Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ. ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ՆՊԱՏԱԿԸ ԱՐՑԱԽԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՓԱԿՈՒՄՆ ԷՐ
Արցախի ներկայացուցչության դիմաց հավաքվածների մեծ մասն ուղղորդված չէր, սակայն կազմակերպիչների նպատակը ներկայացուցչության թիրախավորումն էր և նրա գործունեության դադարեցումը: Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը համոզված է, որ ներկայացուցչության մոտ տեղի ունեցած անկարգությունները ուղղորդված էին և այն ուղղորդել էին 2018 թվականից Արցախում ներդրված հայտնի ուժերը:
«Սոցիալական ցանցերի գրառումներից արդեն ակնհայտ էր, որ իրենք պատրաստվում էին նույն գործելաոճը իրականացնեին, ինչ-որ երեք տարի Արցախում էին իրականացնում: Այդ պառակտող խմբերը ստեղծվել են Արցախում 2018 թվականից և այժմ էլ իրենց գործութեությունը չեն ավարտել: Նրանք սոցցանցերում են շատ ակտիվ, հենց իրենք են սոցցանցերում տարածել, որ պետք է հավաքվել ներկայացուցչության դիմաց: Շատերն են ինձ զանգահարել ու ճշտել, թե դա ինչ հավաք է և իմանալով աղբյուրը, ուղղակի չգնացին: Այնտեղ շատ քիչ մասսա կար, որն ուղղորդված էր, ուղղակի շատերը սոցիալական ցանցերով չիմանալով, չպատկերացնելով, ուղղակի եկել էին՝ հավատալով, որ այդտեղ հարցերի պատասխաններ են ստանալու և այդ հարցվեը հիմնականում այդ հարցերը սոցիալական բնույթի էին:
Բայց կրկին անգամ այդ խումբը հաջողեց, քանի որ կարողացավ ցույց տալ, որ թե Հայստանում, թե Հայաստանից դուրս արցախցիները կարող են իրենց նման կերպ պահել և դրսևորել, քանի որ բոլորի համար էլ ընդունելի չէ նման պահվածքը այս իրավիճակում»,- ասաց պատգամավորը:
Հակոբյանի խոսքով՝ շատերը հասկանում են, որ Արցախի իշխանություններն էլ այն վիճակում են, որ չունեն հարցերի պատասխաններ, հատկապես սոցիալական բնույթի:
«Ես ինքս երկու շաբաթ է՝ փորձում եմ պարզել այդ հարցերի պատասխանները, թե ի վերջո ինչ վերաբերմունք է ցուցաբերելու ՀՀ կառավարությունը արցախցիների նկատմամբ, հասկանալի է, որ դեռ որոշում չկա: Այս ամենը ձգձգվում է և կարող եմ ասել, որ սա էլ պատահական չէ: Այդ պատճառով որոշակի խմբեր փորձում են ծանր, կեղեքված վիճակում գտնվող մարդկանց օգտագործել: Արդյունքում ձերբակալվեցին մարդիկ, որոնք այս ամենի հետ կապ չունեին, բոլորս էլ շատ լավ գիտենք, թե ովքեր են կազմակերպիչները»,- News.am-ի հետ զրույցում նշում է նա:
Պատգամավորը շեշտում է, որ այս իրավիճակում Արցախի իշխանությունները դատապարտում են կատարվածը և կարծում են, որ սա ընդունելի չէ ոչ մի պարագայում:
Հակոբյանը նշում է, որ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունը միակ մարմինն է, որ մնացել է, որտեղ կարող են հավաքվել Արցախի իշխանությունները, որոշակի գործունեություն ծավալել, հարցեր քննարկեն, փորձեն լուծումներ գտնել, սակայն այդ անկարգություների կազմակերպիչները պատահական չէ, ոև հենց ներկայացուցչությունն են թիրախավորել. «Ես վստահ եմ, որ ամեն դեպքում նպատակը այս ներկայացուցչության փակումն էր, և այնպես արեցին, որ դա արցախցիների ձեռքով տեղի ունեցավ: Նաև իրենց գլխավոր նպատակներից մեկն էր հունից հանել պաշտոնյաներին, ինչքան հնարավոր է վիրավորելով, և իրենք իրենց նպատակին հասան»:
Նշենք, որ անկարգությունների հետ կապված քննչական կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ, 10 անձ ձերբակալվել է: