ԿԱՆԱԴԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ. ԲԱՔՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ՉԵՆ ԿԻՐԱՌՎՈՒՄ, ՔԱՆԻ ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴԵՄ Է

Հիշողության մեջ դեռ թարմ են Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչների մեկամյա վաղեմության հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի իշխանությունները «Արցախի անկախությունը ճանաչելու պահանջ իրենց առջև չեն դնում»։ Դա ասվեց երկրի խորհրդարանի երկու պալատների կողմից, ընդ որում՝ երկու անգամ, հայկական երկրորդ հանրապետության անկախության ճանաչման մասին բանաձևերի ընդունման կապակցությամբ։ Հենց այդ ժամանակ ֆրանսիացի նախարարներից մեկը Սենատի ամբիոնից հայտարարեց, որ Փարիզը այդ քայլին չի գնա, քանի որ պաշտոնական Երևանը դեմ է։

Երեկ նման մի բան, բայց արդեն պակաս սենսացիոն, հնչեց Կանադայի խորհրդարանի Արտաքին գործերի և միջազգային զարգացման հանձնաժողովում, որտեղ քննարկումներ անցկացվեցին «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների անվտանգությունը» թեմայով։ Պատգամավորների հարցերին պատասխանում էր Երևանում երկրի առաջին ռեզիդենտ դեսպան Էնդրյու Թըրները: Հիշեցնեմ, որ օրերս Հայաստան այցելած Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին հայտարարել էր, որ «Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցը դրված է սեղանին»։ Ըստ երևույթին, նկատի առնելով նրա հայտարարությունը, պատգամավորներից մեկը հարցրեց դեսպանին, թե ո՞ր դեպքում դա ավելի լուրջ կքննարկվի։

Ինչպես հաղորդում է @realartsakh տելեգրամ-ալիքը, որը հաղորդագրությանը կցել է քննարկման տեսանյութը, դեսպանն ի պատասխան բացատրել է, որ Կանադան ձգտում է պատժամիջոցների կիրառման արդյունավետության բարձրացման՝ համագործակցելով համախոհ գործընկերների հետ: Եվ նշել է, որ վարչապետ Փաշինյանը վերջերս «հաստատել է, որ ակտիվ քննարկումներ են ընթանում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի առաջմղման ուղղությամբ»։ «Առկա է նաև այն հարցը, թե արդյոք դա հարմար պահ կլինի նման քննարկումներ անցկացնելու համար։ Դա վիճելի հարց է հենց բուն Հայաստանում»,- ասել է Թըրները։

Հաշվի առնելով դիվանագիտական լեզվի առանձնահատկությունները՝ սա նշանակում է, որ Փաշինյանը դեմ է պատժամիջոցներին. երկու կարծիք այստեղ լինել չի կարող։ Իսկ պատճառաբանում է դա իր սիրելի «խաղաղ օրակարգով», որի համար նա զոհաբերեց Արցախը, 120 000 մարդու փախստական դարձրեց մոտ 10-ամսյա շրջափակումից ու պաշարումից հետո, թույլ տվեց Բաքվին գերեվարել ևս մի քանի տասնյակ հայերի, այդ թվում՝ արցախյան առաջնորդներին, և կյանքից զրկեց հարյուրավոր հայրենակիցների։ Սա՝ եթե խոսենք միայն սեպտեմբերյան ագրեսիայի մասին։

Այսինքն փաստորեն Փաշինյանը դեմ է հանցագործ պետության նկատմամբ պատժամիջոցներին լոկ այն պատճառով, որ դրանք, իբր, կարող են խանգարել տխրահռչակ «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը։ Սա արդեն նույնիսկ սևեռուն գաղափար չէ, ինչպես կարելի էր ենթադրել այլ վարքագծի դեպքում, սա հերթական և շատ էական ապացույցն է այն բանի, որ Նիկոլի ողջ քաղաքականությունը նպատակաուղղված ծառայում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերին։

Այդ հունի մեջ տեղավորվում է ոչ միայն ավելի վաղ Արցախն անկախ պետություն ճանաչելուն խոչընդոտելը, ինչը թույլ կտար կանխել հայ ժողովրդի մեծագույն ողբերգությունը։ Այդտեղ ներառվում է նաև նրա սկանդալային և նույնիսկ միջազգային դերակատարներին շոկի մեջ գցած այն հայտարարությունը, թե «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը սպառնացող անմիջական վտանգ չկա», ինչը նա հնչեցրեց հենց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 21-ի նիստից առաջ, իսկ ժամեր անց դա հաճույքով կրկնեցին Ադրբեջանի ներկայացուցիչները։

Հոկտեմբերի 30-ին ՀՀ Քննչական կոմիտեն հրապարակել է սեպտեմբերի 19-20-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի նախնական արդյունքները: Ներկայացնենք այդ տվյալները.

