«Ժողովուրդ»․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ԳՈՐԾԵՐԸ ԿԱՐՃՎԵԼ ԵՆ

Ազգային անվտանգության ծառայությունը կարճել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարից հետո՝ գիշերը, Երևանում զանգվածային անկարգությունների քրեական գործով անցնող 10-ից ավելի անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերը, գրում է«Ժողովուրդ» օրաթերթը։

Նշենք, որ 2020 թվականի պատերազմի ավարտից և եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո մի խումբ քաղաքացիներ, վրդովված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունից, գիշերը Երևանում զանգվածային անկարգություններ կատարեցին: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում այս դեպքերի մասով բազմաթիվ քրեական վարույթներ կային, որոնք մինչ օրս շարունակվում են:

«Եվ, ահա, այս դեպքերից 3 տարի անց միայն նախաքննական մարմինը դադարեցրեց տարբեր քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդումները, քանի որ 3 տարի անց նախաքննական մարմինը հիմնավոր ապացույցներ չգտավ մեղադրյալների մասով, որ գործը ուղարկի դատարան»,–գրում է թերթը:

Այս գործով որոշ քաղաքացիներ ազատազրկման դատապարտվեցին, իսկ շատերի մասով ԱԱԾ-ում քննությունը շարունակվում է։ Փերթի տեղեկություններով` նախաքննական մարմինը նրանց մեծ մասի վերաբերյալ գործը կկարճի, քանի որ ապացույցները բավականին թույլ են. խմբով ծեծել են, բայց կոնկրետ ով՝ պարզել չի հաջողվում։

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը, երբ հայտնի դարձավ ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի պարտության և հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրման մասին, Երևանում հարձակման ենթարկվեցին Ազգային ժողովի, կառավարության շենքերը։

Sputnik Արմենիա