Դավիթ ԱՆԱՆՅԱՆ․ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ Է` ԹՈՒՐԱՆԱԿԱՆ ՈՒՂԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՊԵԿ նախկին նախագահն անդրադարձել է ՀՀ տնտեսության վրա Արցախի հայաթափման հնարավոր հետևանքներին, ՀՀ-ՌԴ հարաբերություններին, տարածաշրջանային վերջին պայմանավորվածություններին`դրանք դիտարկելով թուրք-ադրբեջանական տանդեմի` Մեծ Թուրանի ծրագրի իրագործման համատեքստում:

 

ՀՀ տնտեսության գերտաքացումն ու գերլճացումը կարող է ավելի սաստկանալ

Արցախցիների բռնի տեղահանումն ու ներգաղթը Հայաստան տնտեսական առումով ոչ մի լավ բան չի խոստանում: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին փոխնախարար Դավիթ Անանյանը` խոսելով ՀՀ տնտեսության վրա Արցախի հայաթափման հնարավոր հետևանքների մասին:

«Ավելի քան 100 000 արցախցիների բռնի տեղահանման ու Հայաստան գալու արդյունքում կարճաժամկետ և միջնաժամկետ հատվածում տնտեսությանը ոչ մի լավ բան չի սպասում: Երկարաժամկետ հեռանկարում էլ դա կախված է բիզնես ծրագրեր իրագործելուց, սեփական բիզնես սկսելուց, այդ ամբողջ անհայտներն իրագործելուց: Եթե կառավարությունն իրականացնի այն բոլոր աջակցության ու բիզնեսի խթանման ծրագրերը, որոնք խոստանում է, և եթե մեր հայրենակիցները կամք դրսևորեն ու բիզնեսներ ձեռնարկեն ՀՀ–ում, հնարավոր է` երկարաժամկետ հեռանկարում մեր տնտեսությունը որոշակի արդյունքներ ունենա: Բայց այստեղ էլ որոշակի վերապահումներ կան, քանի որ ՀՀ–ում նոր բիզնես սկսելու հնարավորությունները շատ ավելի ռիսկային են, քան մի քանի տարի առաջ, որովհետև արտաքին անվտանգային խնդիրները կարգավորված չեն»,- նշեց Անանյանը:

Որոշ տնտեսագետների կարծիքով` արցախցիները նույնիսկ իրենց ունեցած սուղ միջոցների դեպքում պոտենցիալ սպառողներ են, և նրանց մասնակցությունը ՀՀ տնտեսությանը կարող է պահանջարկի բարձրացման էֆեկտով ակտիվացնել ՀՀ տնտեսությունը` այնպես, ինչպես դա նկատվեց 2022թ-ից հետո ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով Հայաստան եկած ռելոկանտների դեպքում: Դավիթ Անանյանն այս տեսակետը չի կիսում` նշելով, որ Արցախից բռնի տեղահանվածներն ու ՌԴ-ից Հայաստան եկածները միանգամայն տարբեր խմբեր են:

«Ռելոկանտների պարագայում իրենք ունեին բիզնես, որնիրենց հետ բերում էին Հայաստան և համախառն պահանջարկի և համախառն սպառման մեծ ծավալներ էին ապահովում, ինչի արդյունքում ունենք տնտեսության գերտաքացած վիճակ: Իսկ արցախցի մեր հայրենակիցները, որոնք եկել են Հայաստան, ունեն բազմաթիվ հոգեբանական, սոցիալ-կենցաղային խնդիրներ, և նրանց գալուց մենք տնտեսական որևէ դրական ակնկալիք չենք կարող ունենալ»,- ասում է մեր զրուցակիցը:

Նրա գնահատմամբ` եթե անգամ ՀՀ կառավարություննիր վրա վերցնի արցախահայության բոլոր ծախսերը և այն ծախսերը, որոնքակնկալվում էին Արցախի Հանրապետության պետական բյուջեով, ամբողջ ծավալով կատարի ՀՀ պետբյուջեից` տրամադրելով արցախցիներին, վերջիններն այդ գումարներով կկատարեն իրենց կենցաղային ծախսերը, որի արդյունքում տեղի կունենա առանց այդ էլ գերտաքացած ու գերլճացած տնտեսության է՛լ ավելի լճացում ու է՛լ ավելի տաքացում:

«Համախառն պահանջարկի խթանում այսօր մեր տնտեսությանն առաջադրված չէ, որովհետև այն առանց այդ էլ գերխթանված է: Նույնիսկ կառավարության միջնաժամկետ ծրագրում է նշված, որ պետք է այսուհետ իրականացնի զսպող հարկաբյուջետային քաղաքականություն: Այսօր ավելի շատ համախառն առաջարկի խթանման խնդիր կա`նոր արտադրական հնարավորությունների,նոր բիզնես հիմնելու, և դա կապել արցախահայության հետ, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ»,- ասաց Անանյանը` հավելելով, որ Հայաստանը արցախահայությանը պետք է դիտարկի ոչ թե իր տնտեսական վերադասավորումների, այլ արցախահայությանն աջակցելու էլեմենտար պարտականությունների համատեքստում:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանից արդեն շուրջ 3000 արցախցիներ են հեռացել` Անանյանը նշեց, որ եթե արցախցիները որոշում են հեռանալ ՀՀ-ից, դա ուղղակի պատասխանն է այն բանի, որ մայր Հայաստանը պատրաստ չէր ընդունել արցախցիներին:

Տնտեսական խնդիրներից մինչև Մեծ Թուրան. ի՞նչ ուղով է գնում Հայաստանը

Խոսելով վերջին 1 տարում ՀՀ-ից ՌԴ արտահանման ծավալի ռեկորդային աճի մասին` մեր զրուցակիցն ընդգծեց, որ Հայաստանն այսօր պարզապես չունի համարժեք այլընտրանքային շուկա:

«Համենայնդեպս, Ռուսաստան հիմնականում գյուղատնտեսական ապրանքներն էին գնում: Ո՞րն է դրա այլընտրանքային շուկան, Թուրքիա՞ն: Բնականաբար, ոչ, որովհետև Թուրքիան նմանատիպ գյուղատնտեսական ապրանքների շատ ավելի մեծ ծավալներ արտադրող ու արտահանող երկիր է: Եվրոպա՞ն, ո՞ր ճանապարհով, ասենք`դեպի Վրաստան, այնտեղից` ծովով: Բայց նոր լոգիստիկ ուղիներ փնտրելը կնշանակի, որ մեր գյուղատնտեսական արտադրանքը շատ ավելի թանկ ինքնարժեքով կհասնի Եվրոպա: Բացի այդ, Եվրոպան ունի իր ստանդարտները, այսպես ասած` ռեգլամենտը: Որպեսզի մենք կարողանանք եվրոպական շուկա ներթափանցել, որոշակի ժամանակահատված է պետք, որ մեր արտադրանքը կարողանանք առնվազն համապատասխանեցնել նրանցսերտիֆիկացիային»,- ասաց Անանյանը:

Ինչ վերաբերում է հանքարդյունաբերական արտադրանքին, նրա կարծիքով, այստեղ ՀՀ տնտեսությունը մեծ խնդիրներ չի ունենա, քանի որ տնտեսության այդ հատվածի հիմնական շուկան այսօր Եվրոպան է: Բայց հանքարդյունաբերությունը, Անանյանիխոսքով, մեծ խնդիրների առաջ կկանգնի, եթե Սյունիքում անվտանգության հարցերի բերումով հանքարդյունաբերական խոշոր ձեռնարկությունները հայտնվեն տարբեր արտաքին լոգիստիկ վերահսկողությունների խաչմերուկում: Խոսքը մասնավորապես թուրք-ադրբեջանական տանդեմի մատնանշած ճանապարհային միջանցքների մասին է:

«Մեր կառավարությունը պատրաստակամություն է հայտնել, որ Մեղրիի 40-45 կմ-ի կառուցման համար 250 մլն դոլար տրամադրի: Իհարկե, այդ հատվածի ինքնիշխանության հետ կապված հարցերը մեր իշխանությունը համարում է, որ էլ քննարկման ենթակա չէ: Թվում է, թե կա համաձայնություն, որ մենք կառուցելու ենք, իրենք շահագործելու են, բայց մեր ինքնիշխանության ներքո: Բայց միաժամանակ նաև ԻԻՀ-ի հետ երեքշաբթի օրը կնքել ենք պայմանագրեր, որոնցով հաջորդ տարվանից մեկնարկելու է բավական մեծ ենթակառուցվածքների շինարարություն`թունելների ու կամուրջների շինարարությամբ` Հյուսիս-հարավի շրջանակներում»,- արձանագրեց նախկին պաշտոնյան։

Նա միաժամանակ հիշեցրեց, որ տարածաշրջանային ճանապարհաշինության իր հատվածը Ադրբեջանը Նախիջևանում արդեն ավարտել է, իսկ դեպի Մեղրի նախատեսում է ավարտել այս տարվա վերջին: Դա, ըստ նրա, նշանակում է, որ հայկական կողմի վրա լինելու է ճնշում, որ իր ստանձնած 45 կմ-անոց հատվածի շինարարությունը շատ արագ սկսի և ավարտի: Արդյունքում այդ ճանապարհը շատ ավելի շուտ կկառուցվի, քան արդեն տարիներով ձգձգվող Հյուսիս-հարավը:

Ինչ վերաբերում է վերոհիշյալ տարածաշրջանային նախագծին, այն որպես միջազգային կարևոր հանգույց ներկայացնելը Դավիթ Անանյանը չի ընդունում: Նրա համոզմամբ` դա զուտ թուրքական նախագիծ է`թուրանական ուղին, որն էլ ծառայելու է միայն թուրք-ադրբեջանական տանդեմին:

«Եվ այն սեպը`Հայաստանի տեսքով, որ կար խրված Մեծ Թուրանի իրագործման այդ պլանի մեջ, այս ուղիով հաջողվելու է վերացնել: Իսկ թե Ռուսաստանն ինչպիսի դերակատարում կունենա այդտեղ էլի կախված է մեր իշխանությունից և ՌԴ-ի դիրքորոշումից ու տնտեսական շահերից»- ասաց Անանյանը:

ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացումը կարող է հարվածել էներգետիկ անվտանգությանը

Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը, Դավիթ Անանյանի համոզմամբ, լուրջ հարված կարող է հասցնել նաև Հայաստանի էներգետիկ ոլորտին:

«Գազը մենք ՌԴ-ից ստանում ենք 165 դոլարով, որը բավականին մատչելի գին է` համեմատած Եվրոպային մատակարարվող գնի հետ, որը գրեթե 8 անգամ բարձր է: Ենթադրենք` Ռուսաստանը մարդասիրական քայլ անի և ոչ թե 8 անգամ բարձրացնի, այլ կրկնապատկի կամ եռապատկի մատակարարման գինը: Պատկերացրեք, թե ռուսական գազի վրա կառուցված մեր էներգետիկ համակարգը ինչպիսի ցնցումների կենթարկվի»,- ասաց Անանյանը` հավելելով, որ գազի թանկացումը կհանգեցնի նաև տեղական արտադրանքի ու ապրանքների գների աճի: Դա էլ իր հերթին կարող է բերել արտահանվող ապրանքների ծավալի նվազման, քանի որ նույնիսկ գազի ներկայիս գնի պայմաններում Հայաստանում արտադրանքի ինքնարժեքը բավական բարձր է արտաքին շուկաներում մրցունակ լինելու համար:

Ինչ վերաբերում է ատոմային էներգիային, Անանյանը հիշեցնում է, որ ՀԱԷԿ-ը մինչ օրս աշխատում է «Ռոսատոմի» հետ համագործակցության շնորհիվ, ուստի դրա հետագա ճակատագիրը, նրա դիտարկմամբ, անմիջականորեն կախված է ՀՀ-ՌԴ համագործակցությունից:

Եթե նույնիսկ ՀՀ իշխանություններին հաջողվի այս ոլորտում նոր գործընկեր պետություն գտնել, ապա նոր գործակցության անցումային ժամանակաշրջանը, մեր զրուցակցի գնահատմամբ, կարող է տևել տարիներ: Խնդիրն այն է` արդյոք մեր տնտեսությունը կունենա՞ այդքան էլաստիկություն, որ կարողանա դիմանալ, մինչև բևեռային վերադասավորումների արդյունքում տնտեսությունը սկսի նոր կառուցվածքներով կամ նոր հանգամանքներում գործել ու դիմակայել։

Sputnik Արմենիա