ՀՀ ԱԳՆ-Ն ԵՎ ՔԿ-Ն՝ ԱՐՑԱԽԻ ԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՄԱՍԻՆ (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)

Հայաստանի Քննչական կոմիտեն տվյալներ է հրապարակել սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով զոհվածների և վիրավորների թվի մասին։ Այս տվյալները, ինչպես նաև ինֆոգրաֆիկան X-ի իր միկրոբլոգում (նախկին Twitter) հրապարակել էՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Հաղորդվում է, որ զոհվել է ավելի քան 200 մարդ, որոնցից 9-ը խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ երեք երեխա։ Տուժել է ավելի քան 300 մարդ, այդ թվում՝ 231 զինվորական և 80 քաղաքացիական անձ։ Ադրբեջանցի զինվորականների կողմից կտտանքների է ենթարկվել 14 մարդ, իսկ Լեռնային Ղարաբաղից Հայաստան ճանապարհին մահացել է 64 մարդ։

Նշվում է, որ այս տվյալները հոկտեմբերի 30-ի դրությամբ են և վերջնական չեն։

ՀՀ քննչական կոմիտեում ձեվավորվել է քննչական խումբ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն ապօրինի շրջափակելու, ԼՂ բնակչության պաշարման, սեպտեմբերի 19-ին ձեռնարկած հարձակման դեպքերի հանգամանքները պարզելու նպատակով, հայտնում են գերատեսչությունից։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ռազմական ագրեսիայի արդյունքում ԼՂ-ում զոհվել է 200-ից ավելի զինծառայող և քաղաքացիական անձ։ Շուրջ 12 քաղաքացիական անձ և 30 զինծառայող համարվում է անհետ կորած: Առկա են առնվազն 14 անձի խոշտանգման ենթարկելու դեպքեր, որոնցից 12-ը զինծառայող են, 2-ը՝ քաղաքացիական անձ։ Ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է 3 երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 231 զինծառայող և 80 քաղաքացիական անձ:

Սեպտեմբերի 19-20-ին իրականացված ռազմական ագրեսիայի արդյունքում ԼՂ-ի գրեթե ողջ բնակչությունը՝ 100 հազարից ավելի անձ՝ բացառապես ֆիզիկապես փրկվելու անհրաժեշտությունից դրդված, բռնի տեղահանվել է՝ չունենալով ունեցվածքը, գույքը դուրս բերելու պատշաճ ժամանակ և հնարավորություն:

Բռնի տեղահանության ընթացքում և դրան անմիջապես հաջորդող ժամանակահատվածում արձանագրվել է 64 քաղաքացիական անձի մահ, որոնք ուղիղ պատճառական կապի մեջ են պաշարման ժամանակահատվածում, էթնիկ զտումների գործողությունների և տեղահանության ընթացքում կրած զրկանքների՝ սովի, դեղորայքային և բժշկական օգնության բացակայության և այլնի հետ։

Քննության ներկա փուլում առկա են 16 անձի՝ 6 զինծառայողի գերեվարման և 10 քաղաքացիական անձի առևանգման մասին տվյալներ։ Ադրբեջանի Հանրապետությունը 16 անձանցից միայն 9 անձի մասով է հաստատել իրենց տիրապետության տակ վերջիններիս գտնվելու փաստը, մյուսների մասով կատարվում են համապատասխան գործողություններ։

«Վարույթի շրջանակում իրականացվում են մեծածավալ քննչական և վարույթային գործողություններ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատագենետիկական, դատաբժշկական փորձաքննություններ, վարույթով հաստատված՝ զոհված անձանց հարազատները ճանաչվել են տուժող, ինչպես նաև շարունակվում է դիերի նույնականացման գործընթացը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեում լայն ծավալով շարունակվում է բռնի տեղահանման ենթարկված անձանց վերաբերյալ տվյալների հավաքագրումը և նշված անձանց տուժող ճանաչելու, ինչպես նաև Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների, դրանց ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների վերաբերյալ փաստահավաք գործընթացը։

ՀՀ քննչական կոմիտեն կրկին հորդորում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման ենթարկված անձանց, վերոնշյալ հանցավոր արարքների վերաբերյալ ցանկացած ձևաչափով և կրիչով տեղեկատվության տիրապետող անձանց՝ դրանք տրամադրել վարույթն իրականացնող մարմնին։ Ստացված տեղեկատվության գաղտնիությունը երաշխավորվում է։

Newsarmenia.am և Sputnik Արմենիա-ի նյութերով