ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԳՐԱԾ ԼԵԶՎԱԲԱՆԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ ԵՆ «ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ» ՄԵԴԱԼՈՎ

«Բացարձակ չեմ նախաձեռնելու որևէ իրավական գործընթաց։ Այս պահին մեր առաջնահերթությունն Արմեն Գրիգորյանի գործով արդարացման դատական ակտ ունենալն է»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտարարեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ արձագանքելով հարցին, հնարավո՞ր է իրավական գործընթաց նախաձեռնի լեզվաբանի փորձաքննության մեջ տեղ գտած ճակատագրական սխալի առնչությամբ։

Հիշեցնենք, որ դատարանի դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանի գործով երեկվա դատական նիստում լեզվաբան-փորձագետ, դոկտոր-պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը հայտարարել է՝ իր կողմից ստորագրած եզրակացության մեջ «ազգային թշնամանք»-ի փոխարեն ճիշտ էր գրել «ներազգային թշնամանք»։ Իսկ «ներազգային»-ը հանցակազմ չէր պարունակում։

«Մեր նպատակն է հանրությանն ի ցույց դնել, տեսանելի դարձնել, որ մենք գործ ունենք քաղաքական հետապնդման, ոչ իրավաչափ գործընթացի հետ։ Կամաց-կամաց ավելի հասկանալի է դառնում մեզ համար, թե ինչպես է այն կատարվել, ինչ դերակատարների մասնակցությամբ»,-ասաց փաստաբանը։

Նրա խոսքով, այսօր իրավապահ մարմինները Հայաստանում գտնվում են քաղաքական իշխանության բացարձակ վերահսկողության ներքո, գոյություն չունի որևէ մարմին, որին կարելի է վստահել արդար քննություն իրականացնելու առումով։

«Այդ պատճառով ուղղակի անիմաստ է հանցագործության մասին հաղորդում տալ, սպասել, որ հաղորդման կապակցությամբ գործողություններ կկատարվեն, ինչպես այդ ամենը կլղոզվի։ Դրա կարիքը ես չեմ տեսնում։ Ժամանակը կգա, երբ Հայաստանում կլինեն անկախության չափանիշին համապատասխան իրավապահ մարմիններ, նոր դրա մասին հնարավոր կլինի մտածել։ Բայց ասեմ նաև, որ որոշում կայացողը ես չեմ լինելու, լինելու է Արմեն Գրիգորյանի ընտանիքը։ Չմոռանանք, որ այս վարույթով ես ընդամենը Գրիգորյանի ընտանիքի ներկայացուցիչն եմ»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։

Փաստաբանը կարևորեց երեկվա դատական նիստի ընթացքում պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանի այն հայտարարությունը, որ տեղի ունեցածը դաս է եղել իր համար, այլևս նման փորձաքննություններ չի իրականացնելու։

«Լալիկ Խաչատրյանը որևէ փորձագիտական կենտրոնի մասնագետ չէ։ Նրան առանձին որոշմամբ են ներգրավվել, շատ հետաքրքիր որոշմամբ։ Ամեն ինչ տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 13-ին։ Այդ օրվա ընթացքում փորձագիտական մարմինը նամակ է ուղարկում քննչական մարմնին՝ ասելով, որ մենք չունենք լեզվաբան մասնագետ, քննիչը ստանում է, ապա Լալիկ Խաչատրյանի ներգրավման մասին որոշում է կայացնում, ուղարկում է փորձագիտական կենտրոնին։ Տեսեք՝ ինչքան իրադարաձություններ են տեղի ունենում այդ մեկ օրում։ Հետո պարոն Խաչատրյանը հայտարարեց, որ տասն օր է աշխատել այդ թղթի վրա, մինչդեռ թղթերով տեսնում ենք, որ փորձաքննությունը սկսում է մայիսի 13-ին՝ ուրբաթ օրը և ավարտվում երեք օր անց՝ երկուշաբթի օրը։ Այդ փորձաքննության պատասխանը ստանալուց անմիջապես հետո Արմեն Գրիգորյանն իր տնից ձերբակալվում է, բերվում է քննչական մարմին, դատարանը կալանքի որոշում է կայացնում։ Մնացածը գիտեք... երկու ամիս անց նա մահանում է դատարանի դահլիճում։ Այո,, ես համարում եմ, որ փորձագետի եզրակացությունը փաստորեն դարձել է Արմեն Գրիգորյանի մահվան վճիռը, քանի որ բոլորը դրա վրա էին հենվում։ Երբ մենք դատարանում ասում էինք, հարգելիններս, այս պահին՝ 2022թ. գործող օրենքով սևով սպիտակի վրա գրված է ազգային թշնամանք, իսկ ազգային թշնամանք չի կարող լինել նույն ազգի տարբեր հատվածների նկատմամբ։ Երբևէ նման ընկալում չի եղել։ Ի պատասխան ասում էին, մենք իրավաբան ենք, տեսեք՝ լեզվաբանն ինչ է ասում։ Իսկ լեզվաբանի եզրակացության հետազոտական մասում, որից պետք է բխեր եզրակացությունը, անգամ մի տեղ թշնամանք բառը չի օգտագործվել, բայց հետևությունների մեջ նշվում է՝ առկա է ազգային թշնամանք։ Մենք հարցնում ենք՝ ճի՞տ ենք հասկանում, որ Ձեր հետևությունները պետք է բխեն բացառապես հետազոտությունից։ Ասում է՝ իհարկե։ Ասում ենք՝ բայց հետազոտության հատվածում նման բան չկա։ Պատասխանում է՝ դե որոշեցի կրկնաբանությունից զերծ մնալ»,-խնդրի էությունը մանրամասն ներկայացրեց Ռուբեն Մելիքյանը։

Փաստաբանը պարզել է, որ այս եզրակացությունից հետո՝ անցած տարվա աշնանը Լալիկ Խաչատրյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։ Ի դեպ, պարգևատրումը եղել է Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Գիտության և կրթության զարգացման գործում ներդրած ավանդի համար Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Լալիկ Մնացականի Խաչատրյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով»,- ասված է Վահագն Խաչատուրյանի հրամանագրում:

«Իհարկե, կարող են ասել 40 տարվա պրոֆեսոր է, և այլն, և այլն, բայց գուցե լինեն մարդիկ, որոնք կապ տեսնեն մեդալի ու խիստ ՔՊահաճո եզրակացության հետ, որի հետևանքները մենք տեսնում ենք։ Ես լավ չեմ պատկերացնում, թե ինչպես է գրվել այդ եզրակացությունը, բայց այն, որ քննչական մարմինը խիստ շահագրգռված է եղել, որ այդտեղ «ազգային թշնամանք» արտահայտությունը հայտնվեր, դա փաստ է։ Սրան գումարում եմ այն, որ դեռ ապրիլին վկաներից մեկը հայտարարեց՝ ինքը ոչ էլ ցուցմունք է գրել, գրել-տվել են, ինքն էլ ստոագրել է։ Համադրում եմ սրանք ու ստավում են բավականին հեռուն գնացող հետևություններ»,-ասաց Ռուբեն Մելիքյանը՝ ընդգծելով, որ փաստերը դարակում դրված են, արդար իրավապահ համակարգի առկայության դեպքում նոր կարելի է դրանց ընթացք տալու մասին մտածել։

Panorama.am