Վարդան ԱՐԱՄՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՊՈՏԵՆՑԻԱԼԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՈՐՈՇԱԿԻ ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տնտեսական պոտենցիալը գնահատելիս անհրաժեշտ է դրսևորել որոշակի զգուշավորություն, հայտարարեց Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության YouTube–յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» հաղորդաշարի ընթացքում։

 

Անդրադառնալով 2024թ–ին Հայաստանի տնտեսության 5,6%–անոց աճի մասին ԿԲ–ի կանխատեսմանը՝ նա նշեց, որ դա այն իներցիոն աճն է, որը տնտեսությունը կարող է գեներացնել շոկերի բացակության պարագայում։

Ֆինանսների նախկին նախարարը որպես օրինակ նշեց, որ 2002–2008թթ–ին, երբ տնտեսական պոտենցիալի գնահատականը կազմում էր 6-7%, ընդ որում այդ տարիներին ՀՆԱ–ի աճը գերազանցում էր 10%–ը, կյանքը ցույց տվեց, որ վերջին մի տարվա ընթացքում, սկսած 2009թ–ից, Հայաստանում հաջողվել է գեներացնել միջինը 3-4% տնտեսական աճ։

«Իրականում այդ ցուցանիշներում էլ պետք է զգուշավորություն ցուցադրեք։ Պոտենցիալի գնահատման ժամանակ թվային շարքերի հիման վրա պետք է նայել նաև կառուցվածքը», – ասաց տնտեսագետը։

Այս կապակցությամբ նա պարզաբանեց, որ եթե ՀՆԱ–ի կառուցվածքում գերակա է ոչ արտահանելի հատվածը, հիմնականում՝ կապիտալ շինարարությունը, այն կարող է կտրուկ կանգ առնել այնպես, ինչպես 2009թ–ին եղավ։

Արամյանի խոսքով, Հայաստանի տնտեսական ներուժն ուժեղացնում են ՏՏ ոլորտի մասնագետները, որոնք եկել են Ռուսաստանից, սակայն պետք է հաշվի առնել դրա մասնաբաժինը ընդհանուր տնտեսության մեջ, և ՏՏ ոլորտը ներկա պայմաններում, արդյոք, կարող է ապահովել դիմադրողականություն, եթե շոկ տեղի ունենա։

Նրա խոսքով, եթե ապագայում փոխվեն խաղի կանոնները կամ դադարի աշխատուժի ներհոսքը, երկրում կարող են խնդիրներ առաջանալ։

2024թ–ի պետբյուջեում տնտեսության աճի ցուցանիշն ամրագրված է 7%–ի մակարդակում, ԿԲ–ն ակնկալում է, որ ՀՆԱ–ն կաճի 5,6%–ով։

ԱՌԿԱ