ՖՐԱՆՍԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ Է BASTION ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԶՐԱՀԱՏԵԽՆԻԿԱՅԻ ԽՄԲԱՔԱՆԱԿ

Ֆրանսիան Հայաստանին մատակարարել է Bastion բազմաֆունկցիոնալ զրահատեխնիկայի խմբաքանակ, հաղորդում է ռուսական «Военное обозрение» հրատարակությունը։ Հրապարակման մեջ նշվում է, որ հոկտեմբերին Փարիզում կնքված համաձայնագրի շրջանակներում Հայաստանն սկսել է ռազմական օգնություն ստանալ Ֆրանսիայից, հայկական բանակի զրահատեխնիկայի առաջին խմբաքանակն արդեն Վրաստանի տարածքով առաքվում է հանրապետության տարածք։

«Այս գիշեր վրացական Փոթի նավահանգստում բեռնվել են Acmat ընկերության արտադրության ֆրանսիական Bastion բազմաֆունկցիոնալ զրահամեքենաները, որոնք նախատեսված են Հայաստանի զինված ուժերի համար։ Ուղարկվել են նաև Bastion-ի համար բաղադրիչներ, ուղարկողը ֆրանսիական ARQUUS ընկերությունն է»,- գրում է հրատարակությունը՝ վկայակոչելով վրացական աղբյուրները։

Մատակարարվող տեխնիկայի թիվը չի բացահայտվում, սակայն դատելով լուսանկարից՝ այնտեղ 20-ից ավելի միավոր կա, գրում է «Военное обозрение»-ն։ Հրապարակման մեջ նշվում էր, որ բեռը հասել է Փոթի նավահանգիստ, որտեղ բեռնաթափվել է, այնուհետև տեխնիկան Վրաստանի տարածքով հասել է Հայաստան։

«Նախկինում բավականին երկար ժամանակ Վրաստանը հրաժարվում էր որպես տարանցիկ երկիր հանդես գալ Հայաստանին զենք մատակարարելու համար։ Ֆրանսիան պաշտոնապես չի հայտարարել Հայաստանին զրահատեխնիկա մատակարարելու մասին, ֆրանսիացիներն առաջին հերթին խոստացել են հայերին մատակարարել ՀՕՊ սարքավորումներ, մասնավորապես՝ ռադիոլոկացիոն և հակաօդային համակարգեր»,- նշում է հրատարակությունը։

Bastion-ը ֆրանսիական բազմաֆունկցիոնալ 4×4 զրահափոխադրիչ է, որն արտադրվում է Acmat-ի կողմից։ Այն դասակարգվում է նաև որպես զրահապատ չորս անիվներով բանակային ամենագնաց՝ ութ զինվորականներին սարքավորումներով տեղափոխելու համար: Զրահամեքենան հատուկ նախագծված է Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում օգտագործելու համար։

Հոկտեմբերի 23-ին Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն և ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար Սուրեն Պապիկյանը ստորագրել էին երկկողմ համագործակցության փաստաթղթեր, որոնք ներառում են պաշտպանության ոլորտում փոխգործակցություն։ Ավելի ուշ Reuters-ը հայտնել էր, որ Հայաստանը Ֆրանսիայից կգնի երեք ռադիոտեղորոշիչ կայան։ Երևանն ու Փարիզը պայմանավորվել են նաև զենիթահրթիռային համակարգերի ապագա մատակարարման շուրջ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին զինելու Ֆրանսիայի մտադրություններն անվանել էր Փարիզի կողմից Երևանը «ռազմական արկածախնդրության» մեջ «ներքաշելու» փորձ։

Նոյեմբերի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են տարածել վրացական Փոթի նավահանգիստ ժամանած տեխնիկայի մասին: Armenia Today-ին չէր հաջողվել կապ հաստատել ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ մեկնաբանություն ստանալու համար։

Armenia Today