«ԲԱՍՏԻՈՆՆԵՐԸ» ԱՐԴԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԵՆ

Վերջին օրերին Եվրոպայից ստացանք ռևերանսների հերթական չափաբաժինը։ Հավերժական սիրո խոստովանությունները: Թեպետ, ավելի ազնիվ կլինի ասել, որ ստացավ ոչ այնքան Հայաստանը, որքան Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։

Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրամիության միջազգային հարաբերությունների խորհրդի նիստից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ ուղղակիորեն նշեց, որ ոչ ոք չի համարձակվի դիպչել Փաշինյանի կառավարությանը. ո՛չ այն ուժերը, որոնք ներսում են, ո՛չ էլ նրանք, որոնք դրսում են։ «Եվրամիությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդավարաբար ընտրված իշխանություններին։ Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանում ապակայունացման ցանկացած փորձի նկատմամբ. ներքին, թե արտաքին»։

Ինչո՞վ է պայմանավորված այդպիսի սերը: Ամեն ինչ պարզ է: Էլ որտե՞ղ և ե՞րբ կգտնես կառավարություն, որը պատրաստ է այդչափ բարձր գին վճարել մեծ սիրո մասին Եվրոպայի խոսքերի դիմաց։ Չէ՞ որ փաստացի որքան ավելի է մտերմացել Փաշինյանի կառավարությունը Եվրոպայի հետ, այնքան աճել են Հայաստանին սպառնացող վտանգները։ Բացառապես իրենց մեծ սերը հաստատելու նպատակով հայ-ադրբեջանական սահման եկան եվրոպացի դիտորդները, և մենք կորցրեցինք Արցախը։ Ինչ-որ բան այն չէ՞: Ինչ-որ մեկը կասի, թե այստեղ որևէ պատճառահետևանքային կապ չկա՞։ Այդ ինչ-որ մեկը կստի:

Որքան ավելի բուռն սեր էր տածում Եվրոպան Հայաստանի նկատմամբ, այնքան աճում էին սպառնալիքները Հայաստանի համար։ Եվ հակառակը. որքան աճում էր Հայաստանի անվտանգությանը սպառնացող վտանգը, այնքան ավելի բուռն սեր էր տածում Եվրոպան մեր նկատմամբ։

Հիմա ահավասիկ Արցախը հանձնելուց և բազմաթիվ զոհերից հետո Եվրոպան որոշել է է՛լ ավելի ավելացնել իր դիտորդների թիվը, ի հավելումն էլ մեզ ուղարկում է մի քանի տասնյակ «Բաստիոններ»՝ ֆրանսիական զրահապատ ավտոմեքենաներ, որոնք նախատեսված են ութհոգանոց անձնակազմ տեղափոխելու համար, ընդ որում պաշտպանելով այդ անձնակազմին թեթև հրազենի կրակոցներից և ականներից։ Բայց բնավ ոչ հրետանային կամ հրթիռային հարվածներից, և հենց այդ պատճառով, ինչպես նշում են տարբեր լրատվամիջոցներ, ժամանակին ֆրանսիական տեխնիկայից հրաժարվել են բծախնդիր ուկրաինացիները:

Իհարկե, «Բաստիոնները»՝ որպես ռազմական տեխնիկա, համեմատվել անգամ չեն կարող այն սպառազինության հետ, որ կա մեր զինված ուժերում՝ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության շնորհիվ։ Բայց պետք է հասկանալ, որ ֆրանսիացիները մեզ մոտ են գալիս բնավ ոչ հրթիռային հարվածներից փրկելու համար։ Ֆրանսիական «Բաստիոնները» եվրոպական մեծ սիրո խորհրդանիշն են, ամուսնական մատանին, վերջապես, որ ուղարկել են ուշադրության կարոտ խեղճ աղջկան:

Պե՞տք է արդյոք Հայաստանին այդ ամուսնական մատանին, այն պայմաններում, երբ, ինչպես արդեն ասացինք, ուշադրության այդօրինակ նշանները հաճախ պատուհաս են դառնում հանրապետության գլխին: Եվ երբ աղջիկն էլ ամենևին ազատ չէ այլ՝ հաճոյախոսությունների առումով թեկուզև ոչ այդքան շռայլ տարփածուներին տված խոստումներից:

Կարծում ենք՝ պետք չէ։ Վստահ ենք, որ հանրապետության համար դա ոչ թե նվազեցնում է առկա ռիսկերը, այլ կարող է բազմապատկել դրանք։ Բայց այ Փաշինյանի կառավարությանը պետք է։ Ինչ-որ մեկն այս աշխարհում պետք է սիրի իրենց, չէ՞: Այլապես դժվար է ապրել այնպիսի մթնոլորտում, երբ ձեզ ոչ միայն չեն սիրում, այլև շատերն ուղղակի դավաճան են համարում Հայրենիքի, արցախցի համաքաղաքացիների, սեփական երկրի ապագայի և հարազատ ժողովրդի հանդեպ:

Ժոզեպ Բորելը մատիկը թափ տվեց նաև Ալիևի վրա, իբր՝ Բրյուսել-Բաքու հարաբերությունները կվատանան, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա. «Մեր ուղերձը Ադրբեջանին հստակ էր. Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի և լուրջ հետևանքներ կունենա մեր հարաբերությունների համար»:

Սպառնացին, երևի, նաև այն պատճառով, որ Ալիևը խուսափում է բրյուսելյան հարթակում Փաշինյանի հետ բանակցելուց։ Դրանով իսկ հիմար վիճակի մեջ դնելով ոչ միայն Փաշինյանին, որը հանուն եվրոպական մեծ սիրո հայտարարեց, թե Ղարաբաղը Ադրբեջան է։ Այլև ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելին, որը համոզում էր Փաշինյանին հանդես գալ այդպիսի հայտարարությամբ, որպեսզի վերջ դնի Ադրբեջանի հետ դիմակայությանը և բացի խաղաղության դարաշրջանը։

Ստացվեց քիչ այլ կերպ։ Վերջ դրեցին Արցախին, իսկ դիմակայությունը շարունակվում է, խաղաղության դարաշրջան դեռ չի նշմարվում։

Իսկ Ալիևին ուղղված սպառնալիքները, թե կհատուցի Եվրոպայի հետ հարաբերությունների վատթարացմամբ, եթե Թուրքիայի աջակցությամբ նոր ագրեսիա ձեռնարկի Հայաստանի դեմ... Խելքին զոռ տալու կարիք չկա՝ հասկանալու համար, որ Արցախից հետո Սյունիքը ճանկելու համար Անկարան ու Բաքուն ուրախ կլինեն վճարել այդ գինը, այնտեղ հստակ առաջնահերթություններ կան։ Որովհետև հարաբերությունները հետո կարելի է և կարգավորել, իսկ այ Հայաստանից Սյունիքը խլելն ու թուրքական երկու պետությունները միացնելը թուրքական դարավոր երազանքի իրականացումն է։