ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ, ՀՐԵԱԿԱՆ ՀԱՐՑ. Ո՞Վ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԱՄՆ-ի ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Արցախի ցեղասպանությունը ողջ հայ ժողովրդի ճակատագրից տարանջատելու փորձը նույնն է, թե զատել Արևմտյան Հայաստանի 1915թ. Ցեղասպանությունը Արևելյան Հայաստանում ապրող հայերի ճակատագրից: Չկա առանձին Արցախի հարց, կա Հայկական հարց, դա համահայկական խնդիր է»,- հայտարարել է Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը։ Այն, որ Իսրայելի իրադարձությունները Արցախում սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած ցեղասպանության շարունակությունն էին, ակնհայտ է, ինչպեսև ակնհայտ է, որ ողջ աշխարհում հայերի գլխավոր ու առաջնահերթ խնդիրը պետք է լինի անվտանգ վերադարձը այն երկիր, որտեղ իրենց նախնիներն ապրել են հազարամյակներ շարունակ:

ԻՇԽՈՂ ՌԵԺԻՄԻ ՀԱՄԱՐ ՆՄԱՆ ՕՐԱԿԱՐԳՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է, ՈՒՍՏԻ ՊԵՏՔ Է ՓՈԽԵԼ ՌԵԺԻՄԸ։ Հայկական հարցը միջազգային հանրության օրակարգում կլինի ցանկացած աշխարհակարգի դեպքում, երբ վերանա հողմայնությունը և հետ քաշվի արյան ծովը։ Նրանք, ովքեր այս օրերին ուշադիր հետևում էին Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի արտահայտություններին, դրանց մեջ այդպես էլ չգտան այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ իսրայելական հետախուզությանը ՀԱՄԱՍ-ի («Իսլամական դիմադրության շարժում») հարձակման մասին չի նախազգուշացրել Մեծ Բրիտանիայի հետախուզությունը, որն անցած դարից ի վեր ամենայն մանրամասնությամբ հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին:

Մերձավոր Արևելքի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նորաթուխ նախարար Գրանտ Շափսի բանակցություններն ԱՄՆ-ում շատ բան թողեցին կադրից դուրս, սակայն քաղաքագիտական վերլուծություններում ակնարկներ հայտնվեցին «լուռ պառակտման» մասին։ Ենթատեքստն ակնհայտ է. Բայդենին պետք չէ ահագնացում նախագահական մրցավազքի նախաշեմին և Կոնգրեսում տիրող բարդ իրավիճակի խորապատկերին, իսկ բրիտանացիները, հակառակը, ձգտում են յուղ լցնել կրակին, ինչն արդեն ենթադրություններ է առաջացրել այն պատճառների առնչությամբ, թե ինչու բրիտանական հատուկ ծառայությունները չեն նախազգուշացրել Իսրայելին ՀԱՄԱՍ-ի հարձակման մասին...

Տնտեսական իրավիճակը Մեծ Բրիտանիայում շատ ավելի բարվոք է, քան ԱՄՆ-ում, ուստի Լոնդոնը նոր խաղի է պատրաստվում համաշխարհային ազդեցության համար, փորձելով թուլացնել ոչ միայն Եվրոպային, այլև ԱՄՆ-ին։ Եվրոպան դա հասկանում է, ուստի անցած շաբաթ սկսել է պատմության մեջ առաջին զորավարժությունները Իսպանիայի ափերի մոտ։ Ռիշի Սունակը մեկնեց Իսրայել՝ անձամբ աջակցություն հայտնելու և հրահրելու ղեկավարությանը նոր արյունահեղության՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի թուլացման նպատակով:

Պատմական փաստ. Չերչիլը հրճվանքից խենթացած դուրս է ցատկել լոգարանից լրիվ մերկ և սկսել պարել, երբ նրան զեկուցել են Խորհրդային Միության վրա Գերմանիայի հարձակման մասին։ Մեծ Բրիտանիան միշտ ձգտել է շահել աշխարհի ուժեղ խաղացողների թուլացման հաշվին, և ներկայիս իրավիճակն էլ բացառություն չէ:

Վերլուծաբանները միաձայն խոսում են այն մասին, որ ԱՄՆ-ի «խորքային պետությունը», որի առկայությունն այսօր կասկածի տակ են առնում միայն ամենակարծրացած մտածողության տեր մարդիկ, կիսով չափ բաղկացած է բրիտանացիներից, ուստի աշխարհի ներկայիս վերաբաշխումը ոչինչ չի խոստանում, բացի մեծ արյունահեղությունից: Թուրքիան առաջարկել է ձևավորել մերձավորարևելյան կայունության երաշխավոր պետությունների նոր համակարգ, սակայն հարց է ծագում. ո՞ւմ է այսօր պետք այդ կայունությունը:

Ո՞վ է դեմ արյունահեղությանը և կողմ խաղաղությանը ողջ աշխարհում։ Գուցե Զելենսկու ռեժի՞մը: Հակագրոհի ձախողման և չդադարող արյունահեղության խորապատկերին Ռադան քննարկում է միասեռ ամուսնությունների թույլտվության նախագիծը: Պուտինի և Սի Ցզինպինի հանդիպումից հետո «Բլումբերգը» գրեց, որ «Սին և Պուտինն իրենց հաղթող են համարում. գուցե այդպես է որ կա»:

ՀԱԿԱՀԱՐՁԱԿՈՒՄԸ, ՈՐԸ ԿԻԵՎԸ ՍԿՍԵՑ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՆԳԵՑՐԵՑ 1-ը 8-ի ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ: Զելենսկուն թույլ չտվեցին այցելել Թել Ավիվ, որտեղ նա ցանկանում էր հիշեցնել իր մասին, ընդ որում՝ թույլ չտվեցին կոպտորեն, հասկացնել տալով, որ հրեաներն ու Արևմուտքը այժմ իրենով զբաղվելու ժամանակ ու ցանկություն չունեն։ Ավստրիացի գնդապետ Մարկուս Ռայսները հայտարարեց, որ ուկրաինական հակահարձակումը ձախողվել է։ Իր հերթին՝ հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը բնութագրեց ստեղծված իրավիճակը «դուրս մնացինք գրաֆիկից» բառակապակցությամբ: Ընդամե՞նը։

ՀԱՄԱՍ-ի ողջ ենթակառուցվածքը ոչնչացնել ծրագրող Իսրայելին օգնելու մասին Բայդենի հավաստիացումների խորապատկերին Կիևում խուճապ է տիրում այն առնչությամբ, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները դուրս կմնան համաշխարհային հանրության տեսադաշտից: Իսրայելի ռազմական հրահանգիչներն արդեն լքել են Ուկրաինան։ Լուրեր կան, որ իսրայելցի զինվորականները հեռացել են նաև ադրբեջանցիների բռնազավթած Արցախի տարածքից, որտեղ տեղակայված են իսրայելական զինված համալիրներ, որոնք կոչված են անհրաժեշտության դեպքում գրոհել Իրանը: Հիշեցնեմ, որ Իսրայելը մի քանի տարի շարունակ զենք է վաճառել Ադրբեջանին, հիմա այդ մատակարարումները կկրճատվեն…

Պուտինի և Սիի հանդիպումը Պեկինում, ավելի քան 2 տասնյակ երկրների ներկայացուցիչների մասնակցությունը Չինաստանում կայացած համաշխարհային գագաթնաժողովին, ցույց տվեցին, որ աշխարհում ձևավորվում են համագործակցության հարթակներ՝ ԱՄՆ-ի մասնակցության շրջանցումով: Հենց սա է իրապես ձևավորվող նոր բազմավեկտոր աշխարհակարգը, ի տարբերություն Զելենսկու հայտարարած Ուկրաինա-Իսրայել առանցքի։ Չկա այդպիսի առանցք, փոխարենը ակնհայտ է Մոսկվա-Պեկին-Թեհրան առանցքի ձևավորումը, մանավանդ եթե հաշվի առնենք Իրանում վերջերս հայտնաբերված գազի նոր հանքավայրերը։

Մենք կողք-կողքի դրեցինք Հայկական հարցը և հրեականը ոչ միայն այն պատճառով, որ երկու ժողովուրդներն էլ ցեղասպանության զոհ են դարձել 20-րդ դարում, իսկ այժմ նաև 21-րդ դարում, ընդ որում ՝ նույն հաջորդականությամբ. սկզբում հայերը, հետո հրեաները։ Հիշո՞ւմ եք Հիտլերի հայտնի խոսքերը Հայոց ցեղասպանության մասին։ Միայն թե ցեղասպանությանը հաջորդած արձագանքն էր տարբեր. Իսրայելը պատասխանեց ՀԱՄԱՍ-ի հարձակմանը, աշխարհը սրտատրոփ սպասում է ցամաքային գործողության ծավալմանը, իսկ ՀՀ իշխող ռեժիմը պատրաստվում է նոր զիջումների։ Հարց. կկարողանա՞ արդյոք Իսրայելը դիմակայել արաբական աշխարհին տևական պատերազմի պայմաններում: Այդ պատերազմի վերջը չի երևում, ինչպես որ չի երևում Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումների վերջը։ Ո՞վ է կասեցնելու Մեծ Թուրան ստեղծելու ցեղասպան պետությունների ծրագրերը։

Աշխարհի ներկայիս վերաբաշխման պայմաններում Հայկական հարցը համալրվել է աշխարհաքաղաքական բնույթի մանրամասներով։ 30 տարի միջազգային հանրությունը կարծում էր, թե հայ-ադրբեջանական հակամարտությունը միայն Արցախի պատճառով է, գունավոր այլանդակության հայկական ծաղրապատկերից հետո ակնհայտ դարձավ, որ Բաքուն ու Անկարան նկրտումներ ունեն ոչ միայն Արցախի, այլև Սյունիքում արտատարածքային միջանցքի և այսպես կոչված «անկլավների» նկատմամբ։

Այդ նկրտումների խորապատկերին խաղաղության համաձայնագրի մասին խոսելն ապակառուցողական մտածողության գագաթնակետն է։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն օրերս հանրության ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանի Երրորդ հանրապետության գոյության տարիներին չի եղել խաղաղության միջպետական ոչ մի համաձայնագիր, «խաղաղություն» բառն այդ փաստաթղթերում ընդհանրապես չի հիշատակվել: Ալիևն ասում է, որ Երևան կհասնի առանց տանկերի, և դա միանգամայն իրական սպառնալիք է. Հայաստանի 900 բնակավայրերից ադրբեջանցիները նախատեսում են շտապ կարգով բնակեցնել 300-ը, իսկ հետո ապահովել 150 հազար «նախկին փախստականների» անվտանգությունը համապատասխան ուժային կառույցներով։ Ցուցանշական է, որ սահմանազատման մասին խոսակցությունների խորապատկերին ոչ ոք չի պահանջում, որ Ալիևը դուրս բերի զորքերը 2021 թվականի մայիսի 12-ից ի վեր զավթած տարածքներից:

ԻՍՐԱՅԵԼԻ ԹԻԿՈՒՆՔԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ԱՄՆ-Ը, ԵՎՐՈՊԱՆ, ՃԱՊՈՆԻԱՆ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻԿՈՒՆՔԻՆ՝ ՈՉ ՈՔ։ Իշխող վերնախավը դիվանագիտական տգիտության պատճառով փլուզել է գործընկերային և դաշնակցային հարաբերությունները բոլոր ուղղություններով, իսկ այժմ փորձում է արտաքին քաղաքական հարթակներում պետության բնականոն գործունեությունը փոխարինել խաղաղության համաձայնագրի մասին բաժակաճառերով։ Սա, ավաղ, չափազանցություն չէ, սա փաստի արձանագրում է, հենց այդպես է, որ կա իրականում։

Ի դեպ, խաղաղության համաձայնագրի մասին. Մոսկվայի և Տոկիոյի միջև կան բազմամյա առևտրային հարաբերություններ, բայց չկա խաղաղության պայմանագիր, վիճելի հարցերը մնում են, բայց դրանք չեն խանգարում ժողովուրդների խաղաղ գոյակցությանը: Ադրբեջանի հետ նման համակեցություն հնարավոր չէ, քանզի այդ երկրում սերունդները դաստիարակվում են հայատյացության ոգով։ Այդ արատավոր համակարգը կարող է խաթարել միայն գունավոր հեղափոխությունն ու Ալիևների կլանի տապալումը։ Ի դեպ, Ադրբեջանում նվազագույն աշխատավարձը ամենացածրն է տարածաշրջանում, իսկ 2020-ի ամռանը Տավուշի դեպքերից հետո աշխարհն ականատես եղավ, թե ինչպես կատաղած ամբոխը ներխուժեց Ալիևի նստավայր…

Արևմուտքում կան բավական ազդեցիկ շրջանակներ, որոնք շահագրգռված չեն թուրք-ադրբեջանական տանդեմի հզորացմամբ։ Աշխարհի վերաբաշխման ամենաթեժ պահն է, բողոքի ցույցերն ամենևին հետ չեն պահի Իսրայելին վերջնական նպատակից, Հայաստանը կարող է երկար ժամանակով դուրս մնալ ԱՄՆ-ի տեսադաշտից։ Միակ հույսը նախագահական ընտրություններն են և հայկական Սփյուռքի դերը այդ ընտրություններում: Հայ համայնքը ձայներ է տալիս, իսկ նախընտրական երկու արշավները՝ Բայդենի և Թրամփի, ֆինանսավորում են հրեա գործարարները։ Ամերիկայի մահմեդականների ձայները նույնպես չի կարելի հաշվի չառնել

Այս հորձանուտում Հայաստանի միակ փրկությունը կարող է լինել անհապաղ իշխանափոխությունը և վերադարձը տարածաշրջանային ու գլոբալ համագործակցության հուսալի առանցքին՝ որպես ցեղասպան երկրների հարևանությամբ ապրող քրիստոնյա ժողովրդի անվտանգության երաշխիք: Մերձավոր Արևելքում արդեն սկսել են խոսել կրոնական պատերազմի մասին…