Carnegie․ ԻՆՉՈ՞Ւ Է ԻՐԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴԵՊԻ ԱԴՐԲԵՋԱՆ ՎԵՐԱԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ
2023 թվականի աշնանը Երևանը ոչ միայն ռազմաքաղաքական առումով ամբողջությամբ պարտվեց, այլև կորցրեց իր գլխավոր դաշնակցի՝ Ռուսաստանի աջակցությունը։ Սա Իրանին դրդեց հրաժարվել Հայաստանի հետ հատուկ հարաբերությունների քաղաքականությունից, հաշտվել տարածաշրջանային նոր կարգի հետ և փորձել դրանից օգուտ քաղել՝ մասնակցելով նոր տրանսպորտային միջանցքների ստեղծմանը։ Այս մասին Carnegie Endowment for International Peace-ում տպագրված «Ընտրելով տրանզիտները. Ինչո՞ւ է Իրանը Հայաստանից դեպի Ադրբեջան վերակողմնորոշվել» հոդվածում գրում է Նիկիտա Սմագինը։
Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, 2020 թվականի աշնանը Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հաղթանակների արդյունքում Հարավային Կովկասում նոր իրողություն է ի հայտ եկել։ Իրանն այդ իրադարձությունների անմիջական մասնակիցը չէր և չէր կարող լրջորեն ազդել տեղի ունեցողի վրա։ Թեհրանին սկսեց հատկապես անհանգստացնել Բաքվի սպառնալիքները՝ բռնի ուժով Զանգեզուրի միջանցք բացելու մասին, որն Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Նման սցենարի դեպքում Իրանը կկտրվի Հայաստանից՝ կորցնելով հայկական տարածքով Սև ծովի տարանցման ելքը։
«Փորձելով հակադարձել Հարավային Կովկասում թուրք-ադրբեջանական ազդեցության աճին՝ Իրանը սկսեց մերձենալ Հայաստանին: Ճիշտ է, բանը մեծ հաշվով սահմանափակվում էր խորհրդանշական ժեստերով՝ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններով և հաճախակի այցելություններով։Սա ներառում է նաև հայկական Կապանում Իրանի հյուպատոսության բացումը, ինչպես նաև Իրանի ադրբեջանցիների կենտրոն համարվող Թավրիզ քաղաքում հայկական դիվանագիտական ներկայացուցչություն բացելու ծրագրերը: Այս ֆոնին Իրանի և Ադրբեջանի հարաբերություններն ապրում էին վերջին տասնամյակների ամենածանր ճգնաժամը։ Թեհրանը սպառնացել է վճռական պատասխան տալ, եթե Բաքուն փորձի ուժով փոխել սահմանները, իսկ իր մտադրությունների լրջությունն ապացուցելու համար զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի սահմանին։ Բաքուն էլ ավելի կոշտ արձագանքեց՝ ըստ էության սպառնալով աջակցել Իրանում էթնիկ ադրբեջանցիների անջատողականությանը, որոնք այնտեղ ավելի շատ են, քան բուն Ադրբեջանում։ 2023 թվականի սկզբին ադրբեջանական կողմը դե ֆակտո իջեցրեց դիվանագիտական հարաբերությունների մակարդակը՝ տարհանելով Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին։ Դա տեղի է ունեցավ այն բանից հետո, երբ Կալաշնիկով ինքնաձիգով զինված իրանցին ներխուժեց դեսպանատան տարածք։ Իրանական կողմը պնդում էր, որ հարձակվողը զուտ անձնական դրդապատճառներ է ունեցել, սակայն այդ փաստարկները չօգնեցին խուսափել կոնֆլիկտից»,- գրում է Սմագինը։
«Թվում է, թե 2023 թվականը միայն նոր խնդիրներ էր խոստանում իրանա-ադրբեջանական հարաբերությունների համար։ Սակայն հոկտեմբերի 19-20-ին Ադրբեջանի կողմից արագ իրականացված ղարաբաղյան օպերացիան Թեհրանի խիստ զուսպ արձագանքն առաջացրեց։ Իսկ Զանգեզուրի միջանցքի հարցում իրանցիներն արդեն այդքան կատեգորիկ չեն։ Ավելին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի վերջին հայտարարեց, որ Իրանը դրական է վերաբերվում այս նախագծին։
Իրանը վերանայեց իր մոտեցումները՝ գիտակցելով Կովկասում նոր կարգերի անխուսափելիությունը։ Իրանցիների՝ Հայաստանի հետ մերձենալու փորձերը նյարդայնացրին Ադրբեջանին, սակայն լուրջ օգուտներ չխոստացան։ Թեհրանը ռիսկում էր կապվել պարտվող երկրի հետ մի տարածաշրջանում, որտեղ այսուհետ գերիշխում է Բաքվի և Անկարայի թշնամական դաշինքը:
Իսլամական Հանրապետության համար լրացուցիչ փաստարկ էր Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու՝ Հայաստանի փորձերը։ Հատկապես ուժեղ գրգռիչ դարձան հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները։ Իրանի իշխանությունները բազմիցս կարմիր գիծ են անվանել արտատարածաշրջանային ուժերի առկայությունն իրենց սահմաններին։ Ընդ որում, խոսքն այս դեպքում ամերիկացի զինվորականների մասին էր։
Էլ ավելի կարևոր գործոն. Երևանի համագործակցությունը Վաշինգտոնի հետ վերջնականապես շեղեց Ռուսաստանը Հայաստանից։ Մոսկվան փաստացի քարտ-բլանշ տվեց Ադրբեջանին՝ ղարաբաղյան հարցը ուժով լուծելու համար։ Իսկ Թեհրանն այս իրավիճակում չցանկացավ լինել միակ կողմը, որը համառորեն աջակցում է պարտվողին։
Ե՛վ ղարաբաղյան իրադարձությունները, և՛ մեկ այլ պատերազմ՝ Ռուսաստանի՝ Ուկրաինայի հետ, լրջորեն ազդեցին Իրանի արտաքին տնտեսական ռազմավարության վրա։ Վերցնենք, օրինակ, այն, որ արևմտյան պատժամիջոցների ֆոնին՝ Մոսկվան սկսեց հատուկ ուշադրություն դարձնել համագործակցության այլընտրանքային ուղիներին, այդ թվում՝ Իրանին։
Ամենահեռանկարային նախագծերից մեկը, որի վրա աշխատանքն ակտիվացել է ուկրաինական հակամարտության սուր փուլի մեկնարկից հետո, «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքն է։ Ռուսաստանն ակնկալում է իր տարանցման զգալի մասը դեպի այս երթուղի վերահղել։ Առայժմ փոխադրումների հետագա ծավալների կամ հնարավոր եկամուտների բոլոր գնահատականները պարզապես ենթադրություններ են։ Այդուհանդերձ, Մոսկվայի համար ուղղության կարևորությունը պերճախոս կերպով ցույց է տալիս Ռեշտ-Աստարա երկաթուղու բացակայող հատվածն Իրանում կառուցելու պատրաստակամությունը՝ ծախսերը վճարելով սեփական 1,3 միլիարդ եվրո վարկով։
Իրանը շատ բան է ակնկալում նոր տրանսպորտային միջանցքից՝ ընդհուպ մինչև այն, որ ապագա տարանցումը «նոր նավթ» են անվանում։ Սակայն նախագծում ներգրավված է ոչ միայն Ռուսաստանը, այլև Ադրբեջանը, որի տարածքով անցնելու է նոր երթուղին։ Հասկանալի է, որ Բաքվի հետ առճակատման ժամանակ այս ուղղության զարգացումը հեշտ չի լինի և հղի է կանոնավոր խնդիրներով, ինչպիսիք են սահմանին բեռների անսպասելի ուշացումները: Ուստի, առանց Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների տաքացման, չէր լինի։ Ավելին, արդեն այժմ Ռուսաստանի և Իրանի միջև արագ աճող (+20%՝ 2022թ.) առևտրի զգալի մասը բեռնատարներով անցնում է Ադրբեջանի տարածքով։
Ավելին, Ադրբեջանն Իրանի համար անփոխարինելի է մեկ այլ տրանսպորտային նախագծում, որը կարող է իրականացվել շատ ավելի արագ, քան «Հյուսիս-Հարավ» միջանցքը։ Խոսքը Զանգեզուրի միջանցքի մասին է։ Նախիջևանով անցնող ճանապարհները՝ երկաթուղային և ճանապարհային, ոչ միայն կկապեն Թուրքիան և Ադրբեջանը, այլև հնարավոր կդարձնեն «Հյուսիս-Հարավ» միջանցքը միացնել այս երթուղուն։ Խորհրդային տարիներին Իրանից մինչև Ջուղա (Նախիջևան) երկաթուղի է եղել։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Իրան տանող խորհրդային ճանապարհի կովկասյան հատվածը բաժանվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև և այն օգտագործելն անհնարին դարձավ։ Այժմ այս երթուղին շահագործման հանձնելու համար բավական է վերականգնել կամ վերակառուցել հիմնական ադրբեջանական տարածքից Ջուղա տանող մի փոքր հատված։
Նախկինում Թեհրանը դեմ էր Զանգեզուրի միջանցքին, քանի որ չէր ցանկանում ադրբեջանական կողմին տալ Հայաստանի հետ սահմանի վերահսկողությունը։ Բայց, կարծես թե, Բաքուն և Թեհրանը կարողացան փոխզիջում գտնել՝ համաձայնել, որ երկաթուղին մասամբ անցնի Իրանի տարածքով։ Այսպիսով, Թեհրանն իրավիճակը վերահսկելու ավելի շատ հնարավորություններ կունենա։ Իրանցիները գոհ են այս պայմանավորվածությունից: Եթե նախագիծն իրականացվի, նրանք Թուրքիայի տարածքով ելք կստանան դեպի Միջերկրական ծով, իսկ Ադրբեջանի տարածքով՝ երկաթուղի դեպի Ռուսաստան։
Այս բոլոր գործոններն ակնհայտորեն գերազանցում են Հայաստանի տարածքով սևծովյան տարանցման կարևորությունը։ Իդեալական իրավիճակում, Թեհրանը կցանկանար հրաժարվել ո՛չ մեկից, ո՛չ մյուսից։ Բայց եթե պետք է ընտրել, ապա որոշումն ակնհայտ է։
Բաքվի հետ ապարդյուն վեճերի փոխարեն Թեհրանը որոշեց հաշտվել տարածաշրջանային նոր կարգի հետ և օգուտ քաղել դրանից։ Ապագայում իրանական կողմը մուտք կգործի դեպի նոր տարանցիկ ուղիներ և կերաշխավորի Ռուսաստանի հետ առևտրի զարգացումը, որի վրա Իսլամական Հանրապետությունը լուրջ հույսեր է կապում։ Առանց Իրանի և Ադրբեջանի միջև նորմալ հարաբերությունների, այս ամենն անիրատեսական կլիներ»,- եզրափակում է հոդվածի հեղինակը։