ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ
Նախօրեին Հայաստանի Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի Ֆրանսիա կատարած այցի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Մասնավորապես, ռազմական տեխնիկայի մատակարարման ու հայկական ստորաբաժանումների՝ Ֆրանսիայից ժամանած մասնագետների կողմից պատրաստման մասին։ Այցը և դրա արդյունքները լայնորեն լուսաբանվեցին ԶԼՄ-ներում։
Ինչի՞ շուրջ են պայմանավորվել կողմերը.
- Հայաստանը ֆրանսիական Թալես ընկերությունից ձեռք է բերում երեք GM 200 ռադար
- Հայաստանը ստորագրել է Mistral դյուրակիր զենիթահրթիռային համալիրներիներ ձեռք բերելու մտադրության արձանագրություն
- Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրել են ՀՕՊ-երի վերաբերյալ մտադրությունների մասին հուշագիր, Ֆրանսիան Հայաստանի ՀՕՊ-ի աուդիտ կիրականացնի
Բացի այդ, «ռազմական պատրաստության և հայկական բանակի վերափոխմանը նպաստելու» շրջանակներում, ըստ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուի.
- Ֆրանսիան Հայաստանում պաշտպանական առաքելություն է բացել դեռ հունվարին
- Ֆրանսիան Հայաստանի Պաշտպանության նախարարություն կուղարկի սպա՝ որպես ռազմական խորհրդական
- Ֆրանսիան համագործակցում է Հայաստանի սպայական ուսումնական հաստատությունների հետ
- Ֆրանսիան նախատեսում է մարզել հայկական օպերատիվ ստորաբաժանումները՝ հատկապես դիպուկահարների պատրաստման և օպերատիվ ստորաբաժանումների ոլորտներում։
Ի՞նչ զինատեսակներ է գնում Հայաստանը
Թալես ընկերության Ground Master 200 ռադարները Thales Ground Master ընտանիքի բազմաֆունկցիոնալ միջին հեռահարության հակաօդային պաշտպանության ռադարներ են: Դրանք նախատեսված են շատ ցածրից մինչև շատ բարձր բարձրություններից (24 կմ) օդային թիրախներին հետևելու համար՝ սկսած թեթև անօդաչու թռչող սարքերից և համակարգելու հակաօդային համակարգերը շատ կարճից մինչև միջին հեռահարությունից։ Ռադարի հեռահարությունը հսկողության ռեժիմում 250 կմ է, իսկ մարտական ռեժիմում՝ 100 կմ, ռադարը կարող է նաև զգուշացնել հրթիռների, հրետանու և ականանետների կրակի մասին և այլն։ Մեկ ռադարի գինը մոտավորապես գնահատվում է 15 միլիոն եվրո։
«Միստրալ» դյուրակիր զենիթահրթիռային համալիրների կրակի հեռահարությունը մինչև 6 կմ, թիրախի բարձրությունը՝ մինչև 3 կմ է։ Ցուցանիշները նման են ներկայումս գործող Igla համալիրներին (Igla-ի թիրախային ներգրավման բարձրությունը մի փոքր ավելի բարձր է):
Որո՞նք են այս համաձայնագրերի դրական և բացասական կողմերը
Հայկական բանակի վերազինումը կարելի էր դրական կողմ համարել։ Մասնավորապես, Հայաստանը պետք է ուժեղացնի հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պատերազմի բաղադրիչը։ Այնուամենայնիվ, զենքի գնման նման հրապարակային ձևաչափն ավելի շատ PR-ի տպավորություն է թողնում, քան երկրի պաշտպանունակությունն ուժեղացնելու իրական փորձ: Ավելի վաղ Հայաստանի «կառավարությունն» արդեն իսկ գործարկել էր նմանատիպ սխեմա՝ «Հնդկաստանից զենքի մատակարարումներով»։ Եթե որևէ երկրի կառավարություն իսկապես շահագրգռված է ռազմական անվտանգության ապահովմամբ, ապա նախ զենք է գնում, հետո կարող է դրա մասին ասել որպես փաստ։ Այժմ հնդկական և ֆրանսիական զենքի «ապագա մատակարարումների» գովազդը Ադրբեջանին տալիս է միայն հարձակման ճշգրիտ ժամանակի հաշվարկի հնարավորություն: Ի վերջո, արտադրողից գնված զենքերը պատվիրատուին հասնում են մոտ 2 տարում։ Հնդկաստանից դեռ զենք է «գնվում», իսկ Ադրբեջանն արդեն լիկվիդացրել է Արցախը և նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։
