ԲԱՔՎՈՒՄ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ ԵՆ «ԽՈՋԱԼՈՒԻ» ԱՌԱՍՊԵԼԸ, ԵՐԵՎԱՆՈՒՄ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ԱՐԽԻՎԸ

Երեկ Ադրբեջանը հայտնեց Արցախի ևս մեկ բնակչի՝ Մադաթ Բաբայանի գերեվարման մասին։ ՊԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ նրան գերեվարել են Քարվաճառի շրջանում «ահաբեկչական գործողություններ կատարելու կասկածանքով՝ ազգային թշնամանք հրահրելու մտադրությամբ»: Բաբայանին մեղսագրում են անդամակցում «անօրինական զինված խմբավորումներին»։ Իսկ գլխավոր մեղադրանքը՝ «մասնակցություն Խոջալուի ցեղասպանությանը»։

В БАКУ АКТИВИЗИРУЮТ МИФ О «ХОДЖАЛУ», В ЕРЕВАНЕ УНИЧТОЖАЮТ СУМГАИТСКИЙ АРХИВ

Հաղորդագրության մեջ հնչեցված տվյալները Բաքվի ԶԼՄ-ներն անվանել են «սենսացիոն», քանի որ գերին «ցույց է տվել զանգվածային թաղավայրերը, որտեղ ինքն անձամբ է թաղել դաժան վերաբերմունքի և խոշտանգումների հետևանքով զոհված ադրբեջանցիների դիակները»: Հաղորդագրությանը կցված է լուսանկար, որում տարեց մարդը կանգնած է զինվորականներով ու քաղաքացիական անձանցով շրջապատված և ձեռքով ինչ-որ տեղ ցույց է տալիս: Իսկ ընդհանուր առմամբ, տեքստը կազմված է ադրբեջանական քարոզչամեքենայի լավագույն ավանդույթներով, որը երկար տարիներ կրկնում է այսպես կոչված Խոջալուի իրադարձությունների մասին Բաքվում ստեղծված և տասնամյակներ շարունակ նոր «մանրամասներով» համեմվող առասպելի ստահոդ կաղապարները. իրադարձություններ, որոնք իրականում տեղի են ունեցել Ակնայի (Աղդամի) մերձակայքում։

Մենք այստեղ չենք բացատրի, թե ինչ է իրենից ներկայացնում այդ առասպելը. «ԳԱ»-ում տարբեր տարիների բազմաթիվ նյութեր են հրապարակվել, որոնք մերկացրել են Բաքվի հորինվածքներն ու կեղծիքները։ Հիշեցնենք միայն, որ 1992թ.փետրվարի 26-ի գիշերը Արցախի Պաշտպանության բանակն իրականացրեց Խոջալու (Իվանյան) ավանում գտնվող հանրապետության միակ օդանավակայանի շրջափակման ճեղքման և ազատագրման գործողությունը, ինչը թույլ տվեց փրկել սովից ու ցրտից մահացող և հինգ կրակակետերից ինտենսիվ գնդակոծվող Ստեփանակերտը: Ինչ վերաբերում է հումանիտար միջանցքով դուրս եկած մի խումբ խաղաղ բնակիչների մահվանը, ապա ստի կուտակումներն ու տարատեսակ մանիպուլյացիաները միտված էին հայկական կողմին «ցեղասպանության» մեջ մեղադրելուն և տարիներ շարունակ օգտագործվել են Բաքվի ագրեսիվ հակահայկական քարոզչության մեջ:

2010-2013թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի փորձագետները հսկայական աշխատանք են կատարել իրադարձությունների ադրբեջանական վարկածը հերքելու ուղղությամբ՝ հավաքելով բազմաթիվ ապացույցներ, որ Խոջալուի բնակիչները դարձել են Ադրբեջանում իշխանության համար ընթացող ներքաղաքական գզվռտոցի զոհ: Ընդ որում վկայությունների զգալի մասը բխում էր հենց ադրբեջանցիներից։ Այդ բոլոր փաստերը, նյութերն ու վկայությունները տեղադրված են xocali.net կայքում և համոզիչ կերպով ապացուցում են, թե հատկապես ով է գյուղի բնակիչների մահվան մեղավորը։

Այս նյութերի հրապարակումից, ինչպես նաև «Սովի և կրակի միջև. իշխանություն՝ կյանքերի գնով» վավերագրական ֆիլմի թողարկումից հետո Բաքուն ստիպված էր զգալիորեն նվազեցնել սեփական առասպելի քարոզչման ակտիվությունը։ Սակայն այժմ այնտեղ ակնհայտորեն անցել են «Խոջալուի իրադարձությունների» յուրօրինակ «ափդեյթի», ընդ որում՝ ամենաստոր ձևով. օգտագործելով հայ գերիներին։

В БАКУ АКТИВИЗИРУЮТ МИФ О «ХОДЖАЛУ», В ЕРЕВАНЕ УНИЧТОЖАЮТ СУМГАИТСКИЙ АРХИВ

Այս համատեքստում բավական ցուցանշական է, որ Մադաթ Բաբայանի մասին Ադրբեջանը հաղորդեց միայն հիմա՝ գերեվարումից մեկուկես ամիս անց (եթե հավատանք Բաքվի մամուլի հաղորդագրություններին, դա տեղի է ունեցել «հակաահաբեկչական գործողության» ընթացքում, այսինքն՝ սեպտեմբերին)։ Այս ողջ ընթացքում նա խոշտանգումների է ենթարկվել հենց «Խոջալուի ցեղասպանությանը իր մասնակցությունը խոստովանելու» նպատակով։ Եվ երբ Բաքվի բանտերում խոշտանգված տարեց մարդը ստիպված համաձայնել է ասել այն ամենը, ինչ իրենից պահանջվում էր, կազմակերպեցին «սենսացիոն տվյալների» շոուն։

Ավելի վաղ մեկ այլ տարեց գերի՝ սահմանային անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանը մեղադրվեց համանման հանցագործությունների մեջ, ավելին՝ գտան մոտ 60 «տուժող», որոնք հանձին նրա ճանաչեցին ադրբեջանական ինչ-որ գյուղում մինչ այժմ անհայտ «սպանդի» մասնակցի։ Ճիշտ է, Խաչատրյանն ամեն ինչ հերքում է, բայց կասկած չկա, որ նա մեղավոր կճանաչվի և կդատապարտվի տևական ազատազրկման։

Միանգամայն ակնհայտ է, որ Բաքվում այսուհետ էլ կօգտագործեն տարեց հայ գերիներին, որպեսզի խոշտանգումներով նրանցից կորզած «ցուցմունքներով» հիմնավորեն և ապացուցեն զանգվածային սպանությունների իրականացման մեղադրանքները Արցախի և Հայաստանի հասցեին։ Եվ առաջին հերթին՝ «Խոջալուի իրադարձությունների»։ Այն, ինչը նախկինում սաստիկ պակասում էր՝ «մասնակիցների վկայությունները», Բաքուն կստանա գերիների նկատմամբ անմարդկային և դաժան վերաբերմունքի իր համար սովորական ճանապարհով։ Այլ հարց է, թե ինչ կարժենան խոշտանգումներով կորզած ցուցմունքները։

Այդ ողջ նողկալի գործընթացում կա ևս մեկ տեսանկյուն։ Հայկական կողմի տրամադրության տակ, ինչպես հայտնի է, կա 1988-1992թթ. Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված հրեշավոր հանցագործությունների մասին տարբեր նյութերի և փաստաթղթերի հսկայական արխիվ. բավական է նշել հենց միայն Սումգայիթի, Բաքվի և Մարաղայի ցեղասպանությունները: Այժմ Բաքվում այդ արխիվը «կհավասարակշռեն» գերության մեջ հայտնված հայերի «վկայություններով»։ Եվ որ ամենակարևորն է. դա տեղի կունենա Հայաստանի իշխանությունների ակտիվ աջակցությամբ։

Բանն այն է, որ Հայաստանի Գլխավոր դատախազության կայքից ամբողջությամբ անհետացել է «Սումգայիթ. Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացված վայրագությունների դեպքերի առթիվ քննված գործի նյութերը» բաժինը, որում 2010 թվականին առաջին անգամ ամբողջական ծավալով հրապարակվեցին հարյուրավոր թվայնացված նյութեր և փաստաթղթեր՝ հայերի դեմ Սումգայիթում, ինչպես նաև Մարաղա գյուղում Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության անգին վկայություններ:

Այս տարվա հուլիսին «Փաստինֆո»-ն գրել էր, որ այդ բաժինը անհետացել է Գլխավոր դատախազության կայքից։ Հարցմանն ի պատասխան՝ գերատեսչության մամուլի ծառայությունը հայտնեց, թե իբր՝ տեխնիկական աշխատանքներ են ընթանում կայքի վերակառուցման ուղղությամբ, և դրանց ավարտից հետո էլեկտրոնային արխիվն առաջվա պես հասանելի կլինի: Բարձրացած աղմուկից հետո կայք վերադարձրեցին մոտ 15 նյութ. «ԳԱ»-ն այդ մասին գրել է «Վարդապետյանը շեֆի հրամանով մտադրվել է ոչնչացնել հիշողությունը «Սումգայիթի» և «Մարաղայի» մասին» հոդվածում։

Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը, բնականաբար՝ իր ղեկավարի գիտությամբ, ինչպես պարզվեց, լկտիաբար ստում էր. «Սումգայիթ. Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացված վայրագությունների դեպքերի առթիվ քննված գործի նյութերը» բաժինն այժմ իսպառ բացակայում է կայքում։ Գլխավոր էջում այլևս չկա բաժնի հղումը, «սումգայիթ» բառի որոնումը բերում է դրա ակտիվ հղում, բայց եթե սեղմեք՝ բացվող էջում Փաշինյանի նախկին օգնականի կերպարանքն է, որն այժմ զբաղեցնում է Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնը։ Իսկ ներքևում՝ հաղորդագրություն. բովանդակությունն անհասանելի է:

Այսինքն՝ արձանագրենք. Աննա Վարդապետյանն իր շեֆի՝ Նիկոլ Փաշինյանի հրամանով (առանց դրա նա մատը շարժել անգամ չի համարձակվի) հանրային հասանելիությունից հանել է Սումգայիթում, ինչպես նաև Ադրբեջանի այլ քաղաքներում ու գյուղերում հայերի ցեղասպանության վերաբերյալ հսկայական արխիվը։ Անվանել դա այլ կերպ, քան Հայաստանի գործող իշխանությունների հանցագործություն, անհնար է։ Հերթական հանցագործությունը՝ անթիվ շարանում։

Եվ այդ հանցագործությունը կատարվել է Նիկոլի տերերից մեկի՝ Իլհամ Ալիևի հրամանով։ Ամենայն հավանականությամբ, աստիճանաբար կփակվեն նմանատիպ բովանդակությամբ նաև այլ ցանցային ռեսուրսներ։ Ռեսուրսներ, որոնք ստեղծվել են հայ փորձագետների, լրագրողների և հետազոտողների բազմամյա վիթխարի աշխատանքի արդյունքում, սակայն այսօր ոչ միայն ավելորդ են դարձել, այլև խանգարում են երիտհայերի «խաղաղության դարաշրջանին», որտեղ տեղ չկա հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի բազմաթիվ հանցագործությունների մասին չնչին իսկ հիշատակման համար:

Որպես մարդ, որը երկար տարիներ անձամբ մասնակցել է այդ արխիվների և ռեսուրսների ստեղծմանը, ես մեղադրում եմ Վարդապետյանին և Փաշինյանին Ալիևի հետ հանցավոր հակահայկական դավադրության մեջ, որի նպատակն է՝ թաքցնել և ոչնչացնել տարածաշրջանի նորագույն պատմության անգին նյութերն ու փաստաթղթերը, խեղաթյուրել և կեղծել պատմական փաստերը, և դրանով իսկ ակտիվորեն աջակցել հայատյացության, ցեղասպանության և Հայաստանի թուրքացման ադրբեջանական քաղաքականությանը: