Սերգեյ ԼԱՎՐՈՎ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋև ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ՄԵԾ ՀԱՇՎՈՎ, ԼՈՒԾՎԵԼ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը, մեծ հաշվով, լուծվել է, այժմ կողմերին մնում է միայն հետագա գործնական քայլեր ձեռնարկել հարաբերությունները լիովին կարգավորելու համար։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» ձևաչափով նախարարների հանդիպման արդյունքներով, փոխանցում է ТАСС-ը։

 


«Հակամարտությունը, մեծ հաշվով, լուծված է։ Երկու կողմն էլ համաձայնել է, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, և դա էր հիմնական չլուծված խնդիրը»,- ասել է նախարարը. «Այժմ, իհարկե, մնում են գործնական քայլեր հարաբերությունների լիարժեք կարգավորման համար, առաջին հերթին՝ խաղաղության պայմանագիր նախապատրաստելու, սահմանների սահմանազատման և առանց խոչընդոտների տրանսպորտային տնտեսական կապեր հաստատելու համար, որոնց բոլորի մասին պայմանավորվածություն է եղել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումներում»։

Լավրովի խոսքով՝ Բրյուսելն ու Վաշինգտոնը շարունակում են փորձել ներթափանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթաց։

«Վերջին մեկ տարվա ընթացքում փորձեր են եղել (դրանք շարունակվում են) սահմանազատման գործընթաց ներթափանցելու [Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի], առաջին հերթին՝ Եվրոպական միությունից և որոշ չափով նաև ԱՄՆ-ից»,- նշել է Ռուսաստանի դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը։

Ռուսաստանը պատրաստ է գործնական կերպով օգնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը

Մոսկվան պատրաստ է գործնական կերպով օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկին,- ասել է Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն։

«Բոլոր փորձագետներին քաջ հայտնի է, որ այն ամենը, ինչ անհրաժեշտ է սահմանազատման շուրջ քննարկելու և համաձայնեցնելու [Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի], այդ թվում՝ առաջին հերթին խորհրդային ժամանակներից մնացած քարտեզները, գտնվում են Ռուսաստանի Դաշնության ձեռքում։ Գործընկերները դա հասկանում են: Մենք չենք փորձում դրանից մեծ խնդիր սարքել: Թող նրանք փորձեն իրենց բախտը փորձել Բրյուսելում, բայց մենք միշտ պատրաստ ենք իսկապես օգնել իրական սահմանազատում սկսել»,- ասել է ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը։

News.am-ի նյութերով