Սամվել ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ․ ԱՐՑԱԽ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՄԵՐ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեր հաջորդ քայլը պետք է լինի այն, որ սկսենք զբաղվել այն հարցերով, որոնք թույլ կտան ամրագրել Արցախից տեղահանված մեր քաղաքացիների հետվերադարձը: Այս մասին հոկտեմբերի 28-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:
«Դա մեր օրակարգային հարցերից մեկն է և պետք է սկսենք քննարկումներ ու ճանապարհների որոնումներ այդ հարցի լուծման համար»,-ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ կարգավիճակով վերադարձի մասին է խոսքը, Շահրամանյանը պատասխանեց. «Դա քննարկումների, բանակցությունների հարց է։ Բնակչության վերադարձի հարցում հետաքրքրված են տարբեր քաղաքական կենտրոններ՝ եվրոպական, ամերիկյան, ռուսական։ Դրանում շահագրգռված է, ինձ թվում է, նաև Ադրբեջանը։ Քանի որ միջազգային հանրությունից մեղադրանքներ են հնչում, որ իրենք նպաստել են մեր բնակչության բռնի տեղահանմանը»,-նշեց նա:
Դիտարկմանը, թե ոչ ազատ ու անկախ Արցախ ինքը կվերադառնա՞, Սամվել Շահրամանյանն արձագանքեց. «Ես ունեմ իմ պատկերացումները՝ ինչպիսին պետք է լինի Արցախի կարգավիճակը և ինչպիսին պետք է լինի Արցախը, որպեսզի և ես որպես արցախցի, և իմ ընտանիքը կարողանա վերադառնալ: Դրա մասին դեռ վաղ է խոսել, որովհետև մեզ մեծ աշխատանք է սպասվում առջևում: Եթե առաջիկայում մեզ հաջողվի նման ձևաչափ ստեղծել և գործը տեղափոխել քննարկումների փուլ, իհարկե, մենք խոսելու ենք դրա մասին նաև մեր հանրության հետ: Այս պահին նման գործընթաց չկա, բայց ես նախադրյալներ տեսնում եմ, որ հնարավոր կլինի առաջիկայում սկսել այդ գործընթացը»:
Վերջում Արցախի նախագահն արցախցիներին կոչ արեց ապրել արարել Հայաստանում,՝ չմոռանալով որ Հայաստանը մեր հայրենիքն է:
Իրականում մենք հնարավորություն չենք ունեցել առանց պատերազմի և զոհերի լքել Արցախը
Իրականում մենք նման հնարավորություն չենք ունեցել առանց պատերազմի և զոհերի լքելու Արցախը ասել է Սամվել Շահրամանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ստեղծված իրավիճակում կար հնարավորություն առանց պատերազմի, այդքան զոհերի դուրս գալ իրավիճակից:
«Դա հռետորական հարց է, որ կարելի է ասել, որ կար հնարավորություն: Բայց իրականում մենք նման հնարավորություն չենք ունեցել, և ես չէի տեսնում նման հնարավորություն, ինչը կստիպեր արցախցիներին հավատալ իրենց ղեկավարությանը և առանց որևիցե դիմադրություն ցույց տալու թողնեինք ու դուրս գայինք մեր հայրենիքից: Իհարկե, հարձակումից հետո մենք բոլորս լծվել ենք մեր հայրենիքը պաշտպանելու գործին, և բոլոր հանգամանքները հաշվի առնելով մենք եկել ենք այդ եզրակացությանը, որ ճիշտ է դադարեցնել և փրկել կյանքեր»,- ասաց նա:
Սամվել Շահրամանյանը նշում է, որ առանց դիմադրության ոչ մի ժողովուրդ էլ դուրս չի գա իր հայրենիքից:
Հայաստանը տեղյակ էր Արցախն ինչ է ստորագրում
