ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ՝ ԱԺ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԳՆԱԼՈՒ և ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողով գնալու և ցուցմունք տալու առաջարկը։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը` հղում անելով իր աղբյուրներին։

Ավելի վաղ Քոչարյանն ասել էր, որ հանձնաժողովը դեռ մեկ ամիս ունի մինչև լիազորությունների ավարտը, և իրենք մտադիր են Սամվել Շահրամանյանին հրավիրել, որ գա և պատասխանի իրենց հարցերին։

Ըստ աղբյուրի՝ Սամվել Շահրամանյանն ի սկզբանե որոշել էր չգնալ՝ հաշվի առնելով Քոչարյանի՝ իր հասցեին արված հայտարարությունները։

Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանն հրապարակային հայտարարել էր, որ «Սամվել Շահրամանյանը ինքնասպան լիներ՝ ավելի ճիշտ կլիներ»:

«Շահրամանյանը երկար է մտածել քննիչ հանձնաժողով գնալու-չգնալու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Անդրանիկ Քոչարյանը բազմիցս ոչ կոռեկտ է արտահայտվել, մի քանի անգամ հրապարակային վիրավորական արտահայտություններ է հնչեցրել իր հասցեին։ Սակայն կարևորելով նման հնչեղություն ունեցող գործի իրական բացահայտումները, որին կարող է ինքը նպաստել՝ համաձայնվել է նոյեմբերի 24-ին գնալ քննիչ հանձնաժողով, 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում ունեցած բոլոր տեղեկությունները լիարժեք տրամադրել հանձնաժողովին»,-գրում է թերթը ։

Նշենց, որ 44-օրյա պատերազմի օրերին Սամվել Շահրամանյանը զբաղեցրել է Արցախի ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի պաշտոնը։

Sputnik Արմենիա