ՀԻՄԱ ԷԼ «STRATFOR»-Ն Է ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։
Մինչ ամբողջ շաբաթ և կիրակի օրն իշխանական քարոզչությունն Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ոճով հանրությանն ասում էր, որ «մեր երկինքը փակ է», քանի որ մենք Ֆրանսիայից հակաօդային պաշտպանության համակարգեր ենք գնել, «մեկ այլ ձայն լսվեց» Արևմուտքում, որը գնահատեց Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժման հավանականությունը։
Ամերիկյան մասնավոր հետախուզական և վերլուծական «Stratfor» ընկերությունը կամ ինչպես նրան կոչում են՝ «ստվերային ԿՀՎ», մանրամասնորեն մեկնաբանել է Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժման հավանականությունը։
Ըստ «Stratfor»-ի վերլուծաբանների՝ Բաքուն առաջնահերթություն է տալու «Զանգեզուրի միջանցքի» շահագործմանն առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում, և քանի դեռ աշխարհը շեղված է այլ ճգնաժամերով, իսկ Հայաստանը, համեմատաբար, թույլ վիճակում է, Բաքուն կարող է գտնել, որ հիմա ճիշտ ժամանակն է ուժով «միջանցքը» գրավելու համար:
«Ստվերային ԿՀՎ»-ի կարծիքով՝ Հայաստանի հետ մեկ այլ լայնամասշտաբ պատերազմը, հավանաբար, շատ ավելի մահացու և անկանխատեսելի կլինի, քան նախորդ՝ 2020 թվականին պատերազմը։ Վերջին 2-3 շաբաթվա ընթացքում սա արդեն երկրորդ հեղինակավոր ամերիկացի սուբյեկտն է («Politico»-ից հետո), որը բացահայտորեն խոսում է Հայաստանի տարածք Ադրբեջանի հնարավոր ներխուժման մասին (չնայած ներխուժման մասշտաբներն, ըստ երկու աղբյուրների՝ տարբերվում են)՝ «Զանգեզուրի միջանցքը» ստանալու նպատակով:
Եվ, եթե «Politico»-ին դեռ կարելի է անվանել սուբյեկտ, որը մասնագիտացված չէ տարածաշրջանային կամ անվտանգության հարցերում, ապա «Stratfor»-ն արդեն շատ ավելի լուրջ մակարդակի ակտոր է։
Միայն մեկ օրինակը բավական կլինի հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը։ 2018 թվականի նոյեմբերին՝ Հայաստանում իշխանափոխությունից մի քանի ամիս անց, «Stratfor»-ի էջերում մեր տարածաշրջանին վերաբերող վերլուծություն է հրապարակվել, որում, ի թիվս այլ բաների, նշվում է, որ «ԱՄՆ-ն ամեն ինչ կանի Մոսկվայի և Երևանի միջև սեպ խրելու համար»:
«Վրաստանը համարվում է ԱՄՆ-ի գլխավոր ռազմավարական գործընկերը տարածաշրջանում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Վաշինգտոնը կփորձի հնարավորինս սրել նրա հարաբերությունները հարևան Իրանի հետ։ Բաքուն մնում է զգուշավոր, բայց երբ զգա, որ իրանական ռեժիմը բավական թուլացել է, բացահայտորեն կմտնի ամերիկյան խաղի մեջ։
Ինչ վերաբերում է Երևանին, ապա Վաշինգտոնն ուշադիր հետևելու է Նիկոլ Փաշինյանի վարչակազմի և Կրեմլի միջև հակասությունների հնարավոր խորացմանը և կփորձի նպաստել այդ հակասությունների խորացմանը, քանի որ, ըստ գործակալության, Երևանը մնում է Մոսկվայի միակ հենարանը տարածաշրջանում, և այս կապերի փլուզումը չափազանց կարևոր է Վաշինգտոնի համար»,- գրել են «Stratfor»-ի վերլուծաբանները 2018 թվականին։
Ինչպես տեսնում եք, 5 տարի անց տարածաշրջանում ամեն ինչ զարգանում է ճիշտ այնպես, ինչպես ամերիկացի փորձագետները վերլուծել են 2018 թվականի նոյեմբերին։
Հատկանշական է նաև, որ «ստվերային ԿՀՎ»-ի նոր վերլուծությունը հրապարակվել է Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպումից անմիջապես առաջ։ Եվս մեկ անգամ պետք է նշենք, որ «Stratfor»-ի վերլուծությունը, «Politico»-ի հրապարակումը և Միխեիլ Սաակաշվիլիի բաց նամակը Փաշինյանին, ի թիվս այլ բաների, թեև նուրբ, բայց միանգամայն ակնհայտ դիվանագիտական շանտաժ են։
Փաշինյանին զգուշացնում են Մոսկվայում Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրման հետևանքների մասին:
Հայաստանի իշխանություններին հաջողվեց երկիրը ներքաշել համաշխարհային և տարածաշրջանային խաղացողների աշխարհաքաղաքական բախման հարթություն՝ դրանից բխող բոլոր հանգամանքներով…