Արմեն ԲԱԴԱԼՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՈՒ ԻՐԱՆԻՆ ԱՍՈՒՄ Է՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵԶ ԽԱԲՈՒՄ Է
«Այս պահին Հայաստանի վրա՝ Ադրբեջանի հարձակվելու մասին հայտարարություններն արվում են մեկ նպատակով»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Նրա խոսքով, Հայաստանի վարչապետը չի կարող միանգամից ասել, որ արտաքին քաղաքականության վեկտորն է փոխում, դրա համար նա պետք է պատճառաբանի։
«Նշվում է, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել։ Ադրբեջանը հերքում է այդ հայտարարությունը, քանի որ հասկանում է, թե ինչու է արվում։ Իշխող քաղաքական ուժը նպատակ ունի այստեղ ամրապնդել արևմտյան որևէ ներկայացուցչի, ինչպես նաև ավելացնել ԵՄ դիտորդների թվաքանակը, Ադրբեջանի հարձակվելն ընդամենը պատճառ է բերում»,-մանրամասնեց քաղտեխնոլոգը՝ այս համատեքստում բացատրելով Հայաստանում ԵՄ դիտորդների թվի ավելացումը։
Հիշեցնենք, մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը Ստարսբուրգում հայտարարեց՝ Ադրբեջանի հայտարարությունները որոշ փորձագետների հիմք է տալիս ենթադրելու, թե Ադրբեջանը Հայաստանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու և նոր ռազմական ագրեսիա նախաձեռնելու հիմքեր է ստեղծում:
Երեկ ԵՄ-ն զգուշացրեց Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կհանգեցնի ծանր հետևանքների։ Հայտարարություններով հանդես եկան նաև Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները։
«Կարևոր է, որ ԱԳ նախարարների խորհուրդը վերահաստատի իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը` ամրապնդելով ԵՄ մշտադիտարկման առաքելությունը` խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով»,-ասել էր Ֆրանսիայի ԱԳ նախարարը։
Ադրբեջանը պարբերաբար հերքում է Հայաստանի վրա հարձակվելու մասին հայտարարությունները՝ նշելով, որ նման մտադրություն չունի։
Բադալյանի խոսքով, Ադրբեջանն այդ կերպ Ռուսաստանին ու Իրանին ասում է՝ չի հարձակվելու, Հայաստանի ղեկավարությունը ձեզ խաբում է։
«Ադրբեջանն ասում է՝ տեսեք, եթե համաձայն եք, խաբվեք, խաբվեք, ես չեմ պատրաստվում հարձակվել։ Հիշեցնեմ, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, եթե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, նշանակում է հարձակվում է ՀԱՊԿ-ի վրա։ Ռուսաստանն ասել է՝ Ղարաբաղի հարցում ինքն օգնել չէր կարող, քանի որ Ղարաբաղը փաստացի չճանաչված տարածք է, իսկ Հայաստանի տարածքը Ռուսաստանի դաշնակցի տարածքն է, ցանկացած հարձակում այդ տարածքի վրա, խստորեն կպատժվի Ռուսաստանի կողմից։ Եթե իրոք նման վտանգ կա, ու Հայաստանը մտածում է իր անվտանգության մասին, ապա կարող էր առաջին հերթին ռուսական ռազմական ներկայությունն ավելացնել Սյունիքում։ Բայց հասկանալի է, որ օրենտացիայի փոփոխության հարց է, այդ պատճառով էլ ԵՄ ներկայությունն է այստեղ սկսում ավելացվել։ Ճիշտ է՝ դիտորդական առաքելության անդամները քաղաքացիական անձինք են, բայց ուղարկվել են ԵՄ անվտանգության գործակալության կողմից, այսինքն ուժային կառույցների ներկյաացուցիչներ են, որոնք կարճ ժամանակում կարող են վերածվել զինվորների ու անհրաժեշտության դեպքում կարող են աջակցել Հայաստանի իշխանություններին ռուսական 102-րդ բազայի հնարավոր միջամտությունը չեզոքացնելու ուղղությամբ»,-ասաց նա։
Անդրադառնալով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կոմից հնչեցրած այն հայտարարությանը, որ Հայաստանում կա արտադաշինքային պետություն դառնալու գաղափար կա, Բադալյանը նկատեց՝ սա նշանակում է ռուսական ռազմաքաղաքական միությունների հետ հարաբերությունները սառեցնելու, խզելու քաղաքականություն։
«Պետք է հասկանալ, Հայաստանի իշխող քաղաքական խմբին 2018-ին բերել են իշխանության երեք խնդիր լուծելու համար՝ առաջին, Արցախն ամբողջովին հանձնվում է Ադրբեջանին, 2020-ի նոյեմբերի կապիտուլյացիայի ժամանակ դա մասնակի հաջողվեց, իսկ 2023-ի սեպտեմբերին մեկօրյա ռազմական գործողության հետևանքով ամբողջովին հաջողվեց։ Երկրորդը Զանգեզուրի միջանցքի հարցն է, որը պետք է ադրբեջանաթուրքակական ուժերին ու նրանց աջակցող Արևմուտքին, բայց Իրանի կատաղի դիմադրությունն ու սպառնալիք, որ ինքը զորքեր կմտցնի Հայաստանի Հանրապետության տարածք ու Ադրբեջան, կանխեց այդ գործընթացը։ Միջանցքն իրականում այդքան պետք չէ Ադրբեջանին, որքան Արևմուտքին։ Երրորդը Ռուսաստանի հետ բոլոր ռազմաքաղաքական միությունների հետ հարաբերությունների դադարեցումն է կամ սառեցումը։ Զանգեզուրի միջանցքի հարցը կասեցվեց, երրորդի կատարումն է սկսել, հիշենք, ՀԱՊԿ-ից դեսպանը հետ է կանչված, զորավարժություններին Հայաստանը չմասնակցեց, Հայաստանի մասնակցությունն այդ կառույցին կրում է ձևական բնույթ»,-ասաց Բադալյանը՝ հիշեցնելով, որ ԱՊՀ-ի հետ հարաբերություններում ևս սառեցում է տեղի ունենում։
Նրա խոսքով, այս գործընթացներն առաջ են բերում հռետորական հարցեր՝ օրինակ, ո՞վ ում առաջինը կհանի. «Հայաստանի վարչապետը Ռուսաստանին՝ Հարավային Կովկասի՞ց, թե՞ Ռուսաստանի նախագահը՝ ՀՀ վարչապետին վարչապետի պաշտոնից»։