Ձեռք բերված պայմանավորվածություններից ակնհայտ է, որ Ֆրանսիան այս պահին լուրջ սպառազինություն չի մատակարարում, սակայն նրա զինուժը վերահսկողության տակ է առնում Հայաստանի զինված ուժերը։ Մասնավորապես, ֆրանսիացի զինվորականների «աուդիտը» ենթադրում է հասանելիություն Հայաստանի, մասամբ նաև Ռուսաստանի ռազմական գաղտնիքներին, քանի որ Հայաստանն ու ՌԴ-ն ունեն զորքերի միացյալ խումբ և հակաօդային պաշտպանության միասնական համակարգ։ Հարց է առաջանում թե՛ քաղաքական, թե՛ ռազմատեխնիկական բնույթի՝ ֆրանսիական ռադարները կինտեգրվե՞ն հայ-ռուսական ՀՕՊ համակարգին։
Անպատասխան է մնում նաև այն հարցը, թե որքանով ֆրանսիացի զինվորականներին հասանելի կլինեն մատակարարվող սարքավորումները և կկարողանան օգտագործել այն, այդ թվում՝ Իրանի և Հայաստանում տեղակայված ռուսական զորքերի դեմ հետախուզության համար։
Հարցեր կան նաև ֆրանսիացիների կողմից հայ սպաների պատրաստության հետ կապված։ Որքանո՞վ այդ սպաները կարող են պահանջված լինել Հայաստանի ռազմական համակարգում, կարո՞ղ են տարաձայնություններ լինել ֆրանսիացիների և ռուսների կողմից ռազմական պատրաստվածություն ունեցողների միջև՝ հաշվի առնելով այս պետությունների ակնհայտ թշնամական հարաբերությունները և այլն։
Քաղաքական տեսանկյունից գործարքը նույնպես լուրջ խնդիրներ ունի։ Փաստացի Հայաստանի «կառավարությունը»՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ռազմավարական շրջադարձ է կատարում։ Ռուսաստանում, այդ թվում՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարի կողմից, արդեն իսկ հայտարարություններ կան, որ ՆԱՏՕ-ն Հայաստանում առաջ է տանում իր շահերը և գործում է Ռուսաստանի Դաշնության դեմ։ Ֆրանսիայից ժամանած զինվորականների առկայությունը չի կարող անհանգստություն չառաջացնել Թեհրանի համար։ Մինչդեռ Իրանը տարածաշրջանային տերություն է, որը 2020 թվականի Արցախյան երրորդ պատերազմից հետո իր կոշտ դիրքորոշմամբ հետ է պահում Ադրբեջանին և Թուրքիային Սյունիքի միջանցքը ճեղքելու փորձերից։ Իսկ ռազմական ոլորտում համագործակցությունը հարևան Իրանի հետ, որի հետ Հայաստանն ունի նույն շահերը, ավելի տրամաբանական լուծում է թվում, բայց Փաշինյանի «կառավարությունը» կրկին գնում է «իր ճանապարհով»՝ կրկին մեծացնելով Հայաստանի անվտանգության սպառնալիքները։
Հարկ է նշել, որ Ֆրանսիան Թուրքիայի 10 լավագույն տնտեսական գործընկերների թվում է, չնայած խորհրդարանի դիրքորոշմանը, Ֆրանսիայի իշխանությունները հրաժարվեցին նույնիսկ քննարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցը, ֆրանսիական խոշորագույն «Total Energy» ընկերությունը գազ է ստանում Կասպից ծովի ադրբեջանական հատվածից և այլն։
Կարեն Իգիթյան, HayAliq.com