- Զոհվել է ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ 9 քաղաքացիական անձ և 3 երեխա:

- Անհետ կորել է 42 մարդ. 12 քաղաքացիական անձ և 30 զինվոր:

- Խոշտանգման է ենթարկվել 14 անձ. 12 զինվոր և 2 քաղաքացիական անձ:

- Վիրավորվել է 231 զինվոր և 80 քաղաքացիական անձ:

- Արցախից զանգվածային գաղթի ժամանակ զոհվել է 64 խաղաղ բնակիչ:

- Ադրբեջանի կողմից գերեվարվել է 16 մարդ, այդ թվում՝ 10 քաղաքացիական անձ։

Ինչո՞ւ ոչ ոք չի հարցնում Նիկոլին. եթե «քաղաքացիական բնակչությանը սպառնացող վտանգ չկար», ապա որտեղի՞ց այս սարսափելի փաստերը։ Զոհվել է երեք երեխա. ո՞ւմ խղճին է անմեղ փոքրիկների մահը, մի՞թե ոչ նաև քո խղճին, «վերջապետ»: Մի՞թե դու չես, քո բարեկամ Ալիևի հետ միասին, պատասխանատու Ստեփանակերտից Գորիս դժոխքի յոթ պարունակ դարձած ճանապարհին զոհված 64 խաղաղ բնակիչների ողբերգության համար։ Ո՞վ է վերադարձնելու գերեվարված և արդեն երեք տարի Բաքվի բանտերում տանջվող ու ամեն օր ֆիզիկական ու հոգեբանական տեռորի ենթարկվող տասնյակ հայ գերիների շարքերը համալրած 10 քաղաքացիական անձանց։

Վերադառնանք, սակայն, պատժամիջոցներին։ Վերջին նյութերից մեկում մենք արդեն անդրադարձել ենք այս թեմային: Մասնավորապես, խոսքն այն մասին էր, որ Եվրախորհրդարանի ղեկավարը, պատասխանելով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար Եվրախորհրդարանի մեխանիզմների գործարկման հնարավորության մասին հարցին, նախընտրեց հերթապահ արտահայտությունները «խաղաղ բանակցությունների» մասին, թեև այդ կառույցը բազմիցս ընդունել է պատժամիջոցներ սահմանելու պահանջով բանաձևեր: Մենք նշել էինք, որ նման մոտեցման պատճառներից մեկը պաշտոնական Երևանի կողմից համապատասխան պահանջի իսպառ բացակայությունն է. ոչ մի անգամ, ոչ մի ելույթում Նիկոլն ու իր արտգործնախարարը չեն բարձրացրել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը։

Այժմ Կանադայի դեսպանն ըստ էության բաց տեքստով խոսում է այն մասին, որ պատժամիջոցներին դեմ է պաշտոնական Երևանը։ Կրկնեմ ևս մեկ անգամ. Փաշինյանը չի ուզում, որ Ադրբեջանն ու անձամբ Ալիևը որևէ կերպ պատժվեն 10-ամսյա շրջափակման, ընդամենը երկու օրվա ընթացքում իրականացված ռազմական հանցագործությունների և Արցախի ժողովրդին Հայրենիքից բռնի տեղահանելու համար։ Պատճառաբանելով, թե դա, իբր, կարող է խանգարել խաղաղ բանակցություններին։

Հիմա նշեք թեկուզ մեկ պատճառ, թե ինչու պիտի Կանադան, Եվրամիությունը և մյուս երկրներն ու կազմակերպությունները սահմանեն այդ պատժամիջոցները, եթե Հայաստանի իշխանությունները դեմ են։

Ամենևին չեմ պնդում, թե դա է պատժամիջոցներ կիրառելուց Արևմուտքի հրաժարման միակ պատճառը. այստեղ, անշուշտ, առկա են մի շարք գործոններ։ Այդուհանդերձ մեկ բան անվիճելի է. Բաքվին պատժելու և պատժամիջոցներ կիրառելու Հայաստանի համառ և հետևողական քաղաքականությունը միանգամայն կարող էր գործնական արդյունքներ բերել, ասենք, հենց նույն Կանադայում, որն այնքան էլ կախված չէ ադրբեջանական գազից և ամեն առումով հեռու է տարածաշրջանից։ Բայց ինչո՞ւ պիտի միջազգային դերակատարները փչացնեն հարաբերությունները Բաքվի հետ՝ հայկական «դիվանագիտության» մեջ նման օրակարգի իսպառ բացակայության պայմաններում, երբ ամեն ինչ զոհ է մատուցվում մեկ «կուռքի»՝ պաշտամունքի առարկա դարձած «խաղաղության պայմանագրին»։

Ինչպես նշել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, սա ընդամենը հերթական օրինակն է, թե ինչպես են Փաշինյանի քաղաքականությունն ու հայտարարություններն օգտագործում Հայաստանի դեմ։ Ինչպես որ, ըստ էության, ամեն ինչ ծրագրվել է, և հանուն ինչի էլ ամեն ինչ գիտակցաբար և հետևողականորեն արվում է։