Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆ․ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԷՐ ՊԵՏՔ ԻՍՐԱՅԵԼԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանը էներգետիկ ոլորտում Արևմուտքի տնտեսական լուրջ գործընկերն է։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

 


«Ադրբեջանից նավթի արտահանումը զգալիորեն աճել է։ Դա պայմանավորված է նրանով, որ Բաքուն նավթ է գնում Ռուսաստանից, իսկ սեփականը վաճառում արտասահմանում։ Եվրոպան էներգակիրների հարցում 5 տոկոսով կախված է Ադրբեջանից, ինչը շատ լուրջ և կարևոր զսպող գործոն է պատժամիջոցների կիրառման հարցում»,- ընդգծել է նա։

Բայց ամենագլխավոր խնդիրը Իսրայելն է, կարծում է Զուրաբյանը։

«Իսրայելը հայկական կողմի նկատմամբ Ադրբեջանի ռազմական հաղթանակի ճարտարապետն է։ 2016-ից 2020 թվականներին Ադրբեջանի գնած զենքի 70%-ը եկել է Իսրայելից։ Ընդհանուր առմամբ, ամենաժամանակակից զինատեսակներով 92 չվերթ է իրականացվել դեպի Բաքու։

Իսրայելը «Երկաթե գմբեթ» համակարգը տրամադրել է միայն Ադրբեջանին, ուրիշ ոչ մեկին։ Ինչո՞ւ։ Որովհետև այս համակարգը պետք է պաշտպաներ Մինգեչաուրը 44-օրյա պատերազմի ժամանակ իրականացված հարվածներից, բայց այդ հարվածները չհասան թիրախին։

Բացի այդ, Իսրայելը տրամադրել է անօդաչու թռչող սարքեր, Հայաստանի ճշգրիտ թվային քարտեզներ և «Լորա» բարձր ճշգրտության հրթիռներ։

Այսինքն՝ տրամադրվել է օգնություն, որը կերաշխավորեր Ադրբեջանի հաղթանակը։ Մինչև սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան, Բաքուն մեկ ամսվա ընթացքում կրկին զենք էր ստանում Իսրայելից։

Բայց Իսրայելի ինչի՞ն էր պետք Ադրբեջանի հաղթանակը։ Որպեսզի Ադրբեջանը դառնա Իրանի վրա հարվածների ցատկահարթակ։

Իսրայելը հաշվարկը կատարել է ոչ միայն Իրանին Ադրբեջանի աշխարհագրական մերձավորությունից ելնելով, այլև նկատի ունենալով Իրանում բնակվող բազմամիլիոնանոց ադրբեջանցի բնակչությունը։ Արևմուտքը վաղուց է ծրագրել ներսից պայթեցնել Իրանը՝ ադրբեջանական անջատողականության իրականացմամբ»,- հավելել է քաղաքական գործիչը։

Նա նշել է, որ այսօր ձևավորվել է երկու ճամբար՝ հին հեգեմոնները՝ Արևմուտքի գլխավորությամբ և նոր հեգեմոններ՝ ի դեմս Չինաստանի, Իրանի, Ռուսաստանի և այլ երկրների։

«Իրանի և Իսրայելի միջև պատերազմի դեպքում Ադրբեջանը կդառնա Արևմուտքի գլխավոր գործընկերը Իրանի դեմ պատերազմում։

Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է հասկանալ, որ Արևմուտքը Ադրբեջանին թուլացնելու քայլեր չի ձեռնարկի։ Այս ամենը չհասկանալը Հայաստանում պատրանք է ստեղծում միջազգային իրավունքի և արդարության մասին։

Ուստի հայտարարությունների և հումանիտար օգնության հարցում Արևմուտքը քայլեր կձեռնարկի, բայց դա այն չի լինի, ինչին սպասում է Փաշինյանը, ինչը կարող է զսպել Ադրբեջանի ագրեսիան Սյունիքի դեմ։

Անվտանգության երաշխիք կարող էր լինել Հայաստանում արևմտյան ռազմաբազաների տեղակայումը, բայց դա տեղի չի ունենա, քանի որ նրանք իրենք խնդիրներ ունեն Ուկրաինային օգնություն տրամադրելու գործում, որի մի մասն արդեն ուղարկվում է Իսրայել։

Հետևաբար, Երևանը չպետք է կամուրջներ այրի որևէ ճամբարի հետ, քանի որ հայտնի չէ, թե ով կհաղթի, և, հավանաբար, դեռևս ստիպված կլինեք հարաբերություններ կառուցել այն ճամբարի հետ, որի դեմ ես դուրս եկել այսօր։

Այսօր երկրի անպաշտպանության և երկու ճամբարների առճակատման պայմաններում զարմանք է հարուցում մի ճամբարի կողմն անցնելն ու մյուս ճամբարի ուղղությամբ թքելը։ Հենց սա է անում Փաշինյանը։

Ներկա պայմաններում կարևոր է հավասարակշռություն պահպանել և կապող կամուրջ դառնալ Ռուսաստանի և Արևմուտքի միջև»,- ասել է Զուրաբյանը։

News.am