Մենք կապի մեջ ենք եղել Հայաստանի ղեկավարության հետ, որոշ հարցեր քննարկել ենք, որոշ հարցեր հնարավոր չէր լինում քննարկել, քանի որ բացակայում էր կապը,- նշեց Արցախի նախագահը՝ պատասխանելով հարցին, թե այս ողջ ընթացքում խոսե՞լ է Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցչի կամ վարչապետի հետ, կապի մեջ եղե՞լ է, իր որոշումների մասին նրանց տեղյակ պահե՞լ է:
«Դուք գիտեք, որ պատերազմի հետեվանքով մենք կորցրել էինք Ղարաբաղ տելեկոմի հնարավորությունները համացանցը աշխատում էր շատ վատ, գրեթե խզված էր գծային կապը Հայաստանի հետ»,-ասաց Շահրամանյանը:
Հարցին, թե Հայաստանը տեղյա՞կ էր՝ Արցախն ինչ է ստորագրում, նա պատասխանեց. «Հայաստանը տեղյակ էր Արցախն ինչ է ստորագրում և մենք քննարկում էինք Հայաստանի իշխանությունների հետ հնարավոր վտանգները՝ կապված այդ փաստաթղթերի հետ, բայց մեր նպատակն այդ իրավիճակում արցախիցների կյանքերը փրկելն էր:
Իշխանությունը Սամվել Բաբայանին հանձնելու առաջարկից հետո կապ եմ հաստատել ադրբեջանական կողմի հետ
Այո, սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան Հայկ Խանումյանը զանգահարել է ինձ և հայտարարել որ Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը, կանգնեցնել ռազմական գործողությունները և գնալ բանակցությունների ադրբեջանական կողմի հետ,- նշեց Սամվել Շահրամանյանը:
«Ես իրեն առաջարկել եմ, որ դեմ չեմ, թող Սամվել Բաբայանը ներկայանա, ներկայացնի իր ծրագիըը, տեսլականը, և եթե այն մեզ համար ընդունելի է, ես պատրաստ եմ գնալ նաև այդ քայլերին: Ինքն ասաց՝ ոչ, պետք է իշխանությունը հանձնվի իրեն և ինքը իրականացնի մնացած գործընթացները:
Ճիշտն ասած, ինձ համար այդ առաջարկը տարօրինակ էր, և չնայած իմանալով, թե հետագայում ինչ ազդեցություն կարող է ունենալ այդ խոսակցությունը և ինչ ձևի կարող էր մեկնաբանվել, ես սեպտեմբերի 19-ի երեկոյան կապ եմ հաստատել ադրբեջանական կողմի՝ մեզ հետ աշխատող պատասխանատու հետ և փորձել իրենից ճշտել, թե արդյոք կա՞ Արցախում ուրիշ այլ թեկնածու, ում հետ իրենք պատրաստ են վարել բանակցություններ և դրա ընթացքում ավելի շուտ հնարավոր կլինի դադարեցնել ռազմական գործողությունները և ավելի հեշտ բանակցություններ իրականացնել, քանի որ Արցախում կային քննարկումներ, որ հնարավոր է Սամվել Բաբայանը կամ Վիտալի Բալասանյանը ավելի ընդունելի թեկնածուներ լինեն որպես բանակցող»,-ասաց Շահրամանյանը:
Նա ընդգծեց, որ ադրբեջանական կողմից ստացել է բացասական պատասխան. «Ինձ համար պարզ է եղել, որ դա արկածախնդրություն էր և պետք է շարունակել բանակցությունները ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ»,- ասաց նա:
Բանակցությունների 2-րդ փուլում փորձել ենք ապահովել միջանցք կոչվածը և անվտանգ դուրս բերել բնակչությանը
Ռազմական գործողությունները դադարեցնելուց հետո բոլոր շրջանները կտրված էին կենտրոնից, միջպետական բոլոր ճանապարհները վերահսկում էին և այդ ճանապարհներին տեղակայված էին Ադրբեջանի զինված ուժերը,- նշեց Արցախի նախագահը:
