հոկտեմբերի 16-ին, իմանալով, որ պատերազմը տանուլ է տրվելու, Փաշինյանը դիմեց առաջնագիծ մեկնող կամավորականներին՝ կոչ անելով պայքարել Արցախի անկախության համար։ Այլ կերպ ասած՝ ուղարկեց մարդկանց անխուսափելի մահվան։ 2020թ. հոկտեմբերի 21-ին, երբ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները Մոսկվայում քննարկում էին կարգավորման հարցը, Փաշինյանը կոչով դիմեց ժողովրդին. զինվել և պայքարել մինչ հաղթական ավարտ: Նա ասաց, թե դիվանագիտական լուծումն այս պահին անհնար է, թեև, ընդգծեմ, Պուտինը հոկտեմբերի 7-ից 19-ը արդեն համաձայնեցրել էր ռազմական գործողությունների դադարեցման հարցն Ալիևի հետ և նրանից ստացել փախստականներին Շուշի վերադարձնելու պայմանը։ Ստացվում է, որ Փաշինյանը հոկտեմբերի 21-ին ստում էր՝ խոսելով դիվանագիտական լուծման անհնարինության մասին։ Ավելի ճիշտ՝ նա ստում էր հոկտեմբերի 7-ից ի վեր՝ ժողովրդից թաքցնելով Շուշիի ու Հադրութի պահպանման պայմաններով պատերազմը դադարեցնելու ծրագիրը։ Ակնհայտ է դավաճանությունը պետական շահերին. այլ կերպ դա չես անվանի։

Հիշեցնեմ, որ ագրեսիայի արդեն 4-րդ օրը Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն ԱԽ նիստում հանդես է եկել մարդկային ռեսուրսների և մարտական տեխնիկայի պահպանման նպատակով ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտության մասին զեկույցով: 2022 թվականի ապրիլի 2-ին՝ կապիտուլյացիայից 2 տարի անց, Փաշինյանը խոստովանեց, որ «44-օրյա պատերազմը Շուշիի համար էր»։ Եթե նա համաձայներ Պուտինի առաջարկած կարգավորման սցենարին, ապա միանգամայն հնարավոր է, որ Արցախի տարածքի մի մասն այսօր էլ մնացած լիներ Պաշտպանության բանակի վերահսկողության տակ

Հաշվի առնելով Սյունիքի շուրջ տիրող ներկա իրավիճակը՝ հիշեցնեմ Փաշինյանի խոսքերը, որոնք չափազանց ճշգրիտ բնութագրում են այն փաստը, որ արդեն 2020 թվականին նա գիտեր այն ռիսկերի մասին, որ պարունակում է Ալիևի և Էրդողանի քաղաքականության գլխավոր ուղեգիծը։

2020 թվականի դեկտեմբերի 28-ին նա հայտարարեց Կուբաթլուի և Զանգելանի շրջանների մասին. «Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի և Զանգելանի շրջանների 90 և ավելի տոկոսը, ցավոք, եղել է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Եղել է բանավոր ըմբռնում, որ էդտեղ մենք պետք է սահմանային որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք, և այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար»։ Այլ կերպ ասած, ռեժիմի պարագլուխը հայտարարեց, որ հանձնել է Կովսականն ու Սանասարը՝ Սյունիքը փրկելու համար

Սա նույնպիսի սուտ է, ինչպիսին այն պատճառաբանությունը, թե Շուշիից ու Հադրութից հրաժարումը թույլ է տվել պահպանել Ստեփանակերտը և հայկական երկրորդ հանրապետության տարածքի 25%-ը։ Փաշինյանը, որն իբր հոգ էր տանում Սյունիքի անվտանգության մասին, 2021 թվականի մայիսի 12-ին թույլ տվեց ադրբեջանցիների ներխուժումը Իշխանասարի և Սև լճի շրջակայք՝ առանց գեթ մեկ կրակոցի։ 44-օրյա պայմանավորված պատերազմին հաջորդեց Սյունիքի պայմանավորված բռնազավթումը։ Սկզբում ռեժիմի պարագլուխը կառավարության նիստում պարծենում էր, որ զավթիչները չեն կրակում, իսկ ավելի ուշ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ չկրակելու հրաման կարող էր տալ միայն դավաճանը։ Այդպիսի հրաման կարող էր տալ միայն մեկ անձնավորություն, կարծում եմ ՝ դավաճանի անունը հայտնի է բոլորին։

Ավելի ուշ Փաշինյանը խաբեց ժողովրդին՝ ասելով, թե պետության նախկին ղեկավարները բանակցությունների սեղանի շուրջ քննարկել են Շուշին հանձնելու հարցը։ Այդ սուտը հերքեցին Մինսկի խմբի նախկին համանախագահները, նախագահ Պուտինը և ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նավասարդյանը: Նախքան 44-օրյա պատերազմը Ալիևը երբեք չի պահանջել 7 շրջաններն ու Շուշին։ Փաշինյանը շարունակում է ստել նաև այսօր, երբ Հայաստանի տարածքը մասնատման վտանգի տակ է, 3 մարզերում բնակռել են ադրբեջանցի զավթիչները, Ալիևը պահանջում է վերադարձնել «անկլավներն» ու «Զանգեզուրի միջանցք» տրամադրել։ Սկզբում Նիկոլն ասում էր, որ չի վտանգի Հայաստանը հանուն Արցախի, շուտով կասի, թե պետք է հանձնել «անկլավները» և արտատարածքային միջանցք տրամադրել՝ Հայաստանի մնացած մասը պահպանելու համար։ Եթե հոկտեմբերի 19-ին նա համաձայներ Պուտինի առաջարկին, այսօր իրավիճակը կարող էր այլ լինել։

Այս վարկածի օգտին է խոսում ակնհայտ և աղաղակող փաստը. 9 ամիս շարունակ հավաքական Արևմուտքը հետևում էր Արցախի շրջափակմանը, գերազանց գիտակցելով, որ դա ցեղասպանության նախերգանք է։ Սեպտեմբերի 19-20-ից հետո չհաջորդեց ոչ մի պատժամիջոց ցեղասպանության համար, այս փաստը պերճախոս կերպով վկայում է, որ հայերի բռնի տեղահանումը իրականացվել է Արևմուտքի լուռ թողտվությամբ՝ «չկա հայ, չկա ռուսական ներկայություն» սկզբունքով, միայն թե Արևմուտքում կրկին սխալվեցին, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ։

Եվ էլի մի բան. Փաշինյանը չներեց ՀԱՊԿ-ին (իմա՝ ՌԴ-ին) այն, որ նա գնահատական չտվեց 2022թ.սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիային, փոխարենը հեշտությամբ աչք փակեց այն բանի վրա, որ արցախահայության դեմ ցեղասպանության համար Արևմուտքը պատժամիջոցներ չկիրառեց Բաքվի նկատմամբ, ողջ մեղքը բարդելով ռուս խաղաղապահների վրա։ Ռեժիմի պարագլուխը շարունակում է Արևմուտքի հետ սիրախաղի քաղաքականությունը, որը 2020 թվականի հոկտեմբերի 19-ից ի վեր ժողովրդին բերում է միայն մարդկային և տարածքային կորուստներ