Foreign Policy․ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔ» ՆԱԽԱԳԻԾԸ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻՆ
Ամերիկյան Foreign Policy ամսագիրը «Զանգեզուրի միջանցք» նախագիծը համարում է մարտահրավեր հաստատված աշխարահակարգին և Թուրքիայի ու Ռուսաստանի կողմից Եվրասիայում վերահսկողությունն ուժեղացնելու փորձ։
«Զանգեզուրի միջանցքը, եթե իրագործվի, կհանգեցնի Եվրասիական մայրցամաքի ռազմավարական աշխարհագրության փոփոխության՝ ամրապնդելով երկու նեոկայսերական խաղացողների՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ռևանշիստական քաղաքականությունը», – գրում է ամսագիրը։
Հոդվածի հեղինակ, Carnegie Endowment-ի պրոֆեսոր և հետազոտող Աննա Օհանյանը նշել է, որ Հայաստանի համար խնդիրը կարող է լինել ոչ թե բուն միջանցքը, այլ դրա ստեղծման պարտադրված բնույթը։
Նա հիշեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը միջանցքի նախագծի իրագործմանը հասնելու Բաքվի վճռականության մասին՝ անկախ Հայաստանի ցանկություններից։ Ըստ Օհանյանի՝ Ադրբեջանը դեռևս 2021 թվականին սկսել է Հայաստանի արևելյան սահմանով «սողացող անեքսիայի» ռազմավարությամբ ենթակառուցվածքների կառուցումը։
Նա նաև նշել է, որ Իրանը կարող է համաձայնել Արևմուտքի պատժամիջոցները շրջանցելու Ադրբեջանի միջանցքի նախագծին, քանի որ «ձգտում է օգտագործել բոլոր հասանելի տրանսպորտային ուղիները, որոնք կօգնեն խորացնել Ռուսաստանի հետ առևտրային և ռազմական կապերը»:
Հոկտեմբերի 7-ին Թեհրանը և Բաքուն պայմանավորվել են Նախիջևանը Իրանի տարածքով Ադրբեջանի հիմնական տարածքի հետ կապող երկաթուղու և երկաթուղային կամուրջների կառուցման շուրջ։
Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ Հայաստանի տարածքով Զանգեզուրի միջանցքի ստեղծման նախագիծը Բաքվի համար կորցրել է իր գրավչությունը, քանի որ այդ երթուղին կարող է անցնել Իրանով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին հայտարարել է, որ կողմ են տրանսպորտային երթուղիների վերաբացմանը, սակայն այդ ամենը պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմաններում: