«Հրապարակ». ԻՆՉՈՒ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՐԵԹԵ ԱՄԵՆՕՐՅԱ ՌԵԺԻՄՈՎ ՎԵՐՍԿՍԵԼ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԸ
«Հրապարակ» թերթը գրում է. «Տևական ընդմիջումից հետո Նիկոլ Փաշինյանը գրեթե ամենօրյա ռեժիմով վերսկսել է կուսակցական հավաքները։ Այս շաբաթ գրեթե ամեն օր ՔՊ վարչության նիստ են արել: ՔՊ մեր աղբյուրները վստահեցնում են, որ արտառոց ոչինչ չկա` Արցախի խնդրով և տևական ժամանակ կուսակցական հավաքներ չանելու պատճառով բազում խնդիրներ են կուտակվել, որոնք մեկ օրում հնարավոր չէր քննարկել և լուծումներ գտնել։ Իսկ մինչև Արցախի կորուստը իշխող ուժն ամենշաբաթյա ռեժիմով՝ երեքշաբթի և հինգշաբթի օրերին, վարչության և նախաձեռնող խմբի նիստեր էր անում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
ՔՊ-ն վերջին անգամ վարչության նիստ արել էր ավագանու ընտրությունների հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, որի ընթացքում քննարկվել էին ավագանու ընտրություններում կրած պարտության պատճառները, իսկ նախաձեռնող խմբի նիստ եղել էր օգոստոսի 3-ին: Երեկ նաև նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել, որին, Փաշինյանից բացի, մասնակցել են նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը և կառավարության այլ ներկայացուցիչներ:
Քննարկման առանցքում եղել է Փաշինյանի նոր «հայտնագործությունը»` «Խաղաղության խաչմերուկ» թեմայով: Հատկանշական է, որ անգամ ՔՊ-ում լուրջ չեն ընդունում Փաշինյանի շրջանառած այս գաղափարը: Ասում են` խաղաղության դարաշրջանը հորով-մորով արեցինք, հիմա էլ զբաղված ենք նոր տերմիններ հորինելով: Եթե անգամ «խաչմերուկը» «դարաշրջանի» ռեբրենդինգն է, դա ևս գրվելու է սառույցին»։