ԿԱՆԳՆԻ՛Ր, ՄՈԼՈՐԱԿ, ԵՍ ԻՋՆԵՄ…
Թուրքիան հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ, մեղադրելով նրան պաղեստինցիների նկատմամբ ցեղասպանության մեջ: Համաձայն հաղորդագրության՝ մեղադրանք է ներկայացված ոչ միայն Նեթանյահուին, այլև «ռազմական հանցագործություններին առնչություն ունեցող մյուս բոլոր մեղավորներին՝ իրենց գործած ցեղասպանության և ռազմական հանցագործությունների համար»:
Հրեական պետության ղեկավարությանը, որի ժողովուրդը դարձել է մարդկության պատմության մեջ ամենասարսափելի հանցագործություններից մեկի՝ Հոլոքոստի զոհը, ցեղասպանություն գործելու մեջ մեղադրում է այն երկիրը, որը կատաղի ժխտում է 20-րդ դարասկզբին մարդկության դեմ իր իսկ գործած մյուս սարսափելի հանցագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը, ընդ որում մեղսակից լինելով նաև 2020-2023թթ. ընթացքում Արցախի Հանրապետության ժողովրդի ցեղասպանությանը: Իսկ հրեաները, որոնց մեղադրում են թուրքերը, ամենաուղղակի կապ ունեն այն հանցագործությունների հետ, որոնք կատարվել են հայ ժողովրդի դեմ վերջին երեք տարիներին։
Հենց հրեական պետությունն է, որի ժողովուրդը դարձել է Հոլոքոստի զոհ, ինտենսիվ կերպով մահացու զենք մատակարարել և մատակարարում թուրքական մեկ այլ հանցավոր պետությանը՝ Ադրբեջանին, շատ լավ իմանալով, թե ում դեմ է կիրառվելու այդ զենքը: Իսրայելի ղեկավարության պաթոլոգիկ ատելությունը հայերի հանդեպ, ինչը ոչ մի կերպ չի բացատրվում միայն բիզնես շահերով, վերջին տարիներին այդ երկրին դրդել է այնպիսի գործողությունների, որոնք համատեղելի չեն այն ժողովրդի մտածելակերպի հետ, որի միլիոնավոր ներկայացուցիչներ զոհ են գնացել 20-րդ դարի երկրորդ ցեղասպանությանը, և այն ժողովրդի նկատմամբ, որի միլիոնավոր ներկայացուցիչներ զոհ են գնացել 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը:
Հրեա Ռաֆայել Լեմկինը հեղինակել է Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան՝ հիմք ընդունելով հենց Հայոց ցեղասպանությունը: Բայց հրեական պետության ղեկավարության համար դա բացարձակապես ոչինչ չի նշանակում. Նեթանյահուն և Իսրայելի մյուս առաջնորդները միանգամայն գիտակցաբար և միտումնավոր մատակարարում էին ազերթուրքերին ամենահզոր ժամանակակից սպառազինությամբ, որպեսզի նրանք սպանեն հայերին. որքան հնարավոր է զանգվածաբար, որքան հնարավոր է ճիվաղաբար, որքան հնարավոր է ցավոտ։
Այսօր այդ նույն հրեական պետությունն անողորմաբար, անմարդկայնորեն ու սառնասպտորեն ցեղասպանություն է իրականացնում պաղեստինցի ժողովրդի նկատմամբ՝ սպանելով հազարավոր երեխաների, կանանց ու տարեցների։ Ոչ, սա ամենևին էլ Իսրայելի վրա հարձակման արդարացում չէ. յուրաքանչյուր երկիր, իհարկե, ունի ինքնապաշտպանության իրավունք, թեև հայերի պարագայում այդ իրավունքն այդպես էլ մեծ հաշվով չճանաչեցին։ Բայց հրեաների ինքնապաշտպանությունը վաղուց ավարտվել է, և ընթանում է բացահայտ սպանդ։ Եվ հենց այն թուրքերը, որոնք եռանդագին ժխտում են Հայոց ցեղասպանությունը՝ թե՛անցյալ դարասկզբի և դարավերջի, թե՛ արդեն 2020 – 2023 թվականների, մեղադրում են Իսրայելի ղեկավարությանը պաղեստինցիների ցեղասպանություն իրականացնելու մեջ։
