ԼՌԵԼ, ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ ՍԱԴՐԵԼ

Շնորհիվ Փաշինյանի կառավարության իմաստուն արտաքին քաղաքականության, որը հիմնված է «խաղաղ օրակարգի» սկզբունքի վրա, այսօր հայ հասարակության շրջանում ակտիվորեն քննարկվող թամաներից մեկը դարձել է Ադրբեջանի նոր հնարավոր ագրեսիան։ Այս անգամ՝ հարձակումը Հայաստանի վրա։ Ոմանք այդ սպառնալիքի մասին բացահայտ գրում են սոցցանցերի իրենց էջերում, մյուսները նախընտրում են անուղղակիորեն ակնարկել նման հնարավորության մասին։

ՅՈՒՐՕՐԻՆԱԿ Է ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԻՇԽԱՆԱՄԵՏ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՆ։ Այն օգտվում է ստեղծված իրավիճակից, որպեսզի վախեցնի։ «Սամվել Շահրամանյանը չպետք է չպետք է անզգույշ հայտարարությւուններ անի, դրանք կարող են սադրել Ադրբեջանին…»։ «Ընդդիմությունը պետք է նստի սուսուփուս, հակառակ դեպքում կսադրի Բաքվի ագրեսիան, որը որպես պատրվակ կօգտագործի Հայաստանում «ռևանշիզմի» վտանգը...»։ «Չի կարելի ստեղծել վտարանդի կառավարություն. կսադրենք Ալիևին…»։ Եվ այսպես շարունակ՝ նույն ոգով…

Ենթադրվում է, որ Ալիևին չսադրելու նպատակով բոլոր այդ քայլերն ակնհայտորեն անբավարար են։ Անհրաժեշտ է նաև ողջ հանրապետությունում հանգցնել լույսն ու բոլորով լուռ նստել։ Քանզի հակառակ դեպքում Երևանի լավ լուսավորվածությունը նույնպես կարող է սադրել Ալիևին։

Այս հասարակական տրամադրությունները, որոնք ոմանց մոտ փոխարկվում են խուճապի, վկայում են Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական ուղեգծի լիակատար տապալման մասին։ Եթե, իհարկե, եղել է այդպիսին՝ ըմբռնելի արտաքին քաղաքական ուղեգիծ։ Իսկ բացի այդ, նման տրամադրությունները վկայում են այն գիտակցման մասին, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի նոր ագրեսիայի լինել-չլինելու հարցը կախված չէ պաշտոնական Երևանից։

Ումից ասես, միայն ոչ պաշտոնական Երևանից։ Կախված է Իլհամ Ալիևից և տարածաշրջանային այլ դերակատարներից։ Կախված է նրանից, թե արդյոք վերջիններս ցանկություն և հնարավորություններ ունեն կանխելու ենթադրյալ նոր ագրեսիան, թե ոչ։ Իսկ Փաշինյանն իր «խաղաղ օրակարգով» այդ հարցում գոյություն չունի։ Նա կարող է միայն մեծացնել առկա ռիսկերը, բայց բնավ ոչ վերացնել դրանք։

Հայտնի դարձավ, որ Բաքուն Երևանին է ուղարկել խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ։ Խաղաղության պայմանագրի այն նախագծի, որը քննարկվում է 2021 թվականից։ Եվ ահա հիմա, երբ մեր խաղաղասեր Փաշինյանն իր ընտրազանգվածին է դեմ տալիս հերթական փուչիկը՝ Ակադեմիական քաղաքի շինարարության ծրագրերի տեսքով, 35 հազար տեղանոց մարզադաշտով, Բաքուն ուղարկում է խաղաղության պայմանագրի նոր տարբերակ։

Ի դեպ, մինչև 2029 թվական Ակադեմիական քաղաք կառուցելու հայեցակարգի Փաշինյանի շնորհանդեսը կառավարության նիստում չափազանց զվարճալի էր։ Չէ՞ որ դա քննարկում էր մի կառավարություն, որը չի կարող նույնիսկ երաշխավորել, թե վաղը պատերազմ չի լինի, և խնդրում է ընդդիմությանը չսադրել Ալիևին…

ՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ ԲԱՔՎԻ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՆ։ Երևանից հայտարարեցին, թե քննարկում են դրանք, ընդ որում խնդրեցին, որ մինչ Երևանում քննարկում է, ցանկալի է, որ Բաքուն մեկնաբանի խաղաղության պայմանագրի այն սկզբունքները, որոնք հնչել են Գրանադայում Միշելի, Մակրոնի, Շոլցի և Փաշինյանի քառակողմ հայտարարությունում։

Սկզբունքները հայտնի են. տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում՝ կոնկրետ քառակուսի կիլոմետրերի նշումով. սահմանազատում և սահմանագծում՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, միջպետական հաղորդակցությունների ապաշրջափակում՝ այդ հաղորդակցությունների նկատմամբ այն երկրների ինքնիշխանության սկզբունքի հիման վրա, որոնցով անցնում են դրանք։

Եվ ահա Երևանը դեռևս սպասում է այդ սկզբունքների վերաբերյալ Բաքվի պատասխանին։ Դա նշանակում է, որ Բաքուն վերապահումներ ունի բոլոր կետերի առնչությամբ. և՛ քառակուսի կիլոմետրերի, և՛ հաղորդակցությունների նկատմամբ ինքնիշխանության, և՛ սահմանների մասով, այսինքն Ալիևը մտադիր չէ պայմանավորվել ինչ-որ բանի շուրջ, ինչը կստիպի նրան հեռացնել զորքերը Հայաստանի տարածքից…

Եվ ահա հիմա Բաքուն նոր առաջարկներ ունի։ Կարելի է հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։ Բաքուն ցանկանում է, որ խաղաղության պայմանագիրն իրեն հնարավորություն տա պահանջել անկլավները և նախատեսի ադրբեջանցիների «մեծ վերադարձի» հնարավորությունը Հայաստան… Մարդատար ավտոմեքենաներով, ոչ թե տանկերով. մեծահոգաբար ժպտում է Ալիևը։