«Ադրբեջանի ԶՈՒ-ն շատ մոտ էր գտնվում խաղաղ բնակավայրերին և դա խուճապ էր առաջացնում: Այս իրավիճակից դուրս գալու համար սեպտեմբերի 21-ից անձամբ Ադրբեջանի ՊՆ գեներալիտետի հետ ռուս խաղաղապահների հրամանատարի հետ մենք շրջել ենք շրջաններում և շրջափակման մեջ գտնվողն մեր զինծառայողներին դուրս էինք բերում այդ իրավիճակից: Դա հնարավորություն է տվել փրկել հարյուրավոր կյանքեր: Ամսի 21-ից 24-ը մենք ամենօրյա ռեժիմով զբաղված էինք իմ նշած հարցերով:
Պարզ էր, որ շրջանները այդքան օր մնալով շրջափակման մեջ, չունենալով տարրական պայմաններ, սնունդ, զրկված լինելով հարազատների հետ շփումից, պահանջում էին մեզնից լուծել այդ հարցը և իրենց շուտափույթ դուրս բերել այդ իրավիճակից:
Այդ ժամանակ մենք ունեցել ենք մեծ թվով տեղահանվածներ, որոնք գտնվում էին Իվանյանի օդանավակայանում, ռուս խաղաղապահների տեղակայման վայրում: Այդ թիվը մոտ 8 հազարի էր հասնում: Մարդիկ գիշերում էին փողոցներում, մեքենաներում և պետք էր այդ իրավիճակին էլ լուծում տալ: Մի զգալի մաս գտնվում էր Ստեփանակերտում, դպրոցներում, դահլիճներում: Մենք ստիպված էինք երկու հանդիսությունների սրահ օգտագործել և օրական մոտ 4 հազար մարդու ապահովել սնունդով: Պարզ էր, որ բնակչությունը պահանջում էր, որ տրամադրենք ճանապարհ Հայաստան տեղափոխվելու համար:
Բանակցությունների երկրորդ փուլը նվիրված էր նրան, որ ապահովենք այդ միջանցք կոչվածը և անվտանգ դուրս բերեինք մեր բնակչությանը»,-ասաց Շահրամանյանը:
Եղցահողի բնակչության տարհանման մասով նա ասաց. «Բնակչությունն արդեն երկու օր գիշերում էր ռուսական խաղաղապահների հենակետի մոտ, որովհետև Ադրբեջանի ԶՈՒ-ն գտնվում էր բնակչությանը շատ մոտ: Մենք բանակցությունների արդյունքում հասել ենք նրան, որ թույլատրել են նրանց իրենց մեքենաներով դուրս գան դեպի Հայաստան»:
Նա հավելեց, որ խոսակցություն կար, որ անցագրային կետը գործելու է մի քանի օր, ով չհասցնի՝ մնալու է Արցախում, դրա համար խուճպային իրավիճակը փորձում էինք կարգավորել:
Ես և պաշտպանության նախարարը ուղղաթիռով ենք տեղափոխվել Հայաստան
Ադրբեջանական կողմը ցուցաբերում էր ընտրովի մոտեցում,- նշեց Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանն առևանգեց Արցախի երեք նախագահներին, իսկ իրեն ոչ, ինչպե՞ս է ինքը հասել Երևան:
«Կարելի է այդ հարցը շարունակել, և հարցնել՝ ինչու որոշ գործող ղեկավարներ դուրս են եկել, և ձերբակալվել են նախկին ղեկավարներ, օրինակ, պաշտպանության նախկին նախարար, պաշտպանության նախկին նախարարի տեղակալ, բայց բոլոր գործողներն անվտանգ դուրս են եկել: Ես չեմ կարող պատասխանել, թե ինչու Ադրբեջանի կողմից կայացվեց նման որոշում, բայց նաև կարող եմ եզրակացնել, որ այդ մարդիկ, որոնք հայտնվել են Ադրբեջանում, ձերբակալվել և տեղափոխվել են Բաքու քաղաքական նպատակներով»,-ասաց Շահրամանյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է անցել հսկիչ անցագրային կետը, Շահրամանյանը պատասխանեց. «Ես տեղափոխվել եմ ուղղաթիռով: Ուղղաթիռով տեղափոխվել ենք ես, պաշտպանության նախարարը և իմ անվտանգության երկու աշխատակիցները: Մենք հասել ենք Սիսիան ուղղաթիռով»,- ասաց նա:
News.am-ի նյութերով