ՄԱԿ-ի կոնվենցիան, որի հեղինակը շատ էր ցանկանում կանխել Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի կարգի ողբերգությունների կրկնությունը, այսօր վերածվել է բացարձակապես ոչինչ չնշանակող թղթի կտորի, իսկ բուն ՄԱԿ-ը՝ անզոր ու անպետք կազմակերպության, որն ի վիճակի չէ ոչ միայն կանխել և պատժել, այլև գոնե կասեցնել «քաղաքակիրթ աշխարհի» աչքի առաջ կատարվող հրեշավոր հանցագործությունները: Այս աշխարհի հզորները, ամեն օր օդ ցնցելով մարդասիրական ու խաղաղասիրական կոչերով, մեծ հաշվով սառնասրտորեն հետևում են հազարավոր անմեղ երեխաների կոտորածին։
Աշխարհի հզորներին երեխաների կյանքն առանձնապես չի հուզում, նրանք ունեն իրենց հաշվարկները, իրենց «գլոբալ» շահերը. աշխարհաքաղաքական և տնտեսական ազդեցության ոլորտները, զենքի առևտուրը, պայքարը ռեսուրսների համար և տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը։ Երեխաներն այս ամենի մեջ մի տեսակ կատարյալ անտեղի են դիտվում. կարևոր չէ՝ ուկրաինացի, հայ, պաղեստինցի, թե իսրայելցի։
Աշխարհակարգը պաշտպանելու և կամայականությունները կանխելու համար մարդկության ստեղծած և ձևավորած միջազգային իրավական բոլոր նորմերի, մեխանիզմների և կառույցների բացարձակ կաթվածահարությունը իրականում արհեստական բնույթ է կրում, քանզի այս աշխարհի հզորները ցանկության դեպքում միանգամայն կարող էին կասեցնել բռնության և ցինիզմի այն գլոբալ մոլեգնությունը, որն այժմ տիրել է գործնականում ողջ մոլորակին։
Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում և Արցախում վերջին ավելի քան հինգ տարիներին, աշխարհը համակած դիվահարության ամենավառ դրսևորումներից մեկն է։ Բայց դժվար թե աշխարհում գտնվի մեկ այլ պետություն, որի ղեկավարությունն այդքան բացահայտ ու ինքնամոռաց, այդքան ջերմեռանդորեն ու նվիրած սպասարկի օտար, ավելին՝ թշնամական շահերը։ Դժվար թե աշխարհում գտնվի մեկ այլ երկիր, որի բնակչության զգալի մասը հոժարակամ ու հանգիստ համաձայնի կրկին մատաղացու գառ դառնալ ընդհանրապես համաշխարհային աշխարհաքաղաքականության և մասնավորապես իր դարավոր ոխերիմ թշնամու սպանդասեղանին։
Ապշեցուցիչ է, բայց փաստ. սովորաբար համազգային աղետի ու վտանգի պայմաններում ժողովուրդը համախմբվում է դիմակայելու համար, մինչդեռ մեզանում առկա է արդեն անշրջելի ու անվերջանալի թվացող հակառակ գործընթացը: Ապշեցուցիչ է, բայց փաստ. ամենատարբեր ոլորտներում աշխարհին բազմաթիվ հանճարներ տված ժողովուրդը լրջորեն հարց է տալիս. եթե ոչ տգետը, ստահակն ու տականքը, ապա ուրիշ ո՞վ լինի երկրի առաջնորդը:
