«Ժողովուրդ». ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ ԱԺ-ՈՒՄ ԹԵԺ Է ԼԻՆԵԼՈՒ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաջորդ շաբաթ ԱԺ-ում թեժ է լինելու: Երեքշաբթի օրվանից՝ նոյեմբերի 14-ից, մեկնարկելու է ԱԺ նստաշրջանը, որի ժամանակ քննարկվելու է 2024թ.-ի պետբյուջեն: ԱԺ են գնալու Նիկոլ Փաշինյանը և նախարարները և ելույթներ են ունենալու պետբյուջեի վերաբերյալ:

«Հայաստան» խմբակցությունից տեղեկացանք, որ մասնակցելու են նիստերին: Խորհրդարան է գնալու նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, որը նոյեմբերի 6-ին էր մանդատ ստացել:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Նիստերին մասնակցելու ենք»: Չորեքշաբթի նույնպես նախարարները և Նիկոլ Փաշինյանը կգնան ԱԺ՝ պատասխանելու պատգամավորների հարցերին: Մինչ նիստերի մեկնարկը իշխող ՔՊ խմբակցությունը երկուշաբթի երեկոյան խմբակցության նիստ կանի՝ քննարկելու ԱԺ մեկնարկելիք նստաշրջանի հետ կապված օրակարգային հարցեր:

Հավելենք, որ պետբյուջեի քննարկումն ընթանալու է երկու փուլով. հաջորդ շաբաթ ԱԺ-ում ներկայացվելուց հետո քննարկումն ընդմիջվելու է մինչև մյուս նստաշրջան: Այդ ընթացքում պատգամավորներն իրենց գրավոր առաջարկները կներկայացնեն պետբյուջեի մասով: Արդեն դեկտեմբերին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի ժամանակ բյուջեն կդրվի վերջնական քվեարկության և օրենսդիր մարմնի հաստատմանը: Այսպիսով, ինչպես և սպասվում էր, ԱԺ նիստերը թեժ են լինելու»:

News.am