ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ՀԱՍՏԱՏԱԿԱՄ Է ԵՎ ԱՉԱԼՈՒՐՋ

Պատասխանելով «Ամերիկայի ձայնի» հայաստանյան ծառայության հարցին, կապված Հայաստան Ադրբեջանի ներխուժման առնչությամբ Լեմկինի ինստիտուտի մտահոգության հետ, Պետդեպարտամենտը շատ սպառնալից և միաժամանակ չափազանց հուզիչ նախազգուշացում տեղաց այն մասին, որ ԱՄՆ-ը երբեք չի հանդուրժի որևէ ոտնձգություն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։

«ԱՅԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կհանգեցնի լուրջ հետևանքների», -հայտարարեցին գերատեսչությունում, նշելով, որ «Հայաստանը ԱՄՆ-ի մտերիմ գործընկերն ու բարեկամն է»։ Ասել է թե՝ Աստված մի՛ արասցե, որ ինչ-որ մեկը համարձակվի նման քայլի դիմել։ Այնպե՜ս կստանա քիթ-մռութին. Վաշինգտոնն իսկույն կցուցադի լկտի չարագործներին ամենն, ինչ ունի։

Թվում է, թե ամեն ինչ լավ է…Բայց ոչ այնքան։

Քանզի ոչ այնքան վաղուց նման մի բան, եթե ոչ տառացիորեն նույնը, մենք արդեն լսել ենք Պետդեպարտամենտի ներկայացուցիչներից։ Սեպտեմբերի 14-ին «Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի գնահատականը» լսումներում Սենատի արտաքին գործերի կոմիտեում Եվրոպայի և Եվրասիայի գործերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Կիմը, պատասխանելով Ռոբերտ Մենենդեսի հարցին, մատները ծալելով թվարկում էր. «1. Լաչինի միջանցքը պետք է բացվի անհապաղ, հապաղում այլևս չպետք է լինի։ 2. Միացյալ Նահանգները չեն հանդուրժի կարճաժամկետ կամ երկարաժամկետ որևէ գործողություններ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ էթնիկ զտման կամ այլ չարագործությունների իրականացման ուղղությամբ»։

Նշելով, որ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է պաշտպանվեն և որ դա կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի արմատական բաղկացուցիչն է, այդ հաճելի, բայց ահեղ տիկինը ընդգծեց. «Ադրբեջանը պետք է միջազգային մակարդակով հաստատված երաշխիքներ ներկայացնի առ այն, որ հարգում է նրանց իրավունքները և որ նրանք կարող են առանց վախի ապրել իրենց տներում»։

Այս ամենից մեկ շաբաթ չանցած Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։ Ավելի քան 100 հազար մարդ հարկադրված հեռացավ իր Հայրենիքից։ Լաչինի միջանցքն արդեն ոչ մեկին պետք չէ։ Ամերիկան շատ հանգիստ ամեն ինչ հանդուրժեց։ Ահեղ, բայց հաճելի տիկինը եկավ Հայաստան։ Նրան հարցրեցին. «Այդ ինչպե՞ս։ Չէ՞ որ դուք խոսում էիք պաշտոնական Վաշինգտոնի անունից»։ Ահեղ հաճելի տիկինը ինչ-որ բան պատասխանեց՝ այն իմաստով, թե Հայաստանի կողքին կանգնած Ամերիկան անհրաժեշտ օգնություն կցուցաբերի արցախցի փախստականների հումանիտար խնդիրների լուծման գործում…

Դե, ի՜նչ արած։ Չգործեց Վաշինգտոնի նախազգուշացումը։ Դե, չստացվեց։ Մի տեսակ չես ցանկանում մտածել, որ Արցախի պարագայում ԱՄՆ-ի համար ավելի կարևոր էր ռուսական զորակազմի դուրսբերումը տարածաշրջանից, քան 100 հազար մարդու տեղահանումը…

Հուսանք, որ այս անգամ Պետդեպարտամենտը ճիշտ կգուշակի և Ադրբեջանը չի հարձակվի։ Շատ մեծ հույս ունենք, որ այս անգամ Վաշինգտոնի սպառնալից նախազգուշացումը կգործի, և նոր պատերազմ չի լինի։

Ոչ միայն այն պատճառով, որ բոլոր նորմալ մարդկանց պես՝ չենք ցանկանում նոր պատերազմ։ Այլև այն պատճառով, որ մեղք են մեր արևմտամետները։ Ախր նրանք այնքա՜ն են ջանում, այնպես՜ս տքնում… Ժամանակին նույնիսկ մի ամբողջ պատմություն հորինեցին այն մասին, թե 2022 թվականին Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան կասեցվել է այն բանի շնորհիվ, որ Բլինկենը զանգել ու սպառնացել է Ալիևին։

ՈՐՏԵՂԻ՞Ց ՀՈՐԻՆԵՑԻՆ։ Ալիևը նման բան չի ասել։ Բլինկենը՝ նույնպես։ Բայց մեր արևմտամետները հաստատ գիտեին, որ եթե Բլինկենը զանգած չլիներ, Ալիևը կզավթեր Ջերմուկը։ Ահա այսպիսի շատ հայրենասեր արևմտամետներ ունենք Հայաստանում։

Ճիշտ է, նրանք ոչ մի կերպ չեն կարողանում բացատրել, թե ինչու են Ադրբեջանի զորքերը շարունակում մնալ մեր տարածքում, եթե Բլինկենը մեկ զանգով դադարեցրել է պատերազմը։ Եվ ինչո՞ւ մեկ տարի անց հարձակվեցին Արցախի վրա, չնայած Բլինկենի բազմաթիվ զանգերին։ Այդ ի՞նչ անհարգալից վերաբերմունք է Պետդեպարտամենտի ղեկավարի նկատմամբ, գրո՛ղը տանի։ Թե՞ Ալիևը պարզապես լավ է հասկանում, թե իրականում ինչն է կարևոր ԱՄՆ-ի համար , իսկ ինչը՝ ոչ։

Կցանկանայինք, որ այս անգամ Պետդեպարտամենտի նախազգուշացումը արդյունավետ լիներ։ Որպեսզի մեր արևմտամետները, հատկապես այն մեկը, որը Խզմալյան է, իրենց սիրելի հեռուստաալիքի եթերում կարողանան հպարտ ասել, թե Ադրբեջանը չհարձակվեց Հայաստանի վրա, որովհետև Պետդեպը նախազգուշացրել է Ալիևին։ Իսկ Պետդեպը նախազգուշացրել է, քանզի Հայաստանի շահերի պաշտպանության դիրքերում կանգնած է ինքը՝ Խզմալյանը. դե, մի քիչ էլ Շիրինյանն ու Բաբաջանյանը, որոնք նախապատրաստական ահռելի աշխատանք են կատարել։

Իրականում այդպիսի «ահեղ» հայտարարությունները Իլհամ Ալիևի լոկ քմծիծաղն են առաջացնում։ Նա հո գիտի, թե ինչ գործոններից է իրրականում կախված՝ կհարձակվի Ադրբեջանը Հայաստանի վրա, թե ոչ։ Գործոններն, իհարկե, շատ են և տարբերեն։ Բայց վճռորոշը, թերևս, այն է, որ եթե կարող ես ուզածդ ստանալ առանց պատերազմի, ապա ինչո՞ւ շտապել և ռազմամթերք ծախսել։