Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եթե Ադրբեջանը երեկ ստորագրել է հայտարարություն, որով ճանաչել է տարածքային ամբողջականության սկզբունքը, այսօր պետք է իր օկուպացիոն զորքերը արդեն դուրս բերեր Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

 

«Բայց Ադրբեջանը մի կողմից ընդունելով նման հայտարարություն, մյուս կողմից պահելով իր օկուպացիոն զորքերը Հայաստանի տարածքում, հստակ ուղերձ է հղում, որ ինքը որևէ դեպքում խաղաղության գնալու ցանկություն չունի, եթե այդ «խաղաղության» համաձայնագիրը չլինի Հայաստանի կապիտուլյացիայի հայտարարություն:

Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն` դա ադրբեջանական նարատիվ է, մեզ մոտ կա ցեղասպանվե՞լ, թե՞ ինքնապաշտպանվել, որովհետև Ադրբեջանն իր բոլոր գործողություններով ցույց է տալիս, որ խաղաղությունը իր համար ընդունելի չէ, բացի Հայաստանի կապիտուլյացիայից: Եթե մենք դրան համաձայն չենք, պետք է բոլոր միջոցները ձեռնարկենք, որ ապահովենք մեր տարածքային ամբողջականությունը, Արցախի ժողովրդի քաղաքական իրավունքները, ներառյալ ինքնորոշման իրավունքը: Բայց Հայաստանի իշխանությունները մեզ որևէ լավ տեղ չեն տանում», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Ըստ նրա` ամենալուրջ վտանգն այն է, որ Հայաստանը չդառնա Արևմուտքի, Հյուսիսի ու Հարավի բախման թատերաբեմ:

«Ցավոք սրտի, այս իշխանությունների արտաքին քաղաքականությունը բերել է նրան, որ Հայաստանը վերածվել է բախումների թատերաբեմի: Թե որտեղ են ընթանում բանակցությունները, դա երկրորդական հարց է, առաջին հարցն այն է, թե բանակցությունների սեղանին ինչ է դրված, և այն մարդը, որ Հայաստանն է ներկայացնում, արդյոք պաշտպանում է հայկական շահերը: Ցայժմ մենք որևէ հիմք չունենք պնդելու, որ Հայաստանի բանակցողները պաշտպանում են Հայաստանի շահերը», - ընդգծեց Արթուր Խաչատրյանը։

News.am