ՏՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ԵՆ ՍՏԱՑԵԼ ԵՎ ԼՈՒԾԱՐՎԵԼ

Կառավարության 2022-ի դեկտեմբերի 1-ի որոշմամբ 10 մլրդ դրամ պետական աջակցություն տրամադրվեց տեղեկատվական տեխնոլգիաների (ՏՏ) ոլորտի ընկերություններին։ Մենք կարողացանք պարզել պետական աջակցություն ստացած ընկերությունների անունները: Հիշեցնենք, որ նախարարությունն այդ ցուցակը չտրամադրեց, և «Հետքը» («Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն) դատական հայց ներկայացրեց նախարարության դեմ։ Որոշման նպատակն էր օգնել ՏՏ ոլորտի ընկերություններին հաղթահարել ֆինանսական խնդիրները, որոնք առաջացել էին դրամի արժևորման ֆոնին արժեզրկված դոլարի արդյունքում։ «Հետքը» գրել է աջակցության չափերի և ընկերությունների մասին։

Ունենալով այդ ընկերությունների մի մասի ցանկը՝ պարզել ենք, որ դրանցից 14-ը գործունեությունը ժամանակավոր դադարեցրել են, 4-ը լուծարման գործընթացում է։ Սրանցից շատերը, մինչ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱ) հետ դրամաշնորհի պայմանագիր կնքելը, արդեն դադարեցրած են եղել իրենց գործունեությունը։ Ստացվում է՝ ԲՏԱ նախարարությունը ֆինանսապես աջակցել է ընկերությունների, որոնք արդեն իսկ ժամանակավորապես դադարեցրած են եղել իրենց գործունեությունը։ 18 ընկերությունները միասին պետությունից, որպես դրամաշնորհ, ստացել են 190 մլն դրամ։ Ընկերություններից 8-ը պատկանում է օտարերկրյա քաղաքացիների կամ կազմակերպությունների։

- Աջակցություն ստացածների ցանկը, որը ԲՏԱ նախարարությունը փորձում էր գաղտնի պահել Picsart, Krisp, DG և այլն

- Օտարերկրյա սեփականատերերով ՏՏ բազմաթիվ ընկերություններ օգտվել են պետական աջակցությունից

Լուծարման գործընթացում գտնվող ընկերությունները

ԲՏԱ նախարարության հետ պետական աջակցության պայմանագիր կնքած ընկերություններից չորսն այժմ լուծարման գործընթացում են, դրանցից երեքը պատկանում է օտարերկրյա կազմակերպությունների։ Այսպիսով, պետությունը դրամաշնորհային ծրագրով փորձում էր աջակցել ՏՏ ոլորտի ընկերություններին, որ նրանք կարողանան հաղթահարել ֆինանսական խնդիրները, բայց այս ընկերությունները լուծարման են գնացել դրամաշնորհը ստանալուց կարճ ժամանակ անց: «Օպտիմ Արմենիա» ընկերությունը լուծարման գործընթաց է սկսել հենց պայմանագրի կնքման օրը՝ ստանալով 46 մլն դրամ: Չորս ընկերությունները («Օպտիմ Արմենիա» ՍՊԸ, «Մատերիալ էքսչենջ էյէմ» ՍՊԸ, «Կապիտալ հելթքեր» ՍՊԸ, «Հայլըրն» ՓԲԸ) միասին պետությունից, որպես դրամաշնորհ, ստացել են 103 մլն դրամ։

«Օպտիմ Արմենիա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015-ի հունիսի 15-ին։ 99.99% բաժնեմասերը պատկանում են ԱՄՆ-ում գրանցված «Իննովաթիվ սքեդյուլինգ» ընկերությանը, իսկ 001%-ը Տիգրան Գրիգորյանին, որը գործունեություն է ծավալում նաև Հնդկաստանում։ Այն առաջարկում է ծրագրային լուծումներ տրանսպորտի և բեռնափոխադրումների ոլորտների համար։

Ընկերության և ԲՏԱ նախարարության միջև պայմանագիրը կնքվել է 2023-ի հունիսի 28-ին, ընկերությունը ստացել է 46 մլն դրամ՝ որպես պետական աջակցություն։ Ըստ իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի տվյալների՝ ընկերությունը լուծարման գործընթաց է սկսել հունիսի 28-ին՝ ԲՏԱ-ի հետ պայմանագիր կնքելու օրը, որը հաստատվել է երկու օր անց՝ հունիսի 30-ին։ Ըստ Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ կետի՝ համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց և պետության հանդեպ պարտավորությունների բացակայությունը հաստատվելուց հետո, երկու աշխատանքային օրվա ընթացքում թույլտվություն է տրվում իրավաբանական անձին՝ լուծարման գործընթաց սկսելու համար։

