Արմեն ԲԱԴԱԼՅԱՆ․ ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՉԷՐ ՀԱՇՎԱՐԿԵԼ, ՈՐ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՄԵԿ ՄԱՐԴՈՒ ՊԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ

Արցախը հանձնելու հարցում մեղադրանքները ուղղել Արցախի իշխանություններին սխալ է, քանի որ այս իշխանությունները 2018 թվականից սկսած արեցին ամեն ինչ, որպեսզի Արցախի լուծարման փաստաթղթի ստորագրումը դառնա իրականություն: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով իշխանության մեղադրանքներին՝ ուղղված Արցախի իշխանություններին:

«Հայաստանի իշխանություները 2018 թվականից առաջ են քաշում մի թեզ, ըստ որի ամեն ինչում մեղավոր են ուրիշները՝ նախկինները, զինվորականները, դավաճանները, Արցախի իշխանությունները, Ռուսաստանի իշխանությունները, 5-րդ շարասյունը, բոլորը մեղավոր են բացի իրենցից ու դա պաթոլոգիական պատճառաբանություն է դարձել, որ հանկարծ չերևա, որ որևէ բանում իրենք մեղավոր են, քանի որ արդեն ունի անմեղության պաթոլոգիական պատճառաբանություն է դարձել: Ինքը ամեն ինչում ճիշտ է, բոլորը մեղավոր են, այդ պատճառով ճիշտ ընդունել, թե ՀՀ իշխանությունները Արցախը հանձնելու մեղադրում են Արցախի իշխանություններին, դա իրականությանը չի համապատասխանում:

Մեղավոր են ՀՀ իշխանությունները, որոնք 2018 թվականից սկսած արեցին ամեն ինչ, որպեսզի այդ փաստաթղթի ստորագրումը դառնա իրականություն: Նրանց բերել են կոնկրետ 3 խնդիր լուծելու համար՝ Արցախի՝ Ադրբեջանի կազմում ճանաչում և Արցախի հարցի ընդհանրապես փակում, ինչը տեղի ունեցավ, երկրորդը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերում Հայաստանից և ռազմաքաղաքական բոլոր միությունների չեզոքացում, ինչը հայտարարվել է արդեն, և երրորդը, երբ որ Ռուսաստանը դուրս է գալիս, Հայաստանը դառնում է պայմանական ասած «Զանգեզուրի միջանցք», այսինքն անցնում է Արևմուտքի հսկողության տակ և Արևմուտքը Հայաստանի տարածքով կապվում է Միջին Ասիայի հետ՝ վերածելով Հայաստանը ամբողջապես մի մեծ միջանցքի: Սա ամբողջ ծրագիրն է, որը պետք է իրականացնեն: Առաջինը իրականացրեցին, երկրորդը՝ իրականացնում են, երրորդը՝ հետաձգվեց որոշակիորեն: Պետք է նշենք, որ այս ծրագրի մաս է կազմում ոչ միայն իշխանությունը, որն Արևմուտքի պատվերն է կատարում, այլ նաև ընդդիմության մի զգալի մասը, որի լուռ համաձայնությամբ է տեղի ունենում այս ամենը: Պայմանական ասած՝ Ղարաբաղը հանձնենք, որ գնանք Արևմուք, լավ ապրենք»,- ասում է Բադալյանը:

 Քաղաքագետի կարծիքով՝ ռուսական կողմը գործարքի է գնացել Ադրբեջանի հետ՝ չհաշվարկելով մի բան, որ Արցախի բնակչությունը մի մարդու պես լքելու էր Արցախը:

«Նրանք մտածում էին, որ պետական կառույցները կլուծարվեն, բանակը կլուծարվի, բնակչության մի մասը կգնա, մի մասը կմնա, և իրենք կերկարացնեն իրենց մանդատը, սակայն իրենք չէին հաշվարկել, որ իրենք ընդհանրապես հեղինակություն չունեին բնակչության մոտ, և այդ պատճառով բոլորը մեկ մարդու պես դուրս կգան՝ խառնելով բոլորի խաղաքարտերը»,-ասաց նա:

Բադալյանի կարծիքով՝ այս քայլով Ռուսաստանը կարող է կորցնել իր դիրքերը Հարավային Կովկասում, ինչը կոպտագույն սխալ է:

«Այդ իսկ պատճառով հիմա ռուսական կողմը հումանիտար օգնություն է ցուցաբերում արցախցիներին, նաև որոշակի քայլեր են կատարում արցախցիների վերադարձի համար, ինչը բացառված է: Դա կոպտագույն և սխալ հաշվարկներից մեկն էր, իրենք չպետք է այնտեղ դիտորդի կարգավիճակ ունենային, իրենք հենց խաղաղապահի կարգավիճակ պետք է ունենային և այնպիսի դիրք, որ ադրբեջանական կողմը չհամարձակվեր հարձակվել»,- նշում է նա:

Քաղաքագետի խոսքով՝ արցախահայությունը միայն մի պարագայում կարող է վերադառնալ Արցախ, այն է՝ այնտեղ հայկական զորքի առկայություն, ինչը Ադրբեջանը թույլ չի տա:

News.am