«Հրապարակ». WHATSAPP-ԻՑ ՄԻ ՕԳՏՎԵՔ
«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե գաղտնալսումների մրցույթ կազմակերպվեր աշխարհում, ապա Հայաստանի իշխանությունները հաստատ առաջին տեղը կզբաղեցնեին։
Նրանք շարունակ կատարելագործում են գաղտնալսումների համակարգերը, նոր տեխնիկա են բերում և նորանոր կառույցների են գաղտնալսելու հնարավորություն ընձեռում, որ խաչաձև ստուգումներով պարզեն, թե գաղտնալսող կառույցները՝ ԱԱԾ-ն, հակահետախուզությունը, հակակոռուպցիոնը և այլն, ինչ են խոսում իրենց մասին և ինչքանով են ստացված տեղեկատվությունը զեկուցում իրենց։
Այս մասին, իհարկե, ՀՀ բնակչության մեծ մասը գիտի, ուստի կապի պարզ միջոցներից մարդիկ հիմնականում հրաժարվել են և հաղորդակցվում են կապի այլընտրանքային միջոցներով, բջջային հավելվածներով․ WhatsApp, Telegram, Viber, Signal, որոնք առավել պաշտպանված են:
Վստահելի աղբյուրից տեղեկացանք, որ վերջերս ՀՀ իշխանությունը ստացել է WhatsApp հաղորդակցության միջոց մուտք գործելու բոլոր հնարավորությունները, և այս ցանցում կատարվող բոլոր հեռախոսազրույցներն ու հաղորդագրություններն այլևս հասանելի են պետական կառույցներին։ Այսինքն, WhatsApp-ն այժմ նույնքան հասանելի է, որքան սովորական բջջային խոսակցություններն ու հաղորդագրությունները»: