Հրանտ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ․ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ ՀԱԿԱԱՐՑԱԽՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՏԱՐԱԾՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եթե արցախցիներն իմանային, որ Հայաստանում հետագայում հաստատվելու հնարավորություններ ունեն, հաստատ արտագաղթի ուղին չէին բռնի։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը՝ ներկայացնելով արցախցիների արտագաղթման պատճառները։
«Պատշաճ պայմաններ չկան արցախցիների համար։ Դա անհնար էր, որ լիներ, քանի որ մեծ հոսք է եկել Արցախից, ոչ մի նախապատրաստական աշխատանք չի կատարվել, մարդկանց մի մասին տեղավորել են դպրոցների մարզադահլիճներում, բնականաբար, ընտանիքների համար դրանք հարմար պայմաններ չեն։ Եթե արցախցիներն իմանային, որ ունեն հետագայում հաստատվելու հնարավորություններ, հաստատ արտագաղթի ուղին չէին բռնի։
Այստեղ խնդիրը նրանում է, որ նրանք հեռանկար չէին տեսնում այստեղ, հաճախ իշխանամետ քարոզիչները արցախցիներին մեղադրում են ինչ-որ բաներում, հակաարցախյան տրամադրություններ են տարածում։ Ստացվում է արցախցիները մի կողմից հայերից ստանում են դրական վերաբերմունք, մյուս կողմից՝ դժգոհություն, մեղադրանքներ և նույնիսկ ատելություն»,- ասաց Միքայելյանը։
Քաղաքագետի կարծիքով՝ արցախցիները հասկանում են, որ Ադրբեջանը չի ուզում դադարեցնել ագրեսիան Հայաստանի նկատմամբ և վտանգի տակ են նաև Հայաստանում։
«Մեկ այլ հանգամանք է, որ ընդհանուր բնակեցում, ռազմավարություն և այլն, չի մշակվել և չի մշակվում։ Կառավարությունը այս մարդկանց փորձում է ընդամենը սոցիալապես ապահովել, բայց խնդիրը չլուծել։ Կառավարությունը կարող է քայլեր ձեռնարկել, որ մարդիկ ինտեգրվեն, այլ ոչ թե իրենց միգրանտ զգան և այդպես ապրեն։ Արցախցիները հասկանում են, որ Ադրբեջանը չի ուզում դադարեցնել ագրեսիան Հայաստանի նկատմամբ, և իրենք վախենում են, որ Հայաստանում էլ կարող են ապահով չլինել՝ հատկապես Սյունիքում։ Ըստ այդմ՝ միայն կոչերով հանդես գալը լուծում չէ, պետք է հստակ քայլեր ձեռնարկել արցախցիների արտագաղթը դադարեցնելու համար»,- եզրափակեց Միքայելյանը։