Ապշեցուցիչ է, բայց փաստ. այսօր Հայաստանը «ռազմավարական երկխոսություն» է վարում մի երկրի հետ, որը գրեթե նույնքան, որքան թուրքերը, մեղավոր է և՛ 1915 թվականի Ցեղասպանության, և՛ տասնամյակներ շարունակ հայ ժողովրդի այլ դժբախտությունների, այդ թվում՝ արցախյան ապոկալիպսիսի համար։ Այդ երկիրը մեղավոր է արդեն իսկ նրանով, որ աշխարհին տվել է Բրիթիշ Պետրոլիում կորպորացիա, որն ավելի քան մեկ դար քայլում է հայերի դիակների վրայով և պարբերաբար հեղեղում տարածաշրջանը հայի արյունով՝ հանուն տխրահռչակ «կերոսինի դույլի»։
Ասենք, այս հարցում թերեվս ապշեցուցիչ ոչինչ արդեն չկա, քանզի Մեծ Բրիտանիայի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցություններ է վարում մի անձնավորություն, որն ավելի վաղ մեղադրվել է Թուրքիայի օգտին լրտեսության մեջ, և որը այն մարդու մերձավոր թիմակիցն է, որին հայ հասարակության ողջամիտ մասը վաղուց համարում է Բաքվի և Անկարայի ռազմավարական և մարտավարական շահերն ըմբոշխնումով սպասարկող ազերթուրքական դրածո։
Աշխարհն իսկապես խելագարվել է, բռնությունն ու փողը կառավարում են Երկիր մոլորակը՝ հանգեցնելով իրադարձությունների, որոնք կես դար առաջ միանգամայն արդարացիորեն կթվային անմիտ ու անհնար: Փլուզված և ոչնչացված են մարդկային համակեցության ոլորտում բոլոր ձեռքբերումները, իրավական բոլոր մեխանիզմներն ու բարոյական արժեքները. ծիծաղելի է հնչում, բայց ախր դրանք ժամանակին եղել են։
Աշխարհը խելագարվել է, դրա համար էլ Թուրքիան մեղադրում Է Իսրայելին ցեղասպանություն իրականացնելու մեջ, իսկ Հոլոքոստի զոհ դարձած ժողովուրդը մեղսակցում է հայերի շարունակվող ցեղասպանությանը։ Մեզանից յուրաքանչյուրը հեշտությամբ կշարունակի անհասկանալի և աներևակայելի իրադարձությունների ու երևույթների այն շարանի թվարկումը, որոնք տեղի են ունենում մարդկային հանճարի արտակարգ նվաճումների խորապատկերին, որոնք նախատեսված են մեր կյանքն ավելի հեշտ, ավելի ուրախ, հարմարավետ և սքանչելի դարձնելու համար: Բայց մարդիկ շարունակում են մոլեգնաբար անել մեկ բան. սպանել միմյանց։ Առանց խղճահարության, առանց զղջման, առանց պատժի:
Խելագարված այս աշխարհում կփրկվի, ամենայն հավանականությամբ, նա, ով կգիտակցի և կկարողանա պաշտպանել իր ազգային ու պետական շահերը՝ քայլելով քաղաքական և բարոյական պրագմատիզմի նուրբ սահմանագծով։ Մեր դեպքում դա բացառված է այնքան ժամանակ, քանի դեռ թուրքական նախկին գործակալը Հայաստանի անունից ռազմավարական երկխոսություն է վարում Բրիթիշ Պետրոլիում ծնած և Հայոց ցեղասպանության համահեղինակն ու համաժխտողը դարձած երկրի հետ։
Եվ սա ընդամենը մեկ, ժամանակի առումով վերջին, բառացիորեն երեկվա օրինակն է հայոց պատմության այսօրվա փուլի անօրինակ պարադոքսալության, որն, ընդ որում, այնքա՜ն ներդաշնակորեն միահյուսվում է համաշխարհային խելագարության հետ։ Միայն թե դրանից մեր վիճակն ամենևին չի թեթևանում…