ՏԱՐԱՆՑԻԿ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԳԻՆԸ

Բոլոր նրանք, ովքեր գործնականում այս կամ այն կերպ առնչվել են իրական քաղաքականությանը, հասկանում են այս կամ այն քաղաքական գործընթացների աստառի ողջ ցինիզմը, եթե չասենք՝ ստորությունը։ Եվ այդուհանդերձ չես դադարում զարմանալ, թե որքան խորն է այդ ցինիզմի, եթե չասենք՝ ստորության հատակը։

9.11.2020թ. ԵՌԱԿՈՂՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԶՄԻՑՍ Է ՄԵՋԲԵՐՎԵԼ։ Դրա վերջին՝ 9-րդ կետում սևով սպիտակի վրա գրված է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն «իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն արդեն բազմիցս հայտարարել է, թե չկա այնպիսի փաստաթուղթ, որի տակ լինի Հայաստանի ստորագրությունը և որը ինչ-որ կերպ կսահմանափակի Հայաստանի ինքնիշխանությունը իր տարածքով անցնող տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ։

Իհարկե, այստեղ կարելի է կառչել տերմիններից։ Օրինակ, ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը «վերահսկողություն» տերմինի տակ, երբ ստորագրում էր այդ փաստաթուղթը։ Չի բացառվում, որ «վերահսկողություն» տերմինի տակ Փաշինյանը նկատի ուներ, թե Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինների կողմից դա իրականացվելու է մի որևէ արբանյակից։

Երկրորդ, ինչը է՛լ ավելի կարևոր է, խախտվել են Եռակողմ հայտարարության մի շարք կետեր. 1, 6, 7, 8: Չենք վերապատմի դրանց բովանդակությունը, ցանկացողներն իրենք կարող են ծանոթանալ՝ փորփրելով ինտերնետը: Եվ բուն Եռակողմ հայտարարությունն էլ Արցախում էթնիկ զտումից հետո, կարելի է ասել, վախճանվեց, քանի որ դրա հիմնական էությունը Արցախի խաղաղ կյանքի ապահովումն էր։

Հետևաբար, արդեն փաստացի չգործող հայտարարության 9-րդ կետն էլ կարելի է առ ոչինչ համարել։ Այն աստիճան, որ արդեն Բաքուն էլ չի պնդում, որ Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ զորքերը վերահսկեն Ադրբեջան-Նախիջևան տրանսպորտային հաղորդակցությունը։ Այսօր Փաշինյանի խոսքերից ո՛չ Բաքուն, ո՛չ Մոսկվան չեն կառչում, թեև ավելի վաղ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան բազմիցս նշել է, որ Արցախի խաղաղ կյանքն ապահովելու համար Երևանը չպետք է հետաձգի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը:

Բայց այդ ամենը նախորդ կյանքում էր։ Այժմ Երևանի և Մոսկվայի հարաբերություններն այնքան վատ են, որ երկու կողմերն էլ միմյանց են մեղադրում Արցախը հանձնելու մեջ, և Եռակողմ հայտարարության 9-րդ կետի նշյալ դրույթը կորցրել է արդիականությունը։ Բաքուն, ինչպես արդեն ասացինք, նույնպես չի պնդում և, դատելով Փաշինյանի ու իր թիմակիցների վերջին հայտարարություններից, պատրաստ է Հայաստանի հետ խաղաղություն կնքել առանց արտատարածքային միջանցք պահանջելու։

ԵՎ ԱՀԱ ԱՅՍՏԵՂ ԱՌԱՋԱՆՈՒՄ Է ՄԻ ՉԱՓԱԶԱՆՑ ԽՌՈՎԱՀՈՒՅԶ ՄԻՏՔ։ Իսկ գուցե 9-րդ կետի, դրա արդիականության կորստի հետ կապված իրավիճակը Արցախի և նրա ողբերգության շուրջ նախորդ բոլոր գործընթացների հետևանքը չէ՞ր։ Այլ ճիշտ հակառա՞կը: Արցախի շուրջ ծավալված նախորդ բոլոր գործընթացները, որոնք ավարտվեցին նրա էթնիկ զտմամբ, պայմանավորված էին այն ձգտումով, որ Եռակողմ հայտարարության 9-րդ կետի նշյալ դրույթը չկենսագործվի՞: Եվ հենց դրա՞ համար են հայ-ռուսական հարաբերությունները ցած գլորվել այսօրվա մակարդակի։

Ակնհայտ է, որ հատկապես Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին և այնուհետ Թուրքիային կապող ճանապարհով տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունը առանձնակի նշանակություն ստացավ: Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարող արևմտյան երկրների խնդիրն ամենևին էլ այն չէր, որ մեծացնեն Մոսկվայի ազդեցության լծակներն ընդհանրապես աշխարհում և մասնավորապես՝ տարածաշրջանում, հատկապես Իրանի սահմանի մոտ։ Այլ հակառակը. այն, որ Մոսկվայի համար ամեն տեսակի խնդիրներ ստեղծեն այնտեղ, որտեղ դա հնարավոր է։ Իսկ Եռակողմ հայտարարության վերոնշյալ դրույթի կատարումը խափանելու համար անհրաժեշտ էր «փակել» Արցախի խնդիրը, վարկաբեկել ռուսական խաղաղապահ զորակազմը և առհասարակ Ռուսաստանի դերը տարածաշրջանում:

Այդպիսի խնդիր է դրվել Արևմուտքի կողմից Երևանի և Բաքվի առջև, և համատեղ ջանքերով նրանք այդ խնդիրը լուծել են։ Փաշինյանին Եվրախորհրդարանում պարգևատրեցին ծափահարություններով և հանրապետության բյուջե դրամական մեծ ներարկումների խոստումներով։ Իսկ Ալիևն առանց այդ էլ շռայլորեն պարգևատրված է Արցախի զավթումով։

Արևմուտքի գլխավոր նպատակն իրականացված է. Ռուսաստանի դերը տարածաշրջանում սաստիկ վարկաբեկված է։ Հարցի գինը՝ Արցախը և նրա 100 հազար բնակիչների հայրենազրկումը, նշանակալի չէ աշխարհաքաղաքական մեծ խաղում, որտեղ շատ ավելի ծարակշիռ թվեր են շրջանառվում:

Մնում է խաղաղության պայմանագիր կնքել Երևանի և Բաքվի միջև, բացել հայ-թուրքական սահմանը, որպեսզի Սուքիասյանը, Արսենյանը և իշխանական մյուս օլիգարխները սկսեն ակտիվացնել հայ-թուրքական առևտրային կապերը։ Դա արդեն՝ որպես բոնուս հավատարիմ և որակյալ ծառայության դիմաց (և որպես կանխավճար գործընթացը շարունակելու համար)։