Վերին Լարսի անցակետի թողունակությունը կկրճատվի, բայց անցակետը չի փակվի
Անցակետի տարածքում նախատեսվում է ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել։ Արդյունքում, կկրճատվի Վերին Լարսի անցակետի թողունակությունը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը
«Աշխատանքները կիրականացվեն առանձին երթուղիների վրա, իսկ մյուսները կշարունակեն աշխատել բնականոն հունով, և երթևեկությունը կուղղվի դեպի այդ գործող գոտիներ։
Հետո, երբ մի հատվածի ճանապարհային աշխատանքներն ավարտվեն ու այդ հատվածը բացվի, մյուս հատվածներում կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները։ Այսպիսով, անցակետի թողունակությունը կկրճատվի, բայց անցակետը չի փակվի։
Մարդատար և բեռնատար մեքենաները սպասարկվում են տարբեր գոտիներով. Ռուսաստան մուտք գործելիս 12 գիծ նախատեսված է մարդատար ավտոմեքենաների համար, ևս 7-ը՝ բեռնատարների համար»,- նշեց Հակոբյանը։
Նա պարզաբանեց, որ, ընդհանուր առմամբ, միշտ առավելություն է տրվում այն բեռնատարներին, որոնք արագ փչացող ապրանքներ են տեղափոխում, և այդ առավելությունն արդեն տրվում է վրացական կողմից, նման տրանսպորտային միջոցների անցումն ավելի վաղ է թույլատրվում։
Վահան Հակոբյանը տեղեկացրեց, որ Վերին Լարսի անցակետում որոշակի կուտակումներ կան այն պատճառով, որ մի քանի օր առաջ ռուսական կողմում երկու ռենտգեն սարք է խափանվել։
«Սարքերից մեկն արդեն վերանորոգված է, իսկ մյուսը վերանորոգման փուլում է։ Ինչ վերաբերում է ասֆալտապատման աշխատանքների արդյունքում առաջացած կուտակումներին, ապա դեռ վաղ է խոսել, թե արդյոք կուտակումներ կլինեն և, եթե այո, ապա՝ ինչ մասշտաբների: Այդ մասին հնարավոր կլինի դատել մի քանի օրից»,- ընդգծեց մաքսային կցորդը։
Նա հայտնեց, որ մոտ 500 բեռնատարներ դուրս են եկել Հայաստանի տարածքից և դեռ գրանցում չեն անցել Ռուսաստանում։
«Այսինքն՝ այդ մեքենաների մի մասը ճանապարհին է և դեռ չի հասել «Վերին Լարս» անցակետ, իսկ մյուս մասը ռուսական անցակետում՝ գրանցման փուլում է։ Կախված գրանցման արագությունից՝ թիվը կարող է փոխվել»,- հավելեց Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ 2023 թվականի նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ, «Վերին Լարս» միջազգային անցակետի վերակառուցման շրջանակներում, նախատեսվում է ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել անցակետի տարածքում՝ Վրաստանից Ռուսաստանի տարածք մուտքի կողմից։ Այս աշխատանքները կբերեն անցակետի տարածքի մի մասի փուլային շահագործման, որն օգտագործվում է բոլոր կատեգորիաների տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար։
Ինչ վերաբերում է Հայաստանից Ռուսաստան կոնյակի ներկրմանը, ապա այս առումով խնդիրներ չկան, ասաց մաքսային կցորդը։
Սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին հաղորդվեց, որ Հայաստանից Ռուսաստան կոնյակով բեռնատարների տեղափոխման հետ կապված դժվարություններ են առաջացել։
Հակոբյանը նշեց, որ նման բեռներով բոլոր մեքենաներն այժմ ազատորեն անցնում են ռուսական անցակետը։
«Այս խնդիրը սկսել է լուծվել հոկտեմբերի 5-6-ից»,- եզրափակեց մեր զրուցակիցը։