«Հրապարակ». ՔՊ-ՈՒՄ ԷԼ ԵՆ ԴԺԳՈՀ ԱՅԴ ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՆԱԽԱԳԾԻՑ
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց նախագիծը կրքեր է բորբոքել նաև ՔՊ-ի ներսում։ Խմբակցության աղբյուրներից տեղեկացանք՝ եթե նախագիծը նախնական տեսքով ընդգրկվի նիստերի օրակարգ, ապա ՔՊ-ական պատգամավորի քննադատները լինելու են նախևառաջ «տնից»։
Խոսքը, հիշեցնենք, այն նախագծի մասին է, որով պատգամավորն առաջարկում է վճարել 15 մլն դրամ և ընդհանրապես ազատվել զինվորական ծառայությունից։ Իհարկե, գնային ճկուն սանդղակ էլ է առաջարկում՝ մի քանի ամսվա ծառայության դիմաց տարբեր գներ, սակայն թիմում կարծում են, որ բոլորը կօգտվեն ընդհանրապես չծառայելու հնարավորությունից: Նախ՝ կլքեն հայրենիքը, հետո էլ կգան` փողով զինգույկ կառնեն, և բանակը կվերանա, հայ ժողովուրդը` նույնպես։
Մեզ ասացին, որ ՔՊ-ում մտադիր են նախագիծը քննարկել խմբակցության նիստում, ու հնարավոր է արմատական փոփոխություններից հետո միայն մտնի նիստերի օրակարգ»: