ԱՐՑԱԽՑԻՆԵՐ, ԵՍ ՁԵԶ ԶՐԿԵՑԻ ՏՆԻՑ-ՏԵՂԻՑ, ԲԱՅՑ ՈՉ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ, ՔԱՆԻ ՈՐ ԴՈՒՔ ՀԱՅՐԵՆԻՔ ՉԵՔ ՈՒՆԵՑԵԼ
Սա ասվում է առայժմ 120 հազարին: 2-3 միլիոնի մասին խոսելը վաղ է՝ դեռ ոչինչ չի ասվել: Այդուհանդերձ, բոլորս մեզ պետք է որ ծաղրի առարկա զգայինք ազգընտիր ստահակի երեկվա բառերից: Առավել միամիտ մեր հայրենակիցներին փորձենք բացատրել տեղի ունեցողը:
«Նորից ուզում եմ դիմել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին: Եթե նրանք օբյեկտիվ հնարավորություն չեն ունենալու վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, ապա մեր քաղաքականությունն ու ցանկությունն այն է, որ նրանք բոլորը մնան Հայաստանի Հանրապետությունում, ապրեն, աշխատեն Հայաստանի Հանրապետությունում: Արդեն բավականին մեծ հոսք կա։ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր եղբայրներն ու քույրերը դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Իհարկե, մենք սպասում էինք, որ այդ գործընթացը պետք է տեղի ունենա։ Մեր խնդիրն այն է, որ հնարավորինս արագ այդ գործընթացը կազմակերպենք, իհարկե, ինքն ունի որոշակի օրենսդրական նրբություններ, որոնք պետք է պահպանվեն։ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից ու եղբայրներից որոշակի համբերություն ենք ակնկալում, որպեսզի ամեն ինչ ճիշտ, օրինական ընթացակարգերով առաջ շարժվենք, որպեսզի արագության պատճառով իրավական խախտումներ չառաջացնենք»․ սա մեջբերում է կառավարության նոյեմբերի 2-ի նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթից։ Ընդգծումները մերն են՝ Լրագիր:
Տևական ժամանակ կառավարությունն արցախցիներին անորոշության մեջ էր պահում աշխատավարձի, թոշակի, նպաստների հարցերում։ ԱԺ-ում հոկտեմբերի 26-ին Փաշինյանը հայտարարեց, որ արցախցիներին տրվելու է «ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ»։ Հիմա նա հայտարարում է, որ թոշակի, նպաստների վճարումների համար անհրաժեշտ է «ստանալ ՀՀ քաղաքացիություն»։ Այլապես սոված կոտորվելու եք, ձեր կամքն է՝ կամ, կամ: Ոչ մեկն եք ուզում, ոչ մյուսը: Կա երրորդը. դարձեք էքսպատրիանտ, անհայրենիք ու չքվեք ուր ուզում եք, ձեր ՀՀ անձնագրերը անվավեր են:
Որևէ երկիր փախստականներին ընդունելիս և նպաստ տրամադրելիս պարտադրու՞մ է նրանց ստանալ այդ երկրի քաղաքացիություն, այն էլ սովամահ լինելու սպառնալիքով: Մտքին է գալիս այդպիսի միայն մեկ երկիր, որ հացի դիմաց իր անձնագիրն էր պարտադրում: Դրա անունը սրտի տրոփյունով, շնչահեղձ ու գերագույն հեշտանքով օրական տասնյակ անգամներ արտաբերում է մեր ազգընտիրը՝ ազերբայդժան մոյ, ազերբայդժան:
Կարծում ենք, ոչ ոք այլևս չպիտի տարակուսի սովի սպառնալիքով դեռ 2022-ի դեկտեմբերին սկսված բռնի տեղահանության բուն օպերատորի շուրջ: Հուշենք. դա ազերբայդժանը չէ:
4 անգամ ԼՂ և ոչ մի Արցախ: Փոխարենը՝ 3 անգամ «բռնի տեղահանված», բայց «որևէ վտանգի չենթարկված», ըստ ՄԱԿ ԱԽ-ին ուղղված ազգընտիրի հավաստիացման: Այն էլ ոչ ավել, ոչ պակաս քույրեր ու եղբայրներ: Դուք մի քիչ համբերեք, քույրեր ու եղբայրներ, ես ձեզ կհայրենազրկեմ ու ձեր խոխեքը հաց կուտեն: Մի փոքր համբերել է պետք, քույրեր ու եղբայրներ, արդեն մեծ հոսք կա հացի դիմաց հայրենիքից հրաժարվել ցանկացողների՝ ինչից եք խաբար, քույրեր ու եղբայրներ:
