ՄԻՅԱՏՈՎԻՉԸ ՈՉ ՄԻ ԲԱՆՈՒՄ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ. ԱԳՆ-ԻՑ ԱՐՁԱԳԱՆՔ ՉԿԱ ԵՎ ՉԻ ԼԻՆԻ
Հոկտեմբերի 23-ին Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Բաքվում հանդիպում է անցկացրել «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության ներկայացուցիչների հետ: Ըստ Բաքվի ԶԼՄ-ների հաղորդագրությունների՝ նրան «տեղեկացրել են Հայաստանից ադրբեջանցիների բռնի վտարման մասին», ընդգծելով, թե «միջազգային հանրությունը պետք է շտապ միջոցներ ձեռնարկի մարդու իրավունքների այս խախտման կապակցությամբ»: Իսկ Միյատովիչն իբր «կարևորել է փախստականների, այդ թվում՝ Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը, նշելով, որ այդ հարցի լուծումը քաղաքական կամք է պահանջում»:
Եթե ԵԽ հանձնակատարն իսկապես նման բան է ասել, ապա հասկանալի է, որ նա «քաղաքական կամք» է ակնկալում Հայաստանի ղեկավարությունից։ Այս համատեքստում Միյատովիչին կարելի է մեղադրել այն բանում, որ նա հարցին մոտենում է միակողմանի և մի բառ անգամ չի ասում այն 470 000 հայերի իրավունքների մասին, որոնք 1987-1990թթ. բռնի տեղահանվել են Ադրբեջանից՝ ենթարկվելով ցեղասպան բազմաթիվ գործողությունների, այդ թվում խոշորագույն քաղաքներում՝ Սումգայիթում, Գանձակում (Կիրովաբադ) և մայրաքաղաք Բաքվում։
Չենք խոսում արդեն այն մասին, որ նման պնդումները, ինչպեսև այդչափ պերճախոս անվանումով «հասարակական կազմակերպության» ողջ գործունեությունը ոչ այլ ինչ են, քան Ադրբեջանի նկրտումներ Հայաստանի ողջ տարածքի նկատմամբ։ Ինչը Բաքվում մտադիր էլ չեն թաքցնել, Իլհամ Ալիևն ինքն է բազմիցս խոսել այդ մասին բաց տեքստով, և ընդհանրապես, Արցախի բռնազավթումից հետո Հայաստանը գրավելու թուրքերի ծրագրերը վաղուց ի վեր գաղտնիք չեն։
Բայց այդքան հիմնավորվա՞ծ են արդյոք մեղադրանքներն ու կշտամբանքները ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի հասցեին։
«ՀՀ ԱԳՆ-ը պետք է շտապ նոտա ուղղի այս հանդիպման վերաբերյալ և հայտարարի, որ նման հանդիպումները կդիտարկվեն որպես Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային նկրտումների «արդարացում»: Պետք է կանխել այդպիսի հանդիպումները հետագայում»,- նույն օրը գրեց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
Միրզոյանական գերատեսչության կողմից ոչ մի նոտա, բնականաբար, չհաջորդեց. ո՛չ շտապ, ո՛չ ուշացած։ Եվ հոկտեմբերի 24-ին Հայրապետյանը ստիպված էր արձանագրել. «Սա նշանակում է` կամ այդ կառույցը չի աշխատում, կամ էլ առարկություն չկա, որ մեր երկիրը կոչում են «Արևմտյան Ադրբեջան», ավելին` շուտով Փաշինյանը կհամոզի, որ հազարավոր ադրբեջանցիների վերադարձը «խաղաղությանը» միտված քայլ է ու բնավ կապ չունի, որ մեզ ցեղասպանել ու էթնիկ զտման են ենթարկել...»։
Այն պնդումը, որ «Հայաստանի ԱԳՆ-ը չի աշխատում», փոքր-ինչ վիճելի է, քանզի այդ գերատեսչությունը, ընդհակառակը, տքնաջան աշխատում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկման ոլորտում։ Եթե դիտարկենք արձագանքի բացակայությունն այդ համատեքստում, ապա ամեն ինչ միանգամից իր տեղն է ընկնում. ոչ մի նոտա չեղավ և չի էլ լինի այն պատճառով, որ Հայաստանի օկուպացիոն իշխանությունները բացարձակապես ոչինչ չունեն «ադրբեջանցի փախստականների վերադարձի» դեմ։ Եվ, համապատասխանաբար, առանձնակի ոչինչ չեն տեսնում նրանում, որ Միյատովիչը Բաքվում հանդիպել է այդպիսի անվանումով «ՀԿ»-ի հետ։
Ավելին, միանգամայն հավանական է, որ հաշվի առնելով հարցի նուրբ բնույթը, նա Երևանում, ուր ժամանել էր նախքան Բաքու մեկնելը, Փաշինյանի և Միրզոյանի հետ քննարկել է իր մտադրությունները և առարկության չի բախվել։ Բնականաբար, նրան ոչ մի բառ չի ասվել նաև Ադրբեջանից հեռացած հայ փախստականների մասին։ Որևէ մեկն առհասարակ լսե՞լ է ավելի քան հինգ տարիների ընթացքում, որ ՀՀ իշխանությունների որևէ ներկայացուցիչ հիշատակած լինի Ադրբեջանի գրեթե կեսմիլիոնանոց հայ համայնքի և նրա իրավունքների մասին։
