ՆԻԿՈԼԻ ԵՐԵՔ ՏԱԲՈՒՆԵՐԸ. ԻՆՉՈ՞Ւ ՌՈԲԵՐՏԱ ՄԵՑՈԼԱՆ ՇՐՋԱՆՑԵՑ ԲԱՔՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐՑԸ
«Եվրախորհրդարանը քաղաքական մարմին է և հետևողական է լինելու երեք սկզբունքների իրականացման ապահովմանը։ Պատահական չէ, որ հենց այս խորհրդարանն է այդպիսի զեկույցներ ընդունել ու կոչ է արել հնարավորինս շուտ սկսելու խաղաղության բանակցությունները»,- հոկտեմբերի 17-ին Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։ Այսպիսին էր նրա պատասխանը լրագրողի այն հարցին, թե պատրաստվում է արդյոք ԵԽ-ն մեխանիզմներ գործարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար։
Թույլ տանք մեզ հիշեցնել տիկին Մեցոլային, որ իր ղեկավարած մարմինը միայն վերջին մեկ ամսվա ընթացքում մի քանի բանաձևեր է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ, որոնցով հստակ կոչ է արել ԵՄ Խորհրդին դիտարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցները:
Այսպես, սեպտեմբերի 19-ին՝ ավելի քան 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա ավազակային հարձակման օրն ընդունված բանաձևում ասվում էր, որ «Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել ԵՄ Խորհրդին դիտարկել Ադրբեջանի իշխանությունների դեմ պատժամիջոցների սահմանումը՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների համար»։ Խստորեն դատապարտելով «Ադրբեջանի նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա»՝ եվրապատգամավորները կոչ էին արել ԵՄ Խորհրդին «հիմնովին վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները և քննարկել Ադրբեջանի պատասխանատու իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը»:
Հոկտեմբերի 5-ի համանման բանաձևում նույնպես Եվրախորհրդարանը կոչ է արել Եվրամիությանը և անդամ պետություններին «նպատակային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի բազմաթիվ խախտումների և Մարդու իրավունքների ոտնահարումների համար»:
Ըստ էության, Ռոբերտա Մեցոլան անտեսեց ԵԽ անդամների մեծամասնության ընդունած բանաձևերի գլխավոր ուղերձը՝ չցանկանալով խոսել պատժամիջոցների մասին։ Բայց մինչ զայրալից խոսքեր հղելը մալթացի քաղաքական գործչի հասցեին՝ փորձենք հասկանալ նման դիրքորոշման պատճառը։
Իսկ պատճառն, անկասկած, այն անձնավորությունն է, որը ասուլիսից մի քանի ժամ առաջ Եվրախորհրդարանի ամբիոնից հանդես եկավ ելույթով, որն այլ կերպ, քան խայտառակ, դժվար է անվանել։ Մենք, իհարկե, չենք վերլուծի իրավիճակին բացարձակապես անհամարժեք այդ ճառը, կնշենք միայն դրա որոշ առանձնահատկություններ։ Այն է՝ Փաշինյանի ելույթում բացակայում էին երեք կարևոր գործոններ։
Այսպես, ընդարձակ խոսելով Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ ադրբեջանական քաղաքականության մասին, նա ոչ մի անգամ չհիշատակեց «ցեղասպանություն» եզրույթը, թեև հենց այդպես են աշխարհի առաջատար ցեղասպանագետներն ու իրավապաշտպանները բազմիցս բնութագրել շրջափակման շրջանում Արցախում տեղի ունեցող ամենը: Նիկոլն օգտագործեց միայն «էթնիկ զտումներ» արտահայտությունը, որն, ըստ ընդունված կարծիքի, իրավաբանական տերմին չէ։ Չխորանալով մանրամասների մեջ, նշենք ամենակարևորը. ի տարբերություն ցեղասպանության, որի բնորոշման չափորոշիչները հստակ տրված են ՄԱԿ-ի կոնվենցիայով, «էթնիկ զտումների» մեղադրանք ներկայացնել իրավաբանական իմաստով չի կարելի:
Կապիտուլյանտի ստրասբուրգյան ճառում աչքի զարնվող երկրորդ տաբուն Արցախի նախկին և գործող պաշտոնյաների ապօրինի ձերբակալման և Բաքվում ապօրինի կալանավորման մասին հիշատակման բացակայությունն է: Յուրաքանչյուր ամբիոնից նրանց ազատ արձակելու պահանջ գոչելու փոխարեն, Փաշինյանը պարզապես լռում է և՛ Ռուբեն Վարդանյանի, և՛ Արցախի երեք նախագահների, և՛ մյուս քաղաքական գերիների մասին, որոնց ողջ «մեղքը» Հայրենիքի պաշտպանությունն ու ծառայությունն է և ակտիվ մասնակցությյունը սեփական ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին։
