Սոֆյա ՀՈՎՍԵՓՅԱՆ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՎԹԱԾ ԿՈՒՅՏՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ Է, ՈՐ ԱՐՑԱԽՑԻՆ ԼՔԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ
«Այն, ինչի միջով անցնում էր արցախցին շրջափակման օրերին, մեզ սովորեցնում էր ճիշտ ապրել։ Այն համառությունը, կամքն ու պնդությունը, որ ունեն նրանք, այսօր ստիպում են չտրվել ու չհանձնվել, որ մենք կորցրել ենք Արցախը»,-ասաց ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որ շրջափակման օրերին յոթ ամիս Արցախում էր ու ակտիվ կերպով մասնակցում էր մանկահասակ երեխաներին կաթնախառնուրդով ապահովելու գործին։
Այսօր Սոֆյա ՀՈվսեփյանը «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում «Աջակցություն արցախցիներին. արվածը, չարվածը և հետագա հսկա անելիքը» թեմայով պանելային քննարկման բանախոսներից մեկն էր։
Անդրադառնալով պետության կողմից արցախցիներին հատկացվող օգնության պատշաճ լինելու մասին հարցին՝ բանախոսն ասաց. «Պետք է տարբերել պետությունը իշխանությունից։ Մենք այսօր չունենք իշխանություն, ունենք մարդկային կույտ, որ զավթել է իշխանությունը։ եվ այդ մարդկային կույտը իր արժեհամակարգով այսօր քայքայում է ամեն ինչ, որը կոնկրետ նպատակային, մտածված գործողություն է»։
Նրա խոսքով, այս պայմաններում արցախցիներից շատերը կհեռանան Հայաստանից, այն, ինչ եղավ Սիրիայի պատերազմից հետո, երբ սիրիահայերից շատերը հեռացան։
«2018 թվականից հետո կույտը շատ լավ հասկանում էր, որ արցախցին իրենց համար վտանգ է։ Առաջին խնդիրը դրվեց արցախցիներին ատելը։ Իրենք իրապես ատում են արցախցուն, և այդ ատելությունն իրապես վախից է։ Իրենք վախենում են, որովհետև արցախցին ունի կամք։ Նրանք ամեն ինչ անում են, որ արցախցին չմնա Հայաստանում, լքի Հայաստանը։ Եվ արցախցիները սկսել են լքել Հայաստանը, մինչդեռ Հայաստանն ունի արցախցու կարիքը»։
Նրա խոսքով, ակսօր Հայաստանում իշխանությունը զավթած կույտը հայերի նկատմամբ իրականացնում է Աթաթուրքի քաղաքականությունը։