ՌԴ-ԻՆ ԹՈՒՅԼ ԵՐԿԻՐ ԿԱՐՈՂ Է ԴԻՏԱՐԿԵԼ ՄԻԱՅՆ ՀԻՄԱՐԸ. ՓՈՐՁԱԳԵՏԸ` ՀՀ-ՄԹ ԿԱՊԵՐԻ ՍԵՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունը Միացյալ Թագավորության հետ ոչ մի ընդհանուր շահ չունի, մինչդեռ ՄԹ–ն մեր տարածաշրջանում ակնհայտ շահեր ունի տրանսպորտային, էներգետիկ ուղիների հետ կապված։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոնդոնում պաշտոնապես բացվել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության նոր շենքը։ Երկու երկրների արտաքի քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նշել են, որ հիմք է դրվում ՀՀ–ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկին։

Ըստ Բոշյանի` արևմտյան երկրները և հատկապես ՄԹ–ն, տրամաբանական է, որ մեր տարածաշրջանում ՌԴ–ի լռության ու բացակայության ֆոնին (երբ, օրինակ, ՀՀ–ն չի մասնակցում ՀԱՊԿ–ի և ռուսական կողմի նախաձեռնած այլ միջոցառումներին) կսկսեն ակտիվանալ։

«Մասնավորապես, ՄԹ–ն շատ կարևոր դեր է խաղում մեր տարածաշրջանում. անգլիական ընկերությունները տնտեսական մեծ շահեր ունեն Ադրբեջանում, հետևաբար ՄԹ–ն շահագրգռված է, այսպես կոչված, միջանցքի բացմամբ։ Անգլիան թուլացած կայսրություն է, սակայն չի դադարում մնալ կայսրություն, ու չպետք է մոռանալ, թե քանի երկրում է նա շարունակում ունենալ ազդեցություն»,– նկատեց Բոշյանը։

Նրա խոսքով` արևմտյան երկրների մեծ ծրագրի մի մասն է ՌԴ–ին մեր տարածաշրջանից դուրս բերելը։ Այդ առումով ՀՀ–ն ընդամենը գործիք է։

«Զարմանալի ոչ մի բան տեղի չի ունենում, պարզապես կրկնվում են իրադարձությունները, որոնք ՀՀ–ն իր պատմության մեջ արդեն անցել է 100 տարի առաջ։ ՌԴ–ն այս պահին թուլացել է, պատերազմական լուրջ խնդիրներ ունի, մեծ ռեսուրսներ է ծախսում ոչ միայն Ուկրաինայի, այլև Սիրիայի ուղղությամբ, լուրջ խնդիրներ ունի արևմտյան սանկցիաների հետ կապված, նոր ռազմավարական կապեր է ստեղծում Չինաստանի հետ, ու, ընդհանրապես, իր արտաքին քաղաքական ուղղությունն ամբողջությամբ փոխում է։ Այնուամենայնիվ, ՌԴ–ին նույնիսկ այս ամենով հանդերձ դիտարկել որպես թույլ երկիր, կարող է միայն հիմարը»,– ընդգծեց Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավարը։

Ըստ նրա` ՌԴ–ն կարող է միայն ժամանակավորապես թուլանալ, սակայն հենց այնպես դուրս չի գա Հարավային Կովկասից, քանի որ դա շարունակական գործընթաց կլինի նրա համար` Հայաստանից հետո կկորցնի Չեչնիան, Դաղստանը և այլն։

Բոշյանի համոզմամբ` դա է պատճառը, որ ՀՀ–ն ՌԴ–ի համար ռազմավարական նշանակություն ունի։ Եթե ՀՀ–ն խելացի գործի, այս իրավիճակից կարող է օգտվել, որպեսզի ամրապնդի իր տնտեսական շահերը` այն, ինչ հիմա անում է Վրաստանը։

«Այս խաղն ունի մի քանի փուլ. մի կողմից ՀՀ–ն թուլացնում է իր կապերը ՌԴ–ի հետ, ամրապնդում Արևմուտքի հետ, ու այդ ընթացքում ՌԴ ռազմական ներկայությունը մեր տարածաշրջանում գրեթե զրոյի պետք է հավասարեցվի։ Այնուհետև ՀՀ–ն պետք է սկսի զենք գնել այլ երկրներից, կառուցել այլընտրանքային անվտանգության համակարգ»,– նշում է Բոշյանը։

Հարցին` ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, երբ քննարկվում էր Լաչինի միջանցքի արգելափակման հարցը, հենց ՄԹ–ն խնդիրներ ստեղծեց հայտարարության ընդունման համար, ինչպե՞ս է հնարավոր դրանիցհետո համագործակցել նրա հետ, քաղաքագետը նշեց` հիմնական խնդիրը Արցախն էր, որը մեր վերահսկողության տակ էր։

«Հիմա իրենց համար խնդիրները վերացել են, ու ՀՀ–ն այլևս սուբյեկտայնություն չունի. հիմա վարում է մի քաղաքականություն, որ ով ուժեղ է, նրան ենթարկվում է։ Միացյալ Թագավորության համար առաջնայինն Ադրբեջանն է, իսկ այս խաղի նպատակն է, որ ՀՀ–ն հարմարվի այս տարածաշրջանում Թուրքիայի ու Ադրբեջանի տեսլականին, իսկ մեր կառավարությունը, կարծես թե, դրան դեմ չէ։ Մինչդեռ պետք է հաշվի առնել նաև ՌԴ–ի և Իրանի գործոնը ու անհեռանկար քայլեր չանել»,– համոզված է Բոշյանը։

Նա այն կարծիքին է, որ ՄԹ–ն և Ադրբեջանն իրենց փոխշահավետ հարաբերությունների ենթատեքստում էլ ավելի են ճնշելու ՀՀ–ին ու ստիպելու, որ մեր երկիրը հետևի թուրք–ադրբեջանական շահերին։

Sputnik Արմենիա