Արտյոմ Բաղդասարյանը, մինչ «Օպտիմ Արմենիա» ընկերության լուծարման գործընթացը սկսելը, տնօրենն է եղել: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ ընկերությունը, մինչ դրամաշնորհային պայմանագիր կնքելը, ԲՏԱ նախարարությանը տեղեկացրել է, որ պատրաստվում է լուծարման գնալ: Չնայած այս հանգամանքին` ԲՏԱ նախարարությունը 46 մլն դրամի դրամաշնորհային պայմանագիր է կնքել:

«Մատերիալ էքսչենջ էյէմ» ՍՊ ընկերության և ԲՏԱ նախարարության միջև պայմանագիրը կնքվել է 2023-ի հունիսի 26-ին, որի համաձայն՝ «Մատերիալ էքսչենջ էյէմ» ՍՊԸ-ին փոխանցվել է 21 մլն դրամ։ Պայմանագրի կնքման օրվանից մոտ 3 ամիս անց՝ սեպտեմբերի 29-ին, ընկերությունը լուծարման գործընթաց է սկսել։

Ընկերությունը հիմնադրվել է 2019-ի հոկտեմբերին, դրա 100% բաժնեմասերը պատկանում են շվեդական «Մատերիալ էքսչենջ վենչուրս աբ» ընկերությանը։ Ընկերությունը մասնաճյուղեր ունի ևս հինգ երկրում՝ ԱՄՆ, Սերբիա, Հնդկաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա։ Այն զբաղվում է ծրագրային ապահովման մշակմամբ։

«Կապիտալ հելթքեր» ՍՊԸ-ն ԲՏԱ-ի հետ պայմանագրի համաձայն, ստացել է 29 մլն դրամ։ Պայմանագիրը կնքվել է 2023-ի հունիսի 28-ին, լուծարման գործընթաց ընկերությունը սկսել է հոկտեմբերի 19-ին։ Այն հիմնադրվել է 2020-ի մարտի 13-ին, պատկանում է համանուն օտարերկրյա կազմակերպությանը, որը գրանցված է ԱՄՆ-ում։

«Հայլըրն» ՓԲ ընկերությունը որպես դրամաշնորհ՝ նույն որոշման արդյունքում ստացել է 7 մլն դրամ։ Պայմանագիրը կնքվել է 2023-ի հունիսի 26-ին, իսկ լուծարման գործընթաց ընկերությունը սկսել է սեպտեմբերի 8-ին։

Գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած ընկերությունները

Այս կարգավիճակն ունեցող ընկերությունները, որոնք օգտվել են պետական աջակցության ծրագրից, 14-ն են։ Դրանցից 7-ը ԲՏԱ նախարարության հետ դրամաշնորհային պայմանագիր կնքելու պահին գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած է եղել և մինչ օրս էլ այդ կարգավիճակն ունի, իսկ մյուս 7 ընկերությունները պայմանագիր կնքելուց հետո են ժամանակավորապես դադարեցրել իրենց գործունեությունը։

Ընկերություններից հինգը պատկանում է օտարերկրյա կազմակերպությունների կամ անձանց։ Այս 14 ընկերություններին փոխանցված գումարները միասին կազմում են 87 մլն դրամ։

«Դրիմ 315» ՍՊԸ-ն իր կարգավիճակը փոխել է 2023-ի ապրիլի 30-ին՝ ժամանակավորապես դադարեցնելով գործունեությունը, ԲՏԱ նախարարության հետ պայմանագիր կնքելուց գրեթե երկու ամիս առաջ։ Նախարարությունը այս ընկերության հետ պայմանագիր է կնքել 2023-ի հունիսի 26-ին և որպես դրամաշնորհ փոխանցել 47 մլն դրամ։ «Դրիմ 315» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020-ի հունիսի 23-ին։

«Կարապետյաններ հոլդինգ» ՍՊ ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է 2022-ի հոկտեմբերի 16-ին, իսկ ԲՏԱ նախարարության հետ պայմանագիրը կնքվել է 2023-ի հունիսի 7-ին։ Ընկերությանը փոխանցվել է 350 հազար դրամ։

Այս ընկերությունների օրինակը ցույց է տալիս, որ ԲՏԱ նախարարությունը պայմանագիր է կնքել և ֆինանսապես աջակցել այնպիսի ընկերությունների, որոնց գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է եղել։ Մյուս ընկերությունների կարգավիճակի, պայմանագրի և ստացած աջակցության մանրամասները կարող եք տեսնել առաջին ինֆոգրաֆիկայում։

«Հետքը» ԲՏԱ նախարարությանը խնդրել է պարզաբանել, թե ինչու են դրամաշնորհային պայմանագրեր կնքել գործունեությունը ժամանակավոր դադարեցրած ընկերությունների հետ և արդյոք որոշման ընդունումից առաջ կանխատեսել էին ռիսկերը, որ հնարավոր է՝ որոշ ընկերություններ լուծարման գործընթաց սկսեն կամ դադարեցնեն գործունեությունը։ Նախարարության պարզաբանումը կհրապարակենք ստանալուն պես։

Hetq.am