ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ. ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՐՋՐՅԱ ԽՈՒԹԵՐԸ

Արցախից բռնի տեղահանվածներին փախստականի կարգավիճակ տալու որոշումը կիսատ է, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու առաջարկն իր մեջ պարունակում է բազմաթիվ ստորջրյա խութեր, որոնք ձեռնտու են Ադրբեջանին։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը:

Մասնագետի ասելով, թեև հոկտեմբերի 26-ին ՀՀ արդարադատության նախարարը, ներկայացնելով Արցախի հայերին փախստականի կարգավիճակին հավասարեցված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տալու մասին որոշումը, հայտարարել է, որ այդ որոշումն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո բոլոր բռնի տեղահանված բնակիչներն ինքնըստինքյան դառնում են փախստական և, համապատասխանաբար, օգտվում են օրենքով և միջազգային կոնվենցիաներով նախատեսված իրավունքներից, այսօր այդ հարցը բաց է մնում: Հարց է առաջանում, թե Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակիչներին տրված փախստականի այդ կարգավիճակը ինչ հիմքով է միջազգային մակարդակով ճանաչվելու և ընդունվելու այլ պետությունների կողմից:

Սահակյանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետության կապույտ անձնագրերով արցախցիները, ովքեր որոշեն օգտվել փախստականի կարգավիճակից երկրի սահմաններից դուրս, կարող են բախվել խնդիրների: Չէ որ, օտար պետության տեսանկյունից, որը կապույտ անձնագրի հիման վրա իր երկիր մուտք գործելու թույլտվություն է տվել, միջազգային իրավունքի համաձայն, նրանք ընկալվում են որպես ՀՀ քաղաքացիներ։ Նրանք հաշվի չեն առնելու, որ <070> ծածկագրով անձնագրերը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին տրամադրվել են որպես ճամփորդական փաստաթուղթ, ինչն <աշխատում է> բացառապես Հայաստանի ներսում։ Նշանակում է, արդյունքում, այդ փախստականները չեն կարողանա իրացնել իրենց համար օրենքներով և միջազգային կոնվենցիաներով նախատեսված իրավունքների ողջ ծավալը։

Նման էքսցեսներից խուսափելու համար, իրավաբանի կարծիքով, Արցախից բռնի տեղահանվածները կամ պետք է դառնան ՀՀ լիիրավ քաղաքացիներ, կամ նրանց պետք է տրվի փախստականի կարգավիճակ լեգիտիմ հիմքերով ՝ այդ կարգավիճակը ճանաչելի դարձնելով նաև այլ երկրներում:

«Այսպիսով, այս պահին հարցին տրվել է կիսալուծում, որը, մի կողմից, Արցախի բնակիչներին հնարավորություն է տալիս օգտվել տվյալ կարգավիճակից բխող իրավունքներից՝ ՀՀ տարածքում, իսկ մյուս կողմից, ապահովում է նրանց տեղաշարժը կապույտ անձնագրի հիման վրա, որի արդյունքում երկրի իրավազորությունից դուրս նրանք կընկալվեն որպես ՀՀ քաղաքացի: Ինչպես տվյալ անձնագրի, այնպես էլ ճանապարհորդության իրավունքի ուժով», - ընդգծում է Սիրանուշ Սահակյանը։

Այդ առնչությամբ, ինչպես կարծում է միջազգային իրավունքի փորձագետը, փախստականի կարգավիճակում մնալու կամ ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցը հեշտ ընտրություն չի դառնում:

Ըստ Սահակյանի, փախստականի կարգավիճակը, իր «լիարժեքության» դեպքում, արցախցու համար կապահովի մի շարք արտոնություններ, այդ թվում՝ արտերկրում, որոնք նախատեսված են փախստականների համար օրենքով և միջազգային կոնվենցիաներով, բայց, միևնույն ժամանակ, նրանք նաև կզրկվեն մի շարք իրավունքներից՝ հենց Հայաստանում: Մասնավորապես, չեն ունենա քվեարկելու և ընտրվելու, պետական ծառայության անցնելու, կուսակցություններ ստեղծելու կամ դրանց անդամագրվելու իրավունք։

Իսկ փախստականների դեպքում՝ նաև պետք է միջոցներ ձեռնարկվեն իրավիճակը կարգավորելու և նրանց վերադարձն ապահովելու համար, պարզաբանում է Սահակյանը։ Խոսքը փախստականների՝ իրենց նախկին սովորական բնակության երկիր վերադառնալու իրավունքի մասին է, քանի որ այն հանգամանքները, որոնց հիման վրա նրանք ճանաչվել են փախստական, կարող են ուժը կորցնել։

Իսկ դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ Արցախի բնակիչները կպահպանեն իրենց գույքային իրավունքները, և, եթե պետությունը, տվյալ դեպքում ՝ Ադրբեջանը, նրանց հայրենի տներ վերադարձնելու պարտավորություն չի կրում, ապա նա կարող է վերականգնել խախտված գույքային իրավունքները՝ կորցրած տան և գույքի դիմաց փոխհատուցմամբ։

Ընդ որում, ինչպես ընդգծում է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավարը, հարկ է հիշել, որ այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելը որոշակի սահմանափակումներ է դնում տվյալ անձի վրա: «Իր վերադարձի դեպքում նա կշարունակի ունենալ և իրացնել իր գույքի նկատմամբ իրավունքը, բայց կզրկվի քաղաքական իրավունքների իրացումից: Եվ, դառնալով ՀՀ քաղաքացի, արցախցիները հեռանկարում հրաժարվում են Արցախի նկատմամբ իրենց իրավունքներից, չեն պահանջում վերադարձ, իսկ Արցախի հարցը դառնում է բացառապես տարածքային», - եզրափակել է Սիրանուշ Սահակյանը:

ԱրմԻնֆո