Թևան ՊՈՂՈՍՅԱՆ․ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆՔ ԱՆԿԱՐԱՆ, ՄՈՍԿՎԱՆ, ԲԱՔՈՒՆ, ՎԱՇԻՆԳՏՈՆԸ... ԲԱՑԻ ԵՐԵՎԱՆԻՑ

Հայ–ռուսական հարաբերություններն այսօր ոչ բավարար վիճակում են, ՀՀ–ում հակառուսականության աստիճանը բարձրանում է , իսկ ՌԴ–ում էլ Հայաստանին լուրջ չեն ընդունում։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը։

Նրա դիտարկմամբ` երկրների երկկողմ հարաբերությունների փոփոխությունը տեղի է ունեցել բոլորիս աչքի առջև։

«2021 թվականին Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի ժամանակ ասաց, թե ռազմաբազայի գտնվելը Հայաստանում մեծ վտանգ է, կամ զինավարժությունները ՌԴ–ի հետ Ադրբեջանն ընկալելու է սպառնալիք, այնուհետև պետք է ԵՄ դիտորդներին հրավիրենք Հայաստան։ Հիմա ո՞նց է թվում՝ այդքան բան եք ասում, մյուս կողմը ի՞նչ է լսում»,–հիշեցրեց նա։

Նրա խոսքով` պետք է գտնել ճիշտ բառապաշար, ճիշտ վարքագիծ, ճիշտ գործողություններ, որ գործընկեր պետությունները, այս դեպքում՝ Ռուսաստանը, հասկանան` ինչ է իրականում մեզ պետք։

«Եթե մենք դա չենք անում, եկեք չմեղադրենք։ Միջազգային հարաբերություններում նաև կա մի շատ ավելի կարևոր երևույթ. ասում են ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր։ Մենք ոնց ենք պատկերացնում թույլ լինելով կարո՞ղ ենք մարդկանց մոտ ցանկություն առաջացնել, որ մեր երկրի հետ շփվեն, ընկերություն անեն, ծրագրեր պլանավորեն։ Խնդրի արմատն իրականում գտնվում է մեր մեջ, ոչ թե ուրիշ դաշտերում»,–ասաց նա։

Այն, որ ՀՀ–ն այսօր ոչ բարեկամական հարաբերություններ ունի որևէ երկրի հետ, ըստ Պողոսյանի, գալիս է նրանից, թե Հայաստանն ինչ է արել ժամանակի ընթացքում այդ երկրների հետ հարաբերություններում։

Օրինակ` նույն Ռուսաստանը ժամանակին առանց գումարի էր Հայաստանին զենք տալիս, իսկ այսօր գումարով անգամ զենք չկարողանալ վերցնելը նա համարում է ՀՀ–ի մեղավորությունը։

«Համեմատեք` ո՞վ է մեղավոր, որ առաջին կուրսում լավ սովորել՝ 5 եք ստացել, վերջին կուրսում չեք սովորել, 2 եք ստացել, դասախո՞սն է մեղավոր»,–հռետորական հարցադրում է անում փորձագետը։

Շատ հաճախ հայ–ռուսական հարաբերություններում խնդիրների մասին խոսելով, շատերը չեն դիտարկում նաև աշխարհի մյուս երկրների հետ խնդիրները։ Ոչ դաշնակցային, բայց բարեկամական երկրներից, օրինակ, ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ասում էր, թե ՀՀ տարածքային ամբողջականությունը, եթե որևէ մեկը խախտի, հետևանքներ է ունենալու։ Պողոսյանը հիշեցնում է, որ ՀՀ տարածքի սուվերենությունն այսօրվա դրությամբ խախտված է։

«Հիմա կարող են ասել` ինչքա՞ն պետք է օկուպացնի Ադրբեջանը, որից հետո այդ հետևանքները լինեն, թե՞ միայն խոսքեր են»,–ասաց նա։

Ըստ Պողոսյանի` չի կարելի երկրի ղեկավարի հրաժարականի պահանջը կապել միայն հայ–ռուսական հարաբերությունների հետ։ Դա նաև վերաբերում է հայ–ամերիկյան, հայ–եվրոպական, հայ–իրականական, ինչպես նաև հայ հասարակության հետ հարաբերություններին։

«Մենք չենք կարող Ռուսաստանին փոխել, բայց գիտենք, որ որ Ռուսաստանն ունի շահերի ձևավորման իր ինստիտուտներն ու մեխանիզմները. դա բիզնես էլիտան է, քաղաքական էլիտան է, շատ մոտիկ ընկերական հարաբերություններն են շատերի հետ։ Ուրեմն այդ երկրի հետ պետք է այդպես աշխատել։ Մենք պետք է ոչ թե ՌԴ–ին փոխենք, այլ պետք է հասկանանք` որտեղ, ոնց աշխատել։ Այսինքն` այն, ինչ արել է մեր թշնամին։ Նույն ԵՄ–ի, ԱՄՆ–ի հետ։ Այնտեղ էլ պետք է իրենց ինստիտուտներով աշխատել, եթե ուզում ենք արդյունք ապահովել»,–ընդգծեց նա։

Պողոսյանն ամփոփելով նշեց, որ իրականում ՀՀ–ի խնդիրները գալիս է նրանից, որ քննարկում են Անկարա, Մոսկվա, Բաքու, Վաշինգտոն... բացի Երևանից։ Այնինչ պետք է ճիշտ տեղից խնդիրը բուժել։

Sputnik Արմենիա