ԲԱՆԿԵՏ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ, կամ՝ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Շաբաթ օրը՝ նոյեմբերի 18-ին, Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ ՀՀԿ-ի և մի շարք այլ կուսակցությունների կազմակերպած բողոքի ակցիան: Այդչափ մտածված, հասցեական ու նպատակային ակցիա մայրաքաղաքում վաղուց չէր եղել, ավելին՝ ընդդիմության մասին որոշ ժամանակից ի վեր կարելի է խոսել լոկ «այսպես կոչված» բառակապակցության հավելումով, քանզի դրա ներկայացուցիչները խորհրդարանում միանգամայն խաղաղ գոյակցում և նույնիսկ ինչ-որ առումով համագործակցում են իշխանությունների հետ, իսկ նրանց ընդդիմադիր լինելու միակ դրսևորումը երբեմն հնչող «սուր» հարցերն ու հայտարարություններն են։
Այս իմաստով ԵԱՀԿ ԽՎ նիստի մասնակիցների ուշադրությունը քաղբանտարկյալների՝ Բաքվում Ալիևի և Երևանում Փաշինյանի գերիների խնդրի վրա հրավիրելու նպատակով անցկացված ակցիան նաև հիշեցում էր այն մասին, թե ինչ աղետալի վիճակում է Հայաստանը և որքանով են վտանգավոր երկրի ներսում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Միջոցառումը հանգամանորեն մտածված էր նաև տեսողական տեսանկյունից. խորհրդանշական ճաղերի հետևում երևում էին պաստառներ՝ Բաքվի բանտերում դժոխքի բոլոր պարունակներն անցնող արցախցի առաջնորդների լուսանկարներով և անուններով, ինչպես նաև Փաշինյանի վարած քաղաքականությանը կտրականապես չհամաձայնելու համար ռեժիմի կողմից ճաղերի հետևում փակված հասարակական և քաղաքական գործիչների անուններով։
Այդ նույն ժամանակ աշխարհի տարբեր երկրներից մի քանի հարյուր հյուրեր, ինչպես նաև հայ պաշտոնյաներ, որոնց համար կյանքն ընթանում է սովորական, իրենց համար միանգամայն սքանչելի հունով, հավաքվում էին հանդիսավոր բանկետի... Ազգային պատկերասրահում: Նրանց մեջ էր, հավանաբար, իրեն Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան (օմբուդսմեն) կոչող, բայց ողջ ուժով նախևառաջ Փաշինյանի շահերը պաշտպանող տիկինը։ Նախօրեին նա ԵԱՀԿ ԽՎ ղեկավարության ներկայացուցիչների հետ միասին պատկերավոր այցելել էր Արցախից տեղահանվածներին, այնպես որ, ամենայն հավանականությամբ, բանկետի մասնակիցների շարքում էր։
Մինչդեռ մարդու իրավունքների իսկական պաշտպանի իրական տեղն այդ երեկո «բարիկադներից» այնկողմ էր՝ Երևանի և Բաքվի բանտերում ապօրինի պահվող Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանության ակցիայի մասնակիցների շարքերում։ Արցախի երեք նախկին նախագահների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանի, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Պաշտպանության բանակի նախկին ղեկավար Լևոն Մնացականյանի և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի պաշտպանության: Հայկական բանտերում ապօրինի պահվող Հայաստանի օկուպացիոն ռեժիմի հակառակորդներ Արմեն Աշոտյանի, Գրիգորի Խաչատուրովի, Նարեկ Մալյանի, Տաթև Վիրաբյանի, Մամիկոն Ասլանյանի և էլի մի քանի տասնյակ այլ քաղբանտարկյալների պաշտպանության։
Բայց իրեն օմբուդսմեն անվանող և այդ բարձր աթոռին բացառապես իշխանությունների պաշտպանության համար նստած տիկինը իր առաջնահերթությունն ու գերակա խնդիրը չի համարում ՀՀ այն քաղաքացիների պաշտպանությունը, որոնց իրավունքները կոպտորեն և ցուցադրաբար խախտվում են թե՛ Բաքվի, թե՛ հայաստանյան ռեժիմի կողմից։ Նա իր առաջնահերթություն չի համարում նույնիսկ հարյուր հազարավոր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը, որոնք ընդամենը մեկուկես ամիս առաջ գաղթել են Հայաստան՝ փրկվելով ցեղասպանությունից, և բախվել բարդագույն խնդիրների։
Ինչպես պարզվեց ՄԻՊ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունից, Անահիտ Մանասյանն իր հրատապ առաջնահերթություն է համարում հաշմանդամների իրավունքների պաշտպանությունը: Այդ մասին նա հայտարարեց Կանադայի խորհրդարանական կենտրոնի Եվրոպայի և Ասիայի հարցերով տարածաշրջանային տնօրենի, ինչպես նաև «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Ըստ կայքի՝ հանդիպման նպատակն էր նշված ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ամփոփումը, ինչպես նաև առաջիկա ուղղությունների և առաջնահերթությունների նախանշումը: Հենց այդտեղ էլ Մանասյանն իր զրուցակիցներին տեղեկացրեց, որ իր առաջնահերթությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն է։
Թե ինչ կապ ունեն հաշմանդամները «Հայաստանի խորհրդարանին աջակցելու» հետ՝ դժվար է հասկանալ, համաձայնեք։ Սակայն տվյալ դեպքում կարևոր է ոչ թե նման հայտարարության բացարձակ անպատեհությունը, այլ դրա էությունը։ Հաշմանդամների պաշտպանությունն, անշուշտ, կարևոր է, բայց արդեն երեք տարի ազգային և պետական աղետ ապրող, հարյուր հազարավոր թշվառ փախստականներ ու բազմաթիվ քաղբանտարկյալներ ունեցող երկրում Մարդու իրավունքների պաշտպանը պետք է ունենա այնուամենայնիվ այլ, այսպես ասած, արտակարգ առաջնահերթություններ:
Մանասյանն այլ կարծիքի է. հենց դրա համար էլ Փաշինյանը նշանակել է այդ տիկնոջը բարձր պաշտոնի, որպեսզի նրա առաջնահերթությունը լինեն հաշմանդամների, այլ ոչ թե արցախցիների, քաղբանտարկյալների կամ ոստիկանական բռնություններից ու կամայականություններից տուժածների իրավունքները։ Նա պարզապես համառորեն չի տեսնում այդ ամենը, իսկ եթե անգամ ինչ-որ բան ասում կամ անում է, օրինակ ՝ հանդիպելով գաղթականների հետ, ապա բացառապես ձևականորեն, «ներկա ստանալու» համար։ Ճիշտ այնպես, ինչպես դա անում են միջազգային կառույցների ներկայացուցիչները. առանց հոգու, առանց սրտի, առանց անկեղծ կարեկցանքի այդ մարդկանց ահռելի ցավին։
Ընդ որում Մանասյանը երբեք դուրս չի գալիս իշխանությունների շահերին իր անմնացորդ նվիրվածության շրջանակներից։ Այդ թվում՝ Ադրբեջանի հանցագործությունները դատապարտող հայտարարություններում։
Վերջին անգամ ե՞րբ է այս տիկինը հանդես եկել հայտարարություններով և դիմել միջազգային ատյաններին՝ Բաքվի զնդաններից արցախցի առաջնորդներին ազատելու անհրաժեշտության վերաբերյալ։ Կամ տեղահանված և Հայրենիքն ու ողջ ունեցվածքը կորցրած հայրենակիցների իրավունքների պաշտպանության։ Ի՞նչ կարծիք ունի ՄԻՊ-ը ՀՀ քաղաքացիությունից արցախցիների ապօրինի զրկման առնչությամբ։ Ինչպիսի՞ն է նրա վերաբերմունքը իրավունքների այն բազմաթիվ խախտումների նկատմամբ, որոնց ամեն օր բախվում են հարկադիր վերաբնակները, որոնցից շատերն ապրում են անմարդկային պայմաններում:
Ի՞նչ է մտածում սույն տիկինը ոստիկանական տեռորի բազմաթիվ դեպքերի մասին, որոնց մեջ իրավապահները ոչ մի անգամ հանցակազմ չտեսան: Ի՞նչ կարծիք ունի սանձարձակ կամայականության մասին՝ երկու անչափահաս երեխաների մոր նկատմամբ, որի «մեղքն» ընդամենը անհամաձայնությունն է իշխանությունների քաղաքականության հետ և որին համառորեն շարունակում էին պահել ճաղերի հետևում՝ չնայած ակնհայտ առողջական խնդիրներին: Ինչո՞ւ Մանասյանը չի արձագանքում, մի կողմից՝ հասարակական գործիչների և շարքային քաղաքացիների նկատմամբ արդեն սովորական դարձած քրեական հետապնդման դեպքերին՝ ընդամենը սոցցանցերում իշխանություններին անհաճո գրառումների համար, և մյուս կողմից՝ բարձրաստիճան պաշտոնյաների անպատժելիությանը ակնհայտ իրավախախտումների համար։
Այս հարցերը կարելի է շարունակել շատ երկար: Որքան ավելի է սրվում Հայաստանում մարդու իրավունքների և երկրից դուրս ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության խնդիրը, այնքան ավելի պերճախոս է լռում իրեն օմբուդսմեն անվանող տիկինը: Եվ առավելևս ակնհայտ է դառնում նրա գլխավոր, սկզբունքային առաջնահերթությունը՝ իշխանության պաշտպանությունը քաղաքացիներից, այլ ոչ թե քաղաքացիներինը՝ իշխանությունից, ինչպես որ, ըստ էության, պետք է լինի։
Անահիտ Մանասյանը, որը շարունակում է «հաջողությամբ» քանդել Արման Թաթոյանի ջանքերով միջազգային ամենաբարձր մակարդակի հասած օմբուդսմենի ինստիտուտը, բացարձակապես ոչնչով չի տարբերվում փաշինյանական ցանկացած այլ պաշտոնյայից։ Եվ ճիշտ նրանց պես կատարում այսօր երկրի ներսում իշխանությունների հիմնական խնդիրը. ձևացնել, թե Արցախի կորստի և արցախցիների տեղահանման մեջ սարսափելի ոչինչ չկա, ամեն ինչ նորմալ է և չարժե անհանգստանալ, մենք չենք ապրում մեր նորագույն պատմության ամենաողբերգական շրջանը և կանգնած չենք արդեն ողջ Հայրենիքը կորցնելու իրական վտանգի առջև։ Եվ ընդհանրապես, պետք է անհոգ պատրաստվել Ամանորին՝ անտեսելով թվարկված ամենը…
Ուստի կարելի է միանգամայն հանգիստ բանկետի գնալ եվրոպացիների հետ՝ ջանադրաբար չնկատելով հրապարակում հավաքված և Բաքվի ու Երևանի հանցավոր ռեժիմներից Հայաստանի քաղաքացիների իրավունքները պաշտպանել պահանջող մարդկանց։ Եվ դրանով իսկ հերթական անգամ խայտառակել ու ոտնակոխ անել Մարդու իրավունքների պաշտպանի բարձր կոչումը, որի հետ սույն տիկինը երբևէ որևէ առնչություն չի ունեցել, չունի և չի էլ ունենա: