Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆ. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԳԼԽԱՎՈՐԵՐ ԹԱԹՈՅԱՆԸ
Ազգային կոմիտեի կողմից առաջադրված ժամանակավոր կառավարությունը պետք է գլխավորեր նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, իսկ կազմում պետք է լիներ նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսելով Ազգային կոմիտեի անհաջողության մասին՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր էին սկսվել։ Մարդիկ պատասխան էին պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։ Այդ ընթացքում էլ ձևավորվեց Ազգային կոմիտեն, որը սակայն մի քանի օր անց` սեպտեմբերի 26-ին չեղարկեց նախատեսված հանրահավաքը և հայտարարեց, որ լծվում է տեղահանված արցախցիներին հումանիտար աջակցություն տրամադրելուն։
Մինասյանը կարծիք հայտնեց՝ ինչու Ազգային կոմիտեն չշարունակեց իր գործունեությունը։
«Մարդկանց մոտ տպավորություն ստեղծվեց, որ «Ազգային կոմիտեն» հերթական անգամ մարդկանց էմոցիաները կոտրեց, մինչդեռ կոմիտեի պատասխանատուները ջանք էին գործադրում, որ այս գաղափարը կյանքի կոչվի։ Եվ որպեսզի որևէ մեկի մտքով չանցներ, որ «Ազգային կոմիտեն» նեղ խմբային քաղաքական, կուսակցական շահերով էր առաջնորդվում, առաջադրվեց նաև ժամանակավոր կառավարության կազմը Թաթոյանի գլխավորությամբ»,–ասաց Մինասյանը։
Ընդդիմադիր խմբակցության քարտուղարը նշեց, որ Արման Թաթոյանի և Վարդան Օսկանյանի առաջադրման նպատակը մեկն էր` ստեղծել ժամանակավոր կառավարություն, որը պետք է ապահովեր իրավիճակի հանդարտեցումը արտաքին ճակատում, վերականգեր ազգային համերաշխությունը և որ ամենակարևորն է` այն դիվանագիտական ճանապարհը, որը Վարդան Օսկանյանն առաջարկում էր բազմիցս, դառնա արտաքին քաղաքականության ուղղություն։ Բացի այդ, ժամանակավոր կառավարության կազմում կներգրավեին հմուտ ռազմական գործիչներ, որոնք կզբաղվեին պաշտպանական քաղաքականությամբ։
Սակայն այդ ամենին զուգահեռ կար մեկ պայման.
«Բոլոր նախկին նախագահները և կաթողիկոսները (Գարեգին 2-րդ, Արամ 1-ին-խմբ.) պետք է նաև հրապարակային աջակցություն հայտնեին այդ գաղափարին, ծրագրին։ Ցավոք` առաջին նախագահի (Լևոն Տեր–Պետրոսյան) գրասենյակից բացասական արձագանքը բերեց նրան, որ այս գաղափարը չիրացվեց»,–նշեց նա։
Միևնույն ժամանակ Մինասյանը հայտնեց, որ երկրորդ և երրորդ նախագահները` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց աջակցությունն են հայտնել գաղափարին, նաև կաթողիկոսներն են արտահայտել իրենց մոտեցումները։
Ըստ մեր զրուցակցի, ընդդիմությունը իշխանության հեռացնելու հարցում հաջողություն չի գրանցում, քանի որ կազմակերպվածության մեջ հաճախ երկրորդական հարցերը բերում է առաջ։
«Օրինակ` երբ ասում ես՝ այո, պետք է գնալ պաշտոնանկության կամ իմպիչմենտի, միանգամից սկսում են` բա ո՞վ է թեկնածուն, անուն տվեք։ Եվ եթե թեկնածուն որևէ մի խմբի որևէ մի հատվածի սրտին դուր չի գալիս, միանգամից ընդդիմադիր հատվածը մասնատվում է»,–հավելեց նա։
Մինասյանը վստահ է՝ հաջողության հասնելու համար պետք է մեկ անձի փրկիչ լինելու կերպարից դուրս գալ, քնի որ փոփոխությունը կարող է բերել այն անձանց խումբը, ովքեր հասկանում և պատկերացնում են, թե ստեղծված իրավիճակից ինչպես պետք է դուրս գալ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ գնահատում է ընդդիմության կողմից երկրի ներքաղաքական իրավիճակն ավելի չսրելու տրամադրվածությունը։