ՍՔԱՆՉԵԼԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Սքանչելի հեռանկարներ ունի Հայաստանը ամենատեսանելի ապագայում։ Այս մասին մենք իմացանք Թբիլիսիում «Մետաքսի Ճանապարհ» անվանումով համաժողովին մասնակցած հայ պաշտոնյաների հայտարարություններից: Ինչպես հանգամանորեն, քարտեզներով ներկայացրեց Փաշինյանը, Երևանը պատրաստ է բացել բազմաթիվ ճանապարհներ՝ ավտոմոբիլային և երկաթուղային, Հայաստանի տարածքի միջով Թուրքիայի և Ադրբեջանի կապի համար։ Եթե պետք է, կնորոգի հները, եթե պետք է՝ կկառուցի նորերը։ Արդյունքում Հայաստանն ինքը նոր ելքեր կստանա դեպի Իրան, Ռուսաստան, եղբայրական Թուրքիա և Ադրբեջան, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի Հայաստանի բարգավաճմանը։ Այսպիսով, ինչպես համոզում էր Փաշինյանը ապշահար ունկնդիրներին, այդ բոլոր ճանապարհների բացումից հետո Հայաստանը կդառնա «խաղաղության խաչմերուկ»։

Իսկ երբ Հայաստանը դառնա «խաղաղության խաչմերուկ», ապա այդտեղից, հավելենք մենք, ընդամենը մեկ քայլ կմնա, որպեսզի դառնանք նաև աշխարհի մայրաքաղաք: Եվ այդժամ արդեն ոչ ոք չի համարձակվի անվանել Հայաստանն ընդամենը «ժողովրդավարության բաստիոն»։ Հայաստանն այդուհետ հարկ կլինի կոչել ժողովրդավարության, խաղաղության, բարգավաճման, սիրո, համերաշխության, անվտանգության, համագործակցության, մարդու ավանդական և ոչ ավանդական իրավունքների բաստիոն: Դե, կամ կարճ ասած՝ «քաղաքակրթության բաստիոն»։

Հայաստանի հաջողություններից ապշած Արևմուտքը, որը, ըստ Փաշինյանի, արդեն զարմացած է, թե ինչպես են Հայաստանում դիմավորում արցախցի հայրենակիցներին, Երևան կտեղափոխի ՄԱԿ-ի կենտրոնակայանը, որպեսզի այլ երկրների համար ավելի հեշտ լինի ուսումնասիրել Հայաստանի փորձը։ Որպես հետևանք՝ վերջապես լուծում կստանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման հարցը։ Հայաստանը կընդգրկվի դրա կազմում՝ Անվտանգության խորհրդի մյուս անդամների վետոյի վրա վճռորոշ վետո դնելու իրավունքով։ Այդուհետ Անվտանգության խորհրդի բոլոր նիստերը կանցկացվեն բացառապես Երևանում, քանի որ Հայաստանի մայրաքաղաքի երկինքը հուսալիորեն կփակվի ֆրանսիական երեք ռադիոտեղորոշիչ կայանքներով, ֆրանսիացի մեկ տեսուչով, ինչպես նաև բաց և փակ տիեզերքն ակոսող հայկական արբանյակներով:

Քիչ էր մնում մոռանայինք։ Ինչպես նշվեց Թբիլիսիում, ևս մեկ վարդագույն հեռանկարն այն է, որ շուտով Հայաստանը պատրաստ կլինի գնել թանկ, բայց առաջավոր ադրբեջանական գազը։ Հասկանալի է՝ էժան ու հնացած ռուսականի փոխարեն։

Արդյունքում նոր խթան կստանա Հայաստանում նոր քաղաքների կառուցումը, մասնավորապես, ինչպես կառավարությունում ներկայացնում էր Փաշինյանը, Ակադեմիական քաղաքի՝ 35 հազար մարդու համար նախատեսված մարզադաշտով։ Այսպիսով, կստեղծվեն բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի Հայաստանի հավաքականը դառնա ֆուտբոլի աշխարհի չեմպիոն կամ գոնե մրցանակակիր, ինչպես խոստացել էր Փաշինյանն իր վարչապետության արշալույսին:

Ահա այսպիսի հիասքանչ հեռանկարներ և շա՜տ մետաքսե ապագա ունենք։ Եվ որ մտածում ես, թե ո՛նց ենք մենք այսքան տարի իզուր վատնել, մինչև որ Հայաստանում իշխանության կգար Նիկոլ Վովայի Փաշինյանը... Որ մտածում ես, որ այդպիսի զմայլելի հեռանկարների մասին հայտարարում ենք միայն հիմա՝ 30 տարի ուշացումով…

Բայց դե մենք հասկանում ենք, որ դրանք օբյեկտիվ իրողություններ են։ Որ պատմական հնարավորությունը միայն հիմա է հայտնվել: Բոլորովին վերջերս։ Սեպտեմբերի 20-ից հետո... Չէ՞ որ հասկանում ենք, որ մինչ այդ նման փայլուն հեռանկարներին խանգարում էր Արցախը, այդ շրջափակված, դժգույն ու դժբախտ երկրամասը։ Դե, իսկ հիմա, վերջապես, չի խանգարում: Խնդիրը լուծված է: Եվ, համաձայնեք, մի փոքրիկ տարածքն ու ինչ-որ հարյուր հազար մարդիկ այնքան էլ մեծ գին չեն ժողովրդավարության, բարգավաճման, սիրո, համերաշխության, անվտանգության, համագործակցության, մարդու ավանդական և ոչ ավանդական իրավունքների մայրաքաղաք դառնալու համար։