Ուրեմն ինչո՞ւ պիտի Եվրոպայի խորհրդի հանձնակատարը հրաժարվի ադրբեջանցի փախստականների հետ հանդիպումից, որոնք պետական հովանու ներքո ստեղծված հասարակական կազմակերպության միջոցով շատ ակտիվորեն, հաստատակամ առաջ են տանում իրենց «իրավունքները»։ Ինչո՞ւ պիտի Դունյա Միյատովիչը հոգ տանի Ադրբեջանից հայ փախստականների իրավունքների մասին, եթե Երևանում նրան ոչ ոք այդ մասին չի էլ ակնարկում։
«Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը ստեղծվեց անցած տարվա օգոստոսին, իսկ դեկտեմբերին դրա անդամները հանդիպեցին Ալիևի հետ, որն առանց դեսուդեն ընկնելու, ի լուր աշխարհի հայտարարեց ստեղծման նպատակների մասին. հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձ Հայաստան։ «Կգա այն օրը, երբ Արևմտյան Ադրբեջանի մեր հայրենակիցները, նրանց մերձավորները, երեխաներն ու թոռները կվերադառնան մեր պատմական հող՝ Արևմտյան Ադրբեջան։ Ներկայիս Հայաստանը մեր հողն է»,- ասաց իր արյունոտ հաղթանակներով արբած բռնապետը։ Դրանով իսկ մեկնարկ տալով բուռն գործունեությանը, որի նպատակն է՝ համոզել միջազգային հանրությանը Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի նկրտումների և այն իր քաղաքացիներով բնակեցնելու հիմնավորվածության մեջ։
Այս տարվա մարտին «ՀԿ»-ն դիմել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ խնդրելով «աջակցել ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձին Հայաստան»: Դիմում էր հղվել նաև ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը, որում ասվում էր, որ առաքելության մանդատը «ենթադրում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանություն, ուստի իրենք պահանջում են զբաղվել այդ երկրից տեղահանված ադրբեջանցիների իրավունքներով և անվտանգությամբ»:
Մի փոքր շեղվելով թեմայից՝ նշեմ, որ ԵՄ առաքելության գործունեության մեկնարկին հայաստանյան ԶԼՄ-ներում և սոցցանցերում շրջանառվում էր վարկած, որ առաքելության իրական նպատակը ադրբեջանցիների վերադարձի նախապատրաստումն է Սյունիքի գյուղեր։ Թե ինչ են պատասխանել դիմումին Միշելն ու առաքելության անդամները, և արդյոք ընդհանրապես պատասխանել են, թե ոչ, հայտնի չէ, սակայն «ադրբեջանցիների վերադարձի» թեման վերջին ամիսներին սրընթաց զարգանում է՝ ոչ մի արձագանքի չարժանանալով ՀՀ իշխանությունների կողմից։
Նշյալ «ՀԿ»-ի գոյության մեկ տարվա ընթացքում ոչ մի անգամ ո՛չ ԱԳՆ-ը, ո՛չ էլ փաշինյանական կառավարության մյուս կառույցները հանդես չեն եկել դրա հնչեցրած հայտարարությունների հստակ և վճռական դատապարտմամբ, նույնիսկ Ալիևի «ներկայիս Հայաստանը մեր հողն է» հայտարարության։ Եթե անգամ ինչ-որ արձագանք եղել է, ապա այնքան թույլ, անըմբռնելի ու բացահայտ ձևական, որ դա լուրջ ընդունելն անհնար է։ Դժվար թե կասկածներ լինեն, որ նույն Միշելի մասնակցությամբ Բրյուսելում կայացած հանդիպումներում, հնարավոր է նաև Մոսկվայում, այդ թեման վստահորեն արծարծվել ու քննարկվել է, և Փաշինյանը սկզբունքային համաձայնություն է տվել այդ «վերադարձին»։
Կարելի է վստահորեն ենթադրել, որ հատկապես հիմա՝ Արցախի վերջնական հանձնումից հետո, դա կդառնա գլխավոր թեմաներից մեկը բանակցային հարթակներում։ Պարզապես այն պատճառով, որ Բաքվի ռեժիմի գլխավոր խնդիրներից մեկն է առաջիկա տարիներին։
Ուրեմն ինչո՞ւ պիտի Հայաստանի ԱԳՆ-ը արձագանքեր Դունյա Միյատովիչի հանդիպմանը, եթե նման միջոցառումների տրամաբանությունը լիովին տեղավորվում է ՀՀ իշխանությունների քաղաքականության և Փաշինյանի վերջնական նպատակի մեջ. վերածել Հայաստանը «Արևմտյան Ադրբեջանի»։
Ախր հասկանալի է, չէ՞, որ «ադրբեջանցի փախստականները» շատ ավելի մոտ ու թանկ են Նիկոլի սրտին, քան իր համար այնքա՜ն ատելի հայերը։ Մասնավորապես՝ նրանք, ովքեր չեն ցանկանում հաշտվել ո՛չ Արցախի կորստի, ո՛չ Հայաստանի թուրքացման հետ և վստահ են, որ չարի արմատը ո՛չ Ստրասբուրգում է, ո՛չ Բրյուսելում, ո՛չ Մոսկվայում և ո՛չ էլ Վաշինգտոնում։ Չարի արմատը Երևանում է և դրա անունն է՝ Փաշինյան ու իր կուսակցություն։ Հենց այդ «արմատից» էլ բխում է մնացյալ ողջ չարիքը։