Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ․ ԲԱՔՈՒՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ՄԻՋՆՈՐԴՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԻՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից հրաժարվելը որոշակի միտում է ձևավորել, քանի որ ավելի վաղ Բաքուն արդեն հրաժարվել էր Գրանադայի և Բրյուսելի բանակցություններից: Այս տեսակետը հայտնել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Bunin & Co ТГ ալիքի համար գրված հոդվածում։ Նա կարծում է, որ եվրոպական բանակցային հարթակից հետո որոշ խնդիրների կբախվի նաև ամերիկյանը։

Փորձագետի կարծիքով՝ այս բոլոր մերժումները ընդհանուր դրդապատճառ ունեն: Հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը դժգոհում էր Ֆրանսիայի հայամետ դիրքորոշումից։ Իսկ նոյեմբերին Բաքվի ներկայացուցիչները հայտարարեցին, որ ԱՄՆ–ի մոտեցումները միակողմանի են, ինչը կասկածի տակ է դնում պետությունների միջնորդական դերը։

«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը Կոնգրեսում վերջերս կայացած լսումների ժամանակ հայտարարեց, որ Վաշինգտոնը դադարեցրել է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին և մի շարք կարևոր այցեր է չեղարկել։ Պետքարտուղարության ներկայացուցիչը ամերիկյան իշխանության այս բոլոր քայլերը բացատրեց այն հանգամանքով, որ Երևանի և Բաքվի միջև բանակցություններում առաջընթաց չկա: Վերաձևակերպելով դասականին՝ դիվանագիտական ճակատում նորություն չկա», - նշել է փորձագետը։

Օ'Բրայենը նաև ընդգծել էր` ԱՄՆ-ն բազմիցս զգուշացրել է Բաքվին, որ Հայաստանի դեմ կոշտ գործողությունները ևս անընդունելի են: Մարկեդոնովի խոսքով՝ այդ պատկերացումը Վաշինգտոնը (ինչպես և Փարիզը) այժմ ակտիվ առաջ են մղում հայկական կողմի համար, թե իբր Լեռնային Ղարաբաղը մի բան է, այստեղ խոսքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին է, բայց բուն «կորիզային Հայաստանը» կարմիր գիծ է։

«Պետք է ասել, որ հայկական իշխանությունը դրական է ընդունում այդ հռետորաբանությունը (ԱՄՆ-ի և Ֆրանսիայի. խմբ.)։ Եվ նույնիսկ որպես հակադրություն նշում, թե իբր Մոսկվայից հստակ առաջարկներ չկան։ Թեև Հայաստանի անվտանգությունն այսօր երաշխավորում է հենց ՌԴ-ն։ Նման երաշխիքների որակը կարելի է քննարկել, բայց Արևմուտքը միայն հայտարարություններ է անում, իրական մեխանիզմներ չկան», - նշել է Մարկեդոնովը։

Նա հիշեցրել է, որ կովկասյան երկու պետությունների արտգործնախարարների վերջին հանդիպումը ԱՄՆ մայրաքաղաքում տեղի է ունեցել 2023 թվականի հունիսի վերջին։ Բայց այդ հանդիպումը Լեռնային Ղարաբաղի սեպտեմբերյան պատերազմից առաջ էր և արտացոլում էր հին իրողությունները, որոնք արմատապես փոխվեցին երկու ամիս առաջ։

«Այսօր Բաքուն իրեն հաղթողի դերում է զգում։ Եվ չի ուզում իրեն սահմանափակել արտաքին խաղացողների դիտողություններով։ Պետք չէ ասել, որ Ադրբեջանը դեմ է Արևմուտքի միջնորդությանը` որպես այդպիսին։ Եթե Մոսկվան հայտարարի մի բան, որը Բաքվում ընկալվի որպես աջակցություն հայկական կողմին, կլինի այնպիսի արձագանք, ինչպիսին հնչեց Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցչի նկատմամբ», - կարծում է քաղաքագետը։

Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը շահագրգռված է, որ բոլոր միջնորդները հիմք ընդունեն կարգավորման իր տարբերակը։ Բաքուն, ըստ էության, այդ գիծը մղում է բոլոր ազիմուտներով։

Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարեց, որ Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից:

Իսկ նոյեմբերի 15-ին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցրել է ռազմական և այլ օգնության տրամադրումը Բաքվին, չեղարկել է մի շարք բարձր մակարդակի այցելություններ և ազդարարել, որ մինչև Երևանի հետ բանակցություններում առաջընթաց չգրանցվի, երկկողմ հարաբերությունների կարգավորում չի լինի:

Ադրբեջանական կողմն արձագանքել էր նաև այս հայտարարությանը` նշելով, որ Օ'Բրայենի մեկնաբանությունները միակողմանի են, կողմնակալ, անարդյունավետ, անհիմն և անընդունելի:

Sputnik Արմենիա