ԱՐԱԳ ԸՆԹԱՑՔ
Թեհրանում «3+3» ձևաչափով (առանց Վրաստանի մասնակցության) տարածաշրջանային խորհրդակցական հարթակում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը առանձին բանակցություններ է անցկացրել Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ։ Իսկ այ, Սերգեյ Լավրովի հետ առանձին խոսակցություն չի եղել։ Եվ, ի դեպ, Թեհրանում հանդիպումը սկսվել է մինչև «Տուտտիի տիկնիկները» հաղորդումը։ Այնպես որ չի կարելի համարել, թե Արարատ Միրզոյանի թեհրանյան օրակարգը հայկական ԱԳՆ-ի պատասխանն էր։ Ավելի շուտ ենթադրվում է հետադարձ կապ։
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՔԱՆ ՖԻԴԱՆԻ ՀԵՏ, թուրքական գաղտնի ծառայությունների նախկին ղեկավարի, որը Էրդողանի ձեռքից պարգև է ստացել 44-օրյա պատերազմի ընթացքում իր գործունեության համար։
Արարատ Միրզոյանը քննարկելու բան ուներ Անկարայի ներկայացուցչի հետ, որն ամեն տարի նոր նախապայմաններ է հորինում Երևանի հետ հարաբերությունների կարգավորման համար։ Արարատ Միրզոյանը քննարկելու բան ուներ նաև Ջեյհուն Բայրամովի հետ, որը պահանջում է մերթ «միջանցք», մերթ այսպես կոչված անկլավներ, մերթ ադրբեջանցի փախստականների վերադարձ…
Իսկ Լավրովի հետ Միրզոյանը քննարկելու ոչինչ չուներ։ Դե, ոչինչ, ուրեմն ոչինչ։ Եվ Լավրովը քննարկումներ անցկացրեց Բայրամովի հետ։ Ե՛վ Թեհրանում, և՛ անմիջապես Թեհրանից հետո։
Հայ-ռուսական հարաբերությունների խնդիրն այն չէ, որ դրանք հիմա պարզապես վատ են։ Խնդիրն այն է, որ դրանց լավացման հեռանկար չի նշմարվում։ Հայաստանի ներկայիս իշխանությունների օրոք, բնականաբար։ Կարևոր վերապահում։ Ներկայիս իշխանությունների օրոք բարելավման միտում չի լինելու, միայն անկում, Հայաստանի «ուկրաինացումը» շարունակվելու է։
Բիսմարկին է վերագրվում այն հայտնի արտահայտությունը, որ «ռուսները երկար թամբում են, բայց արագ վարգում».Գերմանացի երկաթե կանցլերը նկատի ուներ, որ ռուսներին դժվար է տեղից շարժել, բայց այ հետո ավելի դժվար է, եթե ոչ անհնարին, նրանց կանգնեցնել։ Այլ կերպ ասած՝ երկար համբերում են, ցավոտ հարվածում։
Ի՞նչն է բնորոշ Կրեմլի քաղաքականությանը։ Այնտեղ չեն շտապում առճակատման գնալ, երբ խնդիրներ են ծագում։ Սկզբում ջանում են հաշտ ու խաղաղ կարգավորել։ Այդպես եղավ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում։ Մոսկվան երկար ժամանակ փորձում էր կարգավորել հարաբերությունները դաշինքի հետ, բայց անարդյունք։ Այդպես եղավ նաև Ուկրաինայի հետ, որտեղ Մոսկվան 2014 թվականից ի վեր փորձում էր կենսագործել չարաբաստիկ մինսկյան պայմանավորվածությունները։ Եվ միայն 8 տարի անց դիմեց արմատական քայլերի, համոզվելով, որ իրեն տարրականորեն «քցում» են։ Ի դեպ, Պուտինին յուրայիններն էլ հաճախ քննադատում են հենց նրա համար, որ երկար ժամանակ հույս ուներ պայմանավորվել Կիևի հետ։
Արտաքին քաղաքական խնդիրներ ծագելուն պես Կրեմլը և Սմոլենսկի հրապարակը քայլեր են ձեռնարկում դրանք համաձայնեցմամբ լուծելու համար։ Բայց երբ համոզվում են, որ հակառակ կողմը հրաժարվում է ընդունել Մոսկվայի առաջարկած տրամաբանությունը, երբ Կրեմլը համոզվում է, որ հարցը սիրահոժար լուծել անհնար է, որ պետք է գնալ առճակատման, ապա այդժամ նա գնում է մինչև վերջ։ Այդպես եղավ և՛ Վրաստանի, և՛ Ուկրաինայի պարագայում։
Ըստ էության, թագաժառանգ Տուտտիի և նրա տիկնիկների մասին հաղորդումը, իր բոլոր վրիպումներով ու վրիպակներով հանդերձ, հենց այդ մասին էր։ Այն մասին, որ անդարձելիության կետն անցել ենք, որ Երևանի ներկայիս իշխանությունները հետդարձի ճանապարհ չունեն, իսկ Կրեմլը մտադիր չէ հակառակ ընթացք տալ։
Ի՞նչ կարելի է ասել։ Մոսկվայի հետ առճակատվելու համար Երևանն ընտրել է բնավ ոչ ամենահարմար պահը։ Բացարձակապես անպատեհ ժամանակ։ Բայց Նիկոլ Փաշինյանը, իհարկե, երբեք և ոչ մի բանում մեղավոր չէ։