Երրորդ տաբուն, որը հստակ երևում է Փաշինյանի բոլոր հայտարարություններում, Ադրբեջանի դեմ պատժամիջոցների և այլ պատժատեսակների հարցն է։ Ո՛չ Ստրասբուրգում իր ելույթում, ո՛չ ավելի վաղ ունեցած հրապարակային ելույթներում և հայտարարություններում նա ոչ մի անգամ չի արտաբերել այդ բառը և հանդես չի եկել պահանջներով, առաջարկություններով, անգամ ձևական կոչով՝ պատժամիջոցներ սահմանելու այն պետության նկատմամբ, որի հանցավոր ահաբեկչական քաղաքականությունը հանգեցրել է Արցախի լիակատար ամայացման, 120 000 հազար հայերի ողբերգական գաղթի և մի քանի հարյուրի մահվան՝ ընդամենը կես ամսվա ընթացքում, եթե վերցնենք միայն վերջին՝ սեպտեմբերյան իրադարձությունները։
Ուրեմն ինչո՞ւ պիտի Եվրախորհրդարանի ղեկավարը խոսի պատժամիջոցների մասին, իսկ եվրախորհրդարանականները շարունակեն պահանջել դրանք, եթե միջազգային բարձր հարթակներում Հայաստանը ներկայացնող անձը համառորեն լռում է այդ մասին և չի պահանջում պատժել ցեղասպանածին պետությանը և դրա ղեկավարներին։
Նշվածներից յուրաքանչյուր, ինչպեսև բազմաթիվ այլ տեսանկյունները, որոնք ակնհայտորեն և միանգամայն հասկանալի պատճառներով տաբու են Փաշինյանի համար, արժանի են հանգամանալի դիտարկման, քանի որ հերթական ապացույցներն են՝ Հայաստանը բռնազավթած թուրքական ռեժիմի ողջ ոհմակի նկատմամբ ապագա անխուսափելի տրիբունալի համատեքստում։ Իսկ առայժմ նշենք մի կարևոր հանգամանք։
Սա արդեն երրորդ (թեև գուցե ինչ-որ բան բաց եմ թողնում) դեպքն է, երբ հենց Փաշինյանն է ստիպում աշխարհի առաջատար քաղաքական գործիչներին ասել այն, ինչն առանձնակի ձեռնտու է Ադրբեջանին, հակահայկական բնույթ է կրում և ուղղված է հայ ժողովրդի կենսական շահերի դեմ, և չհիշատակել այն, ինչը խիստ անհրաժեշտ է և աշխատում է Հայաստանի և Արցախի օգտին:
Հիշեցնեմ, որ հենց նրա կողմից Ադրբեջանի կազմում Արցախի դավաճանական ճանաչումը դարձավ այսօրվա աղետին հանգեցրած հրեշավոր իրադարձությունների մի ամբողջ շղթայի պատճառը. այդ մասին այս կամ այն ձևով խոսել են տարբեր երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները, Գերմանիայի կանցլերը, ԱՄՆ ներկայացուցիչները։ Նիկոլի հենց այդ հանցավոր ճանաչումը փրկօղակ դարձավ Բաքվի համար, արձակելով նրա ձեռքերը սանձարձակ կամայականությունների համար և թույլ տալով ալիևյան ռեժիմին ավարտին հասցնել ցեղասպան քաղաքականությունն Արցախում՝ ամեն ինչ արդարացնելով «Ադրբեջանի ներքին գործի» մասին պնդումով։
Երկրորդ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 21-ի նիստի նախօրեին Փաշինյանը միանգամայն անսպասելիորեն, ընդամենը ամեն ինչում Ռուսաստանին մեղադրելու նպատակով հայտարարեց, թե «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը սպառնացող անմիջական վտանգ չկա»։ Այդ արտահայտությամբ նա ևս մեկ շահեկան «պաս տվեց» Ադրբեջանին, որն անմիջապես բռնեց ու հետագայում բազմիցս օգտագործեց դա սեփական ահաբեկչական գործողություններն արդարացնելու և իր հասցեին որևէ մեղադրանք բացառելու նպատակով։
Վերջապես՝ պատժամիջոցների հարցը, որի մասին Հայաստանի դե ֆակտո ղեկավարը ոչ մի անգամ ծպտուն անգամ չի հանել։ Դրանով իսկ, ըստ էության, բերաններ փակելով և տարակուսանքի մեջ գցելով միջազգային նույնիսկ այն կառույցներին ու գործիչներին, որոնք պնդում են, առաջարկում և կոչ անում դիմել այդ քայլին։
Ուրեմն ինչո՞ւ ենք մենք դժգոհում ՄԱԿ-ի ԱԽ-ից, Եվրախորհրդարանից ու Եվրամիությունից, Պետդեպարտամենտից, Ռուսաստանից, համաշխարհային առաջնորդներից, որոնք արդեն մոռացել են թե՛ ինքնորոշման իրավունքի, թե՛ շրջափակման, թե՛ ցեղասպանության մասին, որոնք խոսում են Արցախի առաջնորդներին ու Արցախյան պատերազմների մասնակիցներին Ալիևի շնորհելիք «համաներման» մասին և ընդ որում մի բառ անգամ չեն ասում ահաբեկչական պետությանը և դրա ղեկավարությանը պատժելու անհրաժեշտության վերաբերյալ, եթե Հայաստանի «առաջնորդն» ինքն է ամեն ջիգ գործադրում, որպեսզի զերծ պահի հայ ժողովրդի դեմ հանցագործություններում իր ոճրակիցներին դատապարտումից, պատժամիջոցներից, դատից և պատժից։