ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՉՔԵՐԸ ԲԱՑՎԵԼ ԵՆ
Ելույթ ունենալով Փարիզի խաղաղության համաժողովի շրջանակներում պանելային քննարկման ժամանակ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրագործելով է Արցախի էթնիկ զտման իր մինիմում-ծրագիրը, Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում Հայաստանի դեմ։ Այդ իսկ պատճառով, սկսած դպրոցական ծրագրերից, առաջ է տանում այն միտքը, թե ներկայիս Հայաստանը իբր «Արևմտյան Ադրբեջան» է։ Փաշինյանը հիշատակեց նաև այն մասին, որ հայատյացությունը Ադրբեջանի փաստացի պետական գաղափարախոսությունն է։
ԿԱՐԵԼԻ Է ԱՍԵԼ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՉՔԵՐԸ ԲԱՑՎԵԼ ԵՆ։ Որպեսզի դա տեղի ունենար, անհրաժեշտ եղան բազում կորուստներ. մարդկային և տարածքային։ Որպեսզի Փաշինյանը վերջապես հասկանար, որ Ալիևին արված յուրաքանչյուր զիջում վերջինիս կողմից ընկալվում է ոչ թե որպես խաղաղության ձգտում, այլ որպես հերթական նվաճում, հերթական ամրակետ, որի վրա հենվելով Ադրբեջանը շուտով առաջ կքաշի նոր պահանջներ և կձեռնարկի նոր ագրեսիա։
Ինչպես ասում են, հիմարը սովորում է սեփական սխալների վրա, խելոքը՝ ուրիշների։ Հպարտ Փաշինյանը իշխանության գալու ամենասկզբից նախընտրեց սովորել սեփական սխալների վրա և ի վերջո գիտակցեց։ Ըստ էության, արդեն պարզապես չէր կարող չհասկանալ իրողությունները, քանի որ Ալիևն անձամբ խոստովանեց դա։ Իր վերջին շքերթին Ադրբեջանի նախագահը բացահայտ ասաց, որ 9.11.2020 թվականին ստորագրելով համատեղ հայտարարությունը Փաշինյանի և Պուտինի հետ, ինքը բոլորովին էլ մտադիր չէր կանգ առնել ձեռքբերումների վրա։ Պարզապես հնարավորություն էր հայտնվել առանց մարտի ստանալ Աղդամը, Քարվաճառը և Լաչինը, այդ պատճառով էլ ստորագրեց, նկատի ունենալով հետագայում Արցախի լիակատար բռնազավթումը։
Հետագան հայտնի է։ Սկզբում Ալիևը չէր խոչընդոտում Լաչինի միջանցքի գործարկմանը, որպեսզի ժամանակ շահի և ամրանա զբաղեցրած տարածքներում։ Իսկ հետո արդեն շատ ավելի հարմար դիրքերից, օգտվելով Փաշինյանի դիվանագիտական ձախողումներից, սկսեց Արցախի շրջափակումը, և հյուծելով նրան, ձեռնարկեց ագրեսիան։
Ալիևի նախորդ պահվածքը հստակ ցույց է տալիս, թե ինչպես է գործելու հետագայում։ «Վերապրած» ամենից հետո Փաշինյանը հասկացավ, որ Ալիևը չի պատրաստվում կանգ առնել։ Եվ երբ այսօր պահանջում է «փախստականների վերադարձն Արևմտյան Ադրբեջան», ապա անում է դա բացառապես նրա համար, որպեսզի նոր ամրակետեր ստանա Հայաստանի վրա հարձակվելու համար։ Երբ պահանջում է անկլավները, ապա ճիշտ նույն նպատակով, որպեսզի հետագայում ամրանալով այնտեղ, նոր հարձակում կազմակերպի։ Հավելենք, որ հաղորդակցությունների բացումն էլ Ալիևը դիտարկում է միայն այդ կերպ. որպես նոր առիթի ստեղծում այդ հաղորդակցությունների անվտանգության ապահովման անվան տակ նոր ագրեսիա սկսելու համար։
Հենց խաղաղության պայմանագրում «փախստականների վերադարձի և անկլավների» պայմանը ներառելու Ալիևի պահանջը հանգեցրեց նրան, որ փարիզյան քննարկումների ընթացքում Փաշինյանը վերջապես հիշեց Սումգայիթի և Բաքվի ջարդերի ժամանակ Ադրբեջանից հեռացած ավելի քան կես միլիոն հայ փախստականների մասին։
Ինչևէ, Փաշինյանի աչքերը բացվեցին, և այդպիսով նա ընդունեց Արցախի հարցով իր քաղաքականության լիակատար ձախողումը, որը չգիտես ինչու, անվանում է խաղաղ օրակարգ։ Թեև իրականում ավելի արդարացի կլիներ նրա ուղեգիծն անվանել «աստիճանական զիջումների գործելակերպով ագրեսորին հաճոյանալու քաղաքականություն»։
Այսօր Փաշինյանը հասկանում է, թե ինչի հանգեցրեց այդ ամենը։ Հասկանում է, որ նույնիսկ եթե Ալիևը ստորագրի խաղաղության պայմանագիրը, ապա կանի դա ոչ նրա համար, որ խաղաղ ապրի հետո Հայաստանի հետ։ Այլ որպեսզի թուլացնի միջազգային ճնշումը, ժամանակ շահի նոր ագրեսիային ավելի լավ նախապատրաստվելու համար։ Եվ հավելենք, Թուրքիան միշտ աջակցելու է Ադրբեջանին իր ծրագրերում, որքան էլ որ Ռուբինյանը հավատացնի, թե Անկարան պատրաստ է առանց նախապայմանների խաղաղության Երևանի հետ և ուր-որ է կբացի սահմանը զբոսաշրջանային սեզոնի նախաշեմին…Ի դեպ, թյուրքական աշխարհի առաջնորդների վերջերս կայացած համաժողովում Էրդողանը կոչ արեց իր գործընկերներին նույնպես աջակցել Ադրբեջանին իր ձգտումներում։
Եվ ահա, չնայած այս ամենին, չնայած նրան, որ Փաշինյանը, կարծես թե, ամեն ինչ հասկանում է, նա հանուն Արևմուտքի ծափահարությունների շարունակում է կտրել այն ճյուղը, որին նստած է, հետևողականորեն խաթարելով հարաբերությունները անվտանգության ոլորտում իր գլխավոր դաշնակցի հետ, փաստորեն լոկ թեթևացնելով Ալիևի խնդիրը։