Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱՎԱԼԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂՎԱԾ Է ԲՈԼՈՐԻ ԴԵՄ, ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐԻ

Հայկական իրականությունում (Հայաստանում և Սփյուռքում) վերջին շրջանում ակտիվորեն տարածվում է այն թեզը, որ «իրականում Հայաստանի ու Թուրքիայի մեջ ոչ մի էական խնդիր չկա։ Առկա կոնֆլիկտի պատճառը՝ ա) հայերի ունեցած ծավալապաշտությունն է դեպի թուրքերի տարածք և բ) արտաքին ուժերի (հատկապես՝ Ռուսաստանի) խառնակչությունը։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Նման պնդումները առաջիկա ամիսներին լինելու են էլ ավելի հաճախակի։ Հայ-թուրքական հակամարտության այսպիսի մեկնաբանությունը ոչ միայն հակագիտական է և հակասում է իրականությանը, այլև հեշտ ապացուցելի է հակառակը։

Եվ այս մասին շուտով ավելի հանգամանալից կգրեմ։

Մինչ այդ մի օրինակ այն բանի, որ տարածաշրջանում թուրքական ծավալապաշտությունն ուղղված է բոլորի դեմ, այլ ոչ թե միայն հայերի (ինչը վերոնշյալ հիմնավորման առանցքային «փաստերից է»)։

Այսպես, եթե օկուպացված հայկական Շուշին հայտարարվել է Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք, ապա Ադրբեջանի պետությունում ապրող ամենամեծ տեղաբնիկ ժողովուրդներից մեկը՝ իրանալեզու թալիշների գլխավոր կենտրոններից Լենքորանը այս տարի հայտարարվել է Թյուրքական աշխարհի երիտասարդական մայրաքաղաք։

Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին անում է ամեն բան, որպեսզի լիարժեք ասիմիլացնի տարածաշրջանի բոլոր բնիկ՝ ոչ թյուրքական ժողովուրդներին կամ դրանց մղի դուրս։

Այլ կերպ ասած՝ թյուրքական ծալավապաշտությունը ոչ թե բխում է այս կամ այն ժողովրդի՝ թուրքերի հանդեպ տածած վերաբերմունքից, այլ Թուրքիայի և վերջինիս կցորդ Ադրբեջանի՝ մեր տարածաշրջանում ունեցած աշխարհաքաղաքական բնական մղումներից։

Իսկ այդ մղումներին ընդառաջ ցանկացած զիջումը ավելի անխուսափելի է դարձնում հաջորդ զիջման պարտադրանքը»,- գրել է թուրքագետը։

Verelq.am