«Եթե նրանք օբյեկտիվ հնարավորություն չեն ունենալու վերադառնալ Լեռնային…»: Երրորդ դեմքով, ապառնիի պոետին վայել բարդ բայական երանգներով: Երևում է շատ է չարչարվել մեր ազգընտիրը հնրավորինս խուսափելու համար ապագայում դատական ատյանի ամբաստանությույններից: Չի օգնելու: Օբյեկտիվ խոչընդոտ լսել էինք, բայց օբյեկտիվ հնարավորություն, այն էլ ժխտական դիրքում… Ազգընտիրի իրավաբանական վախերը իրոք որ օբյեկտիվ են և առարկայական:
Ինչն է այստեղ խնդիրը, եթե մի կողմ դնենք լեզվական վերլուծությունը: Որն է նույնիսկ ազգընտիրի համար չափազանց կրուտիտների պատճառը: Արցախցիներն արդեն իսկ ՀՀ քաղաքացի են, ընդամենը գրանցման վայր են փոխել, այն էլ ժամանակավոր՝ դա թույլատրելի է ՀՀ օրենսդրությամբ: Բացի այդ, Արցախը անձնագրային ռեժիմի առումով միշտ ՀՀ մաս է եղել ու պիտի մնա (վերջինը պիտի վերահաստատվի Արցախի հանրապետության իշխանությսն կողմից, լուծարման թուղթը դրա հնարավորությունը ստեղծում է):
Ուրեմն, որն է մեր սիրասուն եղբոր փորացավը: Դա նոր անձնագրերում Արցախի 070 կոդի բացակայությունն է․ մարդիկ զրկվում են Արցախի բնակչի ապացուցելի իրավական հիմքից, դիմազրկվում Արցախի բնիկ լինելու առումով։ Կան և ուրիշ, ոչ այս աստիճան ակնհայտ կետեր, որ վերաբերում են մեզ օկուպացիա մեղսագրելուն:
Հենց այս հանգամանքների նկատառումով է ներքին թշնամին նախաձեռնել նպաստի և թոշակի շանտաժով մարդկանց «ապաարցախացման», հայրենազրկման նողկալի դիվերսիան։ Արտաքին թշնամին հիմա բոլոր հիմքերը պիտի ունենա պնդելու, որ ազգընտիրը ինքը ճանաչեց Արցախը ազերբայդժանի մաս, և դա դեռ քիչ էր՝ ինքը զրկեց մարդկանց իրենց հայրենիքից: Այնտեղ հայ չի ապրել, բարաթ ցույց տվեք. բարաթ յոխ, վաթան յոխ:
Նկատենք, որ պաշտոնական Երևանը ոչ Բաքվի առջև, ոչ միջազգային կառույցներում ոչ մի անգամ արցախցիների վերադարձի պահանջ կամ ցանկություն չի հայտնել։ «Մենք չկարողացանք կանխել ԼՂ էթնիկ զտումը»: և վերջ, այսինքն, մարդիկ զտվեցին պրծա՞ն: Դու պրծա՞ր, ազգընտիր: Աչերիդ արև՞:
Ավելին, Երևանի գործողություններն ուղղված են այդ վերադարձը բացառելուն, որի համար էլ նախաձեռնվել է նողկալի դիվերսիան։ Արցախի խնդիրը փակելու «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներ և անվտանգություն, դրանց հասցեագրում» նիկոլական կարգախոսով հատուկ օպերացիան պիտի ավարտվի արցախցիների «անձնագրավորումով»։ Հասցեագրում բառի իմաստը հիմա հասկացաք, քույրեր ու եղբայրներ։
Համեմատության համար՝ Բաքուն իրենց ներքին տեղափոխված (այսինքն օտար օկուպացիայի հետևանքով տեղաշարժված) անձանց բնակեցրեց համայնքներով, իրար կողքի, առանց փոշիացնելու: Նրանց պահում էին սարսափելի պայմաններում, նաև միջազգային դիտորդներին ցուցադրելու համար, բայց հստակ ասում էին, որ հետ են վերադառնալու իրենց հորինված «հայրենիքը»։
Ազգընտիրը դա չի ասում և հազարամյա հայրենիքից էլ զրկում է: Հայրենիքը իր պետությունն է: Դրսին նաև ուրիշ բան է ասում. զրկեք մեզ պետության իրավասությունից որտեղ որ ուզում եք, գեթ մեկ ժամով, ու այդ հողը այլևս ձերն է, ձեր հայրենիքն է, իմ հարազատ ազերբայդժան (տես՝ մարզպետ): Բայց Բաքվին չարժե շտապել: Պաշինյան յոխ, ազարբայջան դա յոխ, Գարաբախը դախիլ: Սա արդեն մեր կողմից: