ՆՐԱՆՔ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ՀԵՏ, կամ ՔԱՆԻ՞ ԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՐԵԼԻ ԷՐ ԳՆԵԼ ԴՈԳԻ ՀՈՆՈՐԱՐՈՎ
«Էս մսխող խմբակը հատկացնում է 20 միլիոնից ավել դոլար Լոնդոնում մի փոքր շենք գնելու համար։ Բայց չի ուզում էդ նույն փողով Երևանում ու մարզերում բնակարաններ գնի, որ հատկացնի Արցախի տնազուրկ ՀՀ քաղաքացիներին։ Չեմ ասում՝ առնի ու նվիրի, այլ գնի որպես պետական գույք ու ինչ-որ սիմվոլիկ վարձով տրամադրի տնազուրկ մարդկանց։ Մինչև կլուծվեն նրանց խնդիրները։ Չեն անում, ոչ թե այն պատճառով որ չգիտեն անելու ձևերը։ Այլ որովհետև չեն ուզում, որ արցախահայերը մնան Հայաստանում։ …Եվ առհասարակ բոլոր հայերի հետ էլ իրենք խնդիր ունեն», - գրել է ֆեյսբուքյան օգտատեր Արամ Պալյանը։
Անցած շաբաթ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանից հեռացել է արդեն 3 հազար տեղահանված արցախցի, ավելի վաղ նա հնչեցրել էր 2500 թիվը: Երկու դեպքում էլ ջերմեռանդորեն վստահեցնում էր, թե շատ-շա՜տ է ուզում, որ արցախցիները մնան Հայաստանում, և հենց այդ կոչն է անում «մեր քույրերին ու եղբայրներին»։ «Մեր քաղաքականությունն է, որ մենք ամեն ինչ անենք, որ Լեռնային Ղարաբաղից բոլոր բռնի տեղահանվածները մնան Հայաստանի Հանրապետությունում»,- հայտարարում է նա, ով Արցախը հանձնեց թշնամուն և ամեն ինչ արեց, որ հանրապետության բնակչությունը ստիպված լինի փախչել հայրենի տներից՝ թուրքերին թողնելով Հայաստանի դարեր ի վեր հայերով բնակեցված ևս մեկ հատված:
Կեղծավորությունը, սուտը և ցինիզմը վաղուց դարձել են այս մարդու այցեքարտը։ Ուստի որքան ավելի ջանադրաբար է նա փորձում բոլորին վստահեցնել, թե ցանկանում է տեսնել արցախցիներին Հայաստանում, այնքան ավելի ես համոզվում, որ ամեն ինչ ճիշտ հակառակն է։ Ամենայն հավանականությամբ, այս շաբաթ նա կհնչեցնի հեռացածների ավելի մեծ թիվ՝ կեղծ ափսոսանքի հետևում թաքցնելով սեփական ուրախությունը։
Քանզի չնայած բարձրագոչ ազդարարվող օգնության ծրագրերին և հատկացվող միջոցներին, չնայած Եվրախորհրդարանի ամբիոնից գլուխ գովելուն, չնայած Հայաստանից հայրենակիցների հեռանալու առթիվ կոկորդիլոսի արցունքներին, միանգամայն հստակ նշմարվում է ՀՀ իշխանությունների հերթական հակահայկական նպատակը։ Ճամարտակելով ամեն տեսակի օգնության մասին՝ սրանք չեն անում գլխավորը այն ամենից, ինչը կպահի արցախցիներին Հայաստանում. չեն լուծում գոնե նվազագույնս բարեկարգ բնակարանի հարցը։
Մինչ օրս սոցիալական ցանցերում, հատկապես հատուկ խմբերում հանդիպում են մատչելի գումարով բնակարան գտնելու խնդրանքներ։ Վարձակալության աստղաբաշխական գները զուգորդվում են կյանքի համար բացարձակապես ոչ պիտանի տների լուսանկարներով։ Կամավորները քիչ թե շատ նորմալ պայմաններով ընդունելի տարբերակներ են փնտրում փոքրիշատե ողջամիտ վարձավճարով: Նշեմ, որ նրանց կողքին, ովքեր ծայրահեղ թանկացրել են գները՝ փորձելով փող վաստակել հայրենակիցների վշտի հաշվին, շատ կան նաև մարդիկ, որոնք անշահախնդիր և հաճախ անսահմանափակ ժամկետով առաջարկում են իրենց դատարկ տները:
Այս գործընթացում պետությունը ո՛չ երևում է, ո՛չ էլ ձայն հանում։ Փաշինյանի մամլո քարտուղարը, որը վերջապես զբաղմունք է գտել իր համար, այն է՝ զեկուցել արցախցիներին ցուցաբերվող աջակցության գործում «հաջողությունների» մասին, բնակարանային թեման պարզապես շրջանցում է: Դատելով ամենից, համարում են, թե ամեն ինչից զրկված փախստականները պիտի ինքնուրույն լուծեն այդ ամենաբարդ խնդիրը։ Մարդիկ, հատկապես Երևանում, ստիպված են թանկարժեք բնակարաններ վարձակալել՝ վճարելով որպես նպաստ ստացած գործնականում ողջ գումարը։ Թե ինչով են նրանք ապրելու, քանի դեռ ճնշող մեծամասնությունն աշխատանք չի գտել, անհասկանալի է։
Այս խորապատկերին գրեթե ամեն օր հաղորդագրություններ են հայտնվում արցախցիների կարիքների համար տարբեր երկրների կառավարությունների և միջազգային կազմակերպությունների կողմից հատկացվող միլիոնավոր դոլարների մասին։ Մի կողմ թողնենք այն փաստը, որ դրանք սեփական մեղքը քավելու յուրօրինակ փորձ են՝ այն բանի համար, որ աջակցել են ագրեսորին և թույլ տվել ողբերգությանը տեղի ունենալ, ավելի քան 9 ամիս ոչինչ չձեռնարկելով շրջափակումը ճեղքելու համար։ Ներկայացնենք ընդամենը մի քանի փաստ։
ԵՄ-ն 10 մլն եվրո կհատկացնի Արցախից տեղահանվածներին աջակցելու համար, ԱՄՆ-ը՝ 11,5 մլն դոլար, Ֆրանսիան՝ 12,5 մլն եվրո, Գերմանիան՝ 5 մլն եվրո, Շվեդիան՝ 15 մլն կրոն, Նորվեգիան՝ 1,8 մլն դոլար, Կանադան՝ 2,5 մլն դոլար, Իտալիան՝ 4 մլն եվրո, Իսպանիան՝ 1 մլն եվրո և այլն: ՄԱԿ-ը կոչ է արել 97 մլն դոլար հատկացնել մարդասիրական ծրագրի համար, որը նախատեսված է մինչև մարտի վերջ:
Հասկանալի է, որ այդ օգնության մի մասը նպատակային բնույթ ունի, և բնավ ամբողջը չէ, որ կարելի է ծախսել բնակարանների վրա։ Այստեղ հաշվարկների տեղը չէ՝ հասկանալու համար, թե որքան գումար է պահանջվում 120 000 մարդու բնակարանով ապահովելու համար, սակայն պարզ է, որ կբավականացներ այդ միջոցների լոկ մի մասը։
Երևանում վերջին երկու տարիներին շատ ակտիվ բնակշինարարություն է ընթանում. դա ուղղակի աչքի է զարնվում։ Տասնյակ և հարյուրավոր շենքեր արդեն պատրաստ են, բայց բնակեցված չեն։ Թե ում համար են դրանք նախատեսված, առեղծված է, քանի որ ռելոկանտներն աստիճանաբար հեռանում են, իսկ խոստացված զանգվածային հայրենադարձությունն այդպես էլ տեղի չունեցավ։ Չար լեզուներն ասում են, որ Նիկոլը տներ է պատրաստում այն հազարավոր ադրբեջանցիների համար, որոնք բնակեցվելու են Հայաստանում։ Փորձագետներն առաջարկում են պետությանը գնել այդ բնակարանները՝ որպես սոցիալական կացարան անօթևան մնացած և ամեն ինչից զրկված ՀՀ արցախցի քաղաքացիների համար։
Եվ բոլորն էլ ընդ որում հասկանում են, որ Փաշինյանը երբեք դա չի անի։ Հասկանում են նաև, որ հարցը բնավ միջոցների բացակայությունը չէ, այլ ցանկության իսպառ բացակայությունը։ Հարցն այն հակահայկական քաղաքականությունն է, որն իրականացնում է ՀՀ օկուպացիոն ռեժիմը։ Քաղաքականություն, ըստ որի Հայաստանում տեղ չկա արցախցիների համար, իսկ շուտով տեղ չի լինի նաև բոլոր իսկական հայերի համար։ Քանզի այդ քաղաքականությունը ոչ միայն չի բխում հայ ժողովրդի ազգային-պետական շահերից, այլ արմատապես հակասում է դրանց։
Գործելով իր մասշտաբներով պատմական ոճիր՝ հանձնելով Արցախն ու ստիպելով նրա իրական տերերին լքել իրենց Հայրենիքը, Փաշինյանն այժմ փորձում է ոչնչացնել պետականության մնացորդներն ու 30 տարվա ընթացքում ձևավորված ինստիտուտները։ Ինչպեսև փոշիացնել ազգային անգին ռեսուրսը, սփռելով արցախցիներին աշխարհով մեկ, և դրանով իսկ վերջնականապես ոչնչացնել ղարաբաղյան գործոնը՝ իրենց թուրք բարեկամներին հետագա որևէ խնդրից ազատելու համար։ Այսինքն նա շարունակում է լուծել Ալիևի առաջադրած խնդիրը. վերջնականապես և անդառնալիորեն փակել հայկական Արցախի հարցը։
Դրա համար Նիկոլն անելու է ամեն ինչ՝ ի տես ամենքի ձևանալով սրտացավ ղեկավար, իսկ գործնականում՝ ամեն կերպ նպաստելով հուսահատ մարդկանց հեռանալուն։
... Հիշո՞ւմ եք ոմն ռեփեր Սնուփ Դոգի չեղարկված համերգը, որին կառավարությունը (!!) հատկացրել էր 6 միլիոն դոլար, չնայած սովորաբար նման նախագծերով զբաղվում են մասնավոր առևտրային կազմակերպությունները: Ահա ուրեմն, պարզվեց, որ հոնորարն ամբողջությամբ վճարված է և վերադարձման ենթակա չէ։ Ճիշտ է, Դոգը մեծահոգաբար խոստանում է գալ ու ելույթ ունենալ, երբ... իր հյուրախաղերի գրաֆիկում ազատ ժամանակ լինի։ Այսինքն Հայաստանի պետական բյուջեից 6 միլիոն դոլարը պարզապես քամուն է տրվել։
Թե այդ գումարով քանի բնակարան կարելի էր գնել անօթևան արցախցիների համար, իհարկե, հռետորական հարց է։ Լոնդոնում շենք գնելու համար 20 միլիոն «կանաչի» մասին արդեն խոսելն անգամ անիմաստ է։ Այս խորապատկերին ինչ-որ «խղճուկ» 217 հազար դոլարը, որ երկրի համար ներկայիս բարդագույն պայմաններում ծախսվել է Ավինյանի երդմնակալության արարողության վրա, ընդհանրապես